Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ուսանողությունը բոլոր երկրներում դիտվել և դիտվում է որպես սոցիալական խոցելիություն ունեցող խավ»

Մարտ 14,2014 17:11

Այսօր Կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և «Այ Փի Էս Սի» (IPSC) Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ: Նրանք ներկայացրին ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով 2013 թվ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինստիտուտի իրականացրած «Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության» արդյունքները:

«Ուսանողությունը բոլոր երկրներում դիտվել և դիտվում է որպես սոցիալական աջակցության կարիք ունեցող, սոցիալական խոցելիություն ունեցող խավ, որի նկատմամբ պետության ուշադրությունը պետք է առավել մեծ ծավալների և նպատակային քաղաքականության հանգեցնի»,- ասաց պրն Աշոտյանը:

Մինչ արդյունքներին անցնելը, պրն Աշոտյանը առանձնացրեց 3 հետևություն: «Առաջինը՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուսանողները սոցիալական խնդիրների բեռով տառապող խավ են: Երկրորդը՝ կառավարության առ այսօր իրականացրած քայլերը նպատակային են և համապատասխան ուսանողության հիմնական կարիքներին: Եվ երրորդը՝ կառավարությունը առավել մեծ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի հնարավորինս մեղմի ուսանողների սոցիալական բեռը, և սոցիալական կարիքների մաքսիմալ բավարարման քաղաքականություն իրականացնի»,- նշեց նախարարը:

Այնուհետև վերլուծաբան Սամվել Մանուկյանը ներկայացրեց արդյունքները: «Երկու հիմնական խնդիր կար ուսանողների սոցիալական աջակցության հետ կապված հարցերն ուսումնասիրելու ժամանակ: Առաջինը՝ պարզել, թե որքան են կազմում ուսանողները, որոնք ունեն սոցիալական աջակցության կարիք, սակայն չեն ստանում: Երկրորդը՝ դուրս բերել այն ուղղությունները, որոնցով հնարավոր է ուսանողների սոցիալական աջակցություն ցուցաբերել»,- ասաց պրն Մանուկյանը:

Վերլուծաբանը նշեց, որ ուսումնասիրությանը մասնակցել են պետական բուհերի առկա ուսուցմամբ սովորող 53808 ուսանող, որոնցից 34686 ուսանող սովորում է վճարովի համակարգում: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ վճարովի համակարգում սովորողներից 17207-ը ունի նույնպիսի բարեկեցություն, ինչպիսին զեղչային համակարգում ընդգրկված, առավել ոչ բարեկեցիկ ուսանողները: «Այսինքն՝ 17207 մարդ ևս պետք է զեղչային համակարգում ընդգրկված լինի: Սակայն ակնհայտ է, որ այդ քանակով ուսանողների հնարավոր չէ զեղչային համակարգում ընդունել, որովհետև բյուջետային միջոցներն անբավարար են»,- ասաց պրն Մանուկյանը: Իրենք առաջարկում են զեղչային համակարգում ընդգրկել սոցիալական նպաստառու ընտանիքներից զեղչային համակարգում չընդգրկված 3078 ուսանողներին:

Վերլուծաբանը նաև նշեց, որ ներկայումս 3378 ուսանող ունի հանրակացարանի կարիք: Եվ դրա տրամադրումը համարժեք է 2.8 միլիոն դոլարի աջակցությանը: Աջակցության մյուս ուղղությունը քաղաքային տրանսպորտի (Երևանում՝ նաև մետրոյի) ուսանողական աբոնեմենտների ներմուծումն է, ինչպես նաև՝ այլ բնակավայրերից համալսարան հասնելու և վերադառնալու համար ուսանողական տրանսպորտի հատկացումը: Հաջորդը ուսման վարձը ամսական կտրվածքով կամ ուսումնական կիսամյակի ընթացքում մուծելու հնարավորությունն է: Վերլուծաբանը նշեց, որ մյուս աջակցությունը գործում է անցած տարվանից: Դրանք պետական ծրագրի շրջանակներում բանկերի կողմից տրվող ուսանողական վարկերն են: Նա ասաց, որ ուսանողության մեծամասնությունը տեղյակ չէր այդ հնարավորությունից, իսկ եթե տեղյակ լիներ, կօգտվեր:

Հետազոտության հաշվետվությունն այստեղ (https://edu.am/DownloadFile/6601arm-Pp%5D.pdf )

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31