Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական եւ մայրական մահացության ցուցանիշների աննախադեպ անկում է արձանագրվել

Փետրվար 14,2014 14:40

Այս տարի Հայաստանը գրանցել է դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից երբեւէ գրանցված մայրական եւ մանկական մահացության ամենացածր ցուցանիշները: Մանկական եւ մայրական մահացության ցուցանիշների աննախադեպ անկումը առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը պայմանավորում է առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացվող ծրագրերով, ինչպես նաեւ այդ ոլորտում բյուջեից տրամադրվող գումարների շարունակական աճով: Տիկին Սարիբեկյանի խոսքերով՝ եթե 2007 թվականին մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային օգնությանը հատկացվող գումարները եղել են 2,3 միլիարդ դրամ, ապա այսօր այդ գումարը եռապատկվել է՝ դառնալով 6,75 միլիարդ դրամ: Կարինե Սարիբեկյանի ներկայացմամբ՝ մահացության նվազման հարցում մեծ դեր է խաղացել 2008-ից՝ ծննդօգնության հավաստագրի, 2011 թվականից էլ երեխաների առողջության հավաստագրի ներդրումը:

Ըստ տիկին Սարիբեկյանի՝ առաջին անգամ մեր երկիրը մայրական առողջության ոլորտում գրանցել է 20 պրոմիլեից ներքեւ մայրական մահացության ցուցանիշ՝ այն դեպքում, երբ 2000 թվականին այդ ցուցանիշը եղել է մոտ 40 պրոմիլե:

Մայրական մահացության ցուցանիշը հաշվարկվում է 100 հազար կենդանի ծննդի նկատմամբ: Մասնագետի գնահատմամբ՝ ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանը բավականին լավ դիրքերում է, սակայն Եվրամիության երկրների համեմատ դեռեւս անելիքներ շատ ունենք: Ծննդօգնության հավաստագրերի ներդրումից ի վեր 10 անգամ էլ կրճատվել են ոչ պաշտոնական վճարումները: 2012-2013թթ. ընթացքում ծննդօգնության հավաստագրերի տեղայնացման արդյունքում էլ Երեւանում ծննդաբերած մարզային ծնունդների թիվը 25 տոկոսով նվազել է, այսինքն՝ ըստ Կ. Սարիբեկյանի, այդքան ծնունդ մնացել է մարզերում:

Նշենք, որ ծննդօգնության հավաստագրերի տեղայնացման նպատակը հենց այն էր, որ մարզերի հղի կանայք մարզերում էլ ծննդաբերեն, որպեսզի նրանց համար պետության վճարած գումարները հենց մարզերում էլ մնան եւ ուղղվեն տվյալ բուժհիմնարկի զարգացմանը:

Դիտարկելով մարզ-Երեւան կտրվածքով ծնունդների համամասնությունը՝ մեր զրուցակիցն ասաց, որ 2011-12թթ. ընթացքում մարզերից Երեւանում ծննդաբերելու հետեւանքով մարզերում 1026 ծնունդ պակաս է գրանցվել, Երեւանում էլ՝ 560 ծնունդ ավելի: Սակայն հավաստագրերի տեղայնացումից հետո՝ անցյալ տարվա ընթացքում մարզերում ծնունդների պակասը ընդամենը 308 է եղել, իսկ Երեւանում էլ պակասել է 300 ծնունդով: Չնայած այդ արդյունքներին՝ տիկին Սարիբեկյանը վստահեցրեց, որ եթե մարզում բնակվող հղի կինը խնդիր է ունեցել ու բժշկի կողմից ցուցում՝ Երեւանում ծննդաբերելու, ապա ոչ մի խոչընդոտ չի եղել, եւ նա ծննդաբերել է մայրաքաղաքում: Կ. Սարիբեկյանի ներկայացմամբ՝ երեխաների առողջության հավաստագրերի ներդրումից հետո բուժօգնության մատչելիության զգալի բարելավում է արձանագրվել, ինչն էլ, իր հերթին, նպաստել է մանկական մահացության ցուցանիշների կրճատմանը: Այս տարի մանկական մահացության ցուցանիշը գրանցվել է 10 պրոմիլեից ներքեւ՝ կազմելով 9,8 պրոմիլե, ինչը նշանակում է, որ 1000 ողջ ծնված երեխաներից մինչեւ 1 տարեկանը մահանում է 9,8 երեխա: Վերջին երեք տարիների ընթացքում մանկական մահացության տարեկան ցուցանիշը նվազել է 16%-ով: Այս թիվը ներառում է նաեւ հիվանդանոցային եւ տնային մահացության ցուցանիշները, որոնք նույնպես կրճատվել են: 2010 թվականին հիվանդանոց ընդունված 100 երեխայից մահացել է 3 տոկոսը, 2012 թվականին՝ 2,1 տոկոսը, այսինքն՝ գրեթե 30 տոկոսով մահացության ցուցանիշը պակասել է:
Մինչ շուրջօրյա մահաբերության ցուցանիշն էլ (երեխան ընդունվեց հիվանդանոց եւ առաջին 24 ժամվա ընթացքում մահացավ), տիկին Սարիբեկյանի տվյալներով, 2010 թվականի համեմատությամբ 2012-ին չորս անգամ նվազել է՝ 15,4 տոկոսից դառնալով 3,6 տոկոս. «Երբ հաշվեցինք, 2013-ին մոտ 80 երեխա պակաս է մահացել նախորդ տարվա համեմատ»:
Տնային պայմաններում 0-1 տարեկան երեխաների մահացությունը 2010-12թթ. ընթացքում նվազել է 37 տոկոսով՝ այն դեպքում, երբ 2008-10թթ. տնային մահերն ընդամենը 3 տոկոսով են նվազել: 0-1 տարեկան երեխաների մահացությունը 10,7-ից կրճատվել է՝ դառնալով՝ 9,8:

1-5 տարեկան երեխաների շրջանում էլ արձանագրված դրական ցուցանիշների համաձայն՝ 2013 թվականին այս տարիքային խմբի երեխաների մահացությունը 1000 ողջ ծնված երեխայի հաշվով կազմել է 1,3 պրոմիլե՝ 2010 թ.-ի 2,1 պրոմիլեի փոխարեն:
Խոսելով սկրինինգային, կանխարգելման ծրագրերից, որոնց նպատակն է վաղ հայտնաբերել դեռեւս կլինիկական դրսեւորում չունեցող հիվանդությունները, Կարինե Սարիբեկյանն ասաց, որ ներկայումս նախարարությունը բնածին արատների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սկրինինգ ծրագրեր է իրականացնում՝ բյուջետային միջոցների եւ միջազգային կազմակերպությունների շնորհիվ: Տիկին Սարիբեկյանը վստահեցրեց, որ սկրինինգի շնորհիվ վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժման արդյունավետությունը մի քանի անգամ ավելի է, իսկ ծախսատարությունը՝ մի քանի անգամ պակաս նույն հիվանդության ուշ հայտնաբերման դեպքում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728