Վերիշենի երիտասարդական կենտրոնում այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև։
Եռակողմ հուշագրի նպատակն է պետության, տեղական ինքնակառավարման մարմնի և քաղհասարակության համագործակցությամբ երիտասարդական կենտրոնի զարգացմանն աջակցելը, ինչպես նաև երիտասարդների համար ստեղծարար, զարգացնող և ակտիվ միջավայր ձևավորելը՝ համայնքային կյանքում նրանց առավել ներգրավվածությունն ապահովելու նպատակով։
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և «Վիննեթ Գորիս զարգացման հիմնադրամի» ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հուշագրի հիմքում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներն ու առաջնահերթություններն են։ Կողմերը պարտավորվում են համատեղ համագործակցությամբ շարունակաբար զարգացնել համայնքներում գործող երիտասարդական միջավայրերը՝ կարևորելով դրանց դերը երիտասարդների համար տարբեր ծառայությունների մատուցման գործում։
Կարդացեք նաև
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, ակտիվ քաղաքացիության խթանմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, ինչպես նաև հնարավորությունների և առկա խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Հուշագրի ստորագրումից հետո ներկաները շրջել են երիտասարդական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին։
Ի դեպ, Վերիշենի երիտասարդական կենտրոնում երիտասարդները ոչ միայն սովորում ու նախաձեռնություններ են իրականացնում, այլև ստեղծում սեփական մեդիա հարթակները։
Այսօր նրանց փոդքաստի հյուրը նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որի հետ երիտասարդները խոսել են կրթական ծրագրերի, համայնքային կյանքի ակտիվացման և երիտասարդական հնարավորությունների մասին։
Կենտրոնը ստեղծվել է 2024 թվականին հիմնադրամի ջանքերով։ 2025 թվականին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերանորոգվել են ենթակառուցվածքները:
Այսօր հիմնադրամը նույն տարածքում կազմակերպում և իրականացնում է թե՛ երիտասարդական կենտրոնի, թե՛ սոցիալական ձեռնարկության գործունեություն։ Սոցիալական ձեռնարկությունը ձևավորվել է հենց երիտասարդների նախաձեռնությամբ։ Այն մի կողմից եկամտի հնարավորություն է ստեղծում գյուղաբնակ կանանց համար, մյուս կողմից երիտասարդներին ներգրավում է տարբեր գործընթացներում՝ դիզայնի, գրաֆիկական ձևավորման, վաճառքի հարթակների ակտիվացման և այլ աշխատանքներում։
Ներկայում կենտրոն հաճախում է 70-80 սան, որոնք ներգրավված են տարբեր երիտասարդական ակումբներում՝ մշակութային, լրագրության, կամավորական, արշավական և այլ ուղղություններով։ Ակումբները ձևավորվում են երիտասարդների հետաքրքրություններից ելնելով, և յուրաքանչյուրն ունի իր նախասիրություններին համապատասխան խմբին միանալու հնարավորություն։
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Կապանի երիտասարդական կենտրոն, հանդիպել և զրուցել տեղի երիտասարդների հետ։ Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Կապանի երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է 2024 թվականին և ծառայում է կրթական, մշակութային ու երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ ԿԳՄՍՆ կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում կենտրոնը համալրվել է անհրաժեշտ գույքով, տեխնիկայով և երաժշտական սարքավորումներով։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Կապանի երիտասարդական կենտրոնի գործունեությունը։
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր գաղափարներ կարող են ծնվել տարբեր բնակավայրերի ստեղծագործող երիտասարդներին միմյանց հետ կապելու, համատեղ ցուցահանդեսներ և ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հատկապես կարևորել է կենտրոնի արվեստային ուղղվածությունը՝ նշելով, որ հնարավոր է համագործակցություն հաստատել նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ՝ եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։
ՀՀ ԿԳՄՍՆ


















































