Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնյոթերորդ
Գլուխ երկրորդ
Կարդացեք նաև
ԱՆՀԱՍՑԵ ԺԱՄԱՆԱԿ
Էդ գաղափարական հատուկենտները մյուս բանաստեղծներիցս անհամեմատ անհավակնոտ էին, եւ չնայած անձամբ իրենք էին զույգ Իլյիչներին ու հատկապես Կոմկուսին ոտանավորներ ձոնում, միանգամայն այլ բանաստեղծներ էին պետական ու այլազան մրցանակներ ստանում, եւ կոմսոմոլի մրցանակն էլ ներառյալ, որովհետեւ էդ թվերին կոմսոմոլի մրցանակի հավակնորդներն իմ սերնդակիցներն էին, որոնք ընդհանրապես Իլյիչներին ու Կոմկուսին որեւէ տող չձոնեցին, եւ նմանապես ձեր խոնարհ ծառան էր հավակնորդ, եւ ձեր խոնարհ ծառան նմանապես որեւէ գաղափարական ձոն չգրեց. այսինքն, ինձ ու իմ սերնդակից բանաստեղծներին բախտ վիճակվեց ապրել ու ստեղծագործել մի ժամանակաշրջանում, երբ Սովետում սովետական գաղափարախոսությունը բանաստեղծներին ոչ միայն չէր պարտադրվում, այլեւ չէր էլ խրախուսվում, եւ մենք ոչ միայն Իլյիչներին ու Կոմկուսին բանաստեղծություններ չէինք ձոնում, այլեւ մի բան էլ հակասովետական բաներ էինք մոգոնում, ավելի ճշգրիտ՝ սովետական պոեզիային անհարիր բաներ, եւ, կարելի է ասել, ես էլ էի էդ գործով զբաղված, եւ գլավլիտի տղերքն էլ էին մեր գրածներն աչքի պոչով՝ իմիջիայլոց նայում, եւ ձեր խոնարհ ծառան տողատակերում լիքը ոչ սովետական մտքեր ու տրամադրություններ էր սղղացնում, եւ գլավլիտի տղերքն իմ գրածներից ձեւականորեն որոշ տողեր հանելով կամ փոխելով՝ գրածներս կնքում ու ուղարկում էին տպագրության, եւ հիմնականում մեծատառով գրածս Աստված բառն էին փոքրատառ դարձնում եւ ես էլ համաձայնվում ու հնազանդվում էի, որովհետեւ հասկանում էի, որ իրենք ի պաշտոնե պարտավոր էին ընդհանրապես հանել Աստված բառը, բայց իրենք ոչ թե հանում, այլ ընդամենը փոքրատառ էին դարձնում, եւ որոշ գրքերիս մեջ Աստված մեծատառով է գնացել, որովհետեւ ես մանավանդ էն թվերին շատ էի Աստված գրում, եւ ոնց էլ լիներ՝ դրանցից մի քանիսը գլավլիտի տղերքի աչքից պլստում էին, եւ չնայած շատ էի Աստված գրում, էդ չի նշանակում թե՝ էն թվերին ավելի հավատացյալ էի, եւ հիմա մտածում եմ, որ անհավատներն ավելի հաճախ են Աստծո անունը հոլովում ու չարաշահում, եւ իմ դեպքում էլ էր ոնց որ թե էդպես, եւ իմ դեպքում Աստված իմ ունեցածչունեցած դիսիդենտությունն էր, քանի որ սովետական պետությունն ու գաղափարախոսությունն Աստծո դեմ էին, եւ որպեսզի ես էլ անհնազանդ բանաստեղծ հանդիսանամ, Աստծո անունն էի շարունակ գրում ու տպում, որովհետեւ հակասովետական ու դիսիդենտական տրամադրություններ առանձնապես չունեի, քանի որ ջահել էի ու հիմնականում ապրելով էլ զբաղված, եւ չնայած իմ սերնդակից մյուս բանաստեղծներն էլ էին ջահել ու կյանքով լեցուն, նրանցից որոշների մեջ հակասովետական ու դիսիդենտական տրամադրություններն ավելի շատ էին, քան՝ իմ ու իմնմանների մեջ, եւ եթե իմ ու իմնմանների գրվածքների մեջ որոշ հակասովետական ու դիսիդենտական հնչերանգներ պատահում էին, դրանք ընդամենը ուրիշներից հետ չմնալու ճիգեր ու փորձեր էին, կամ՝ ընդամենը պատահականություններ, ու էդ պատահականությունները մեր ոտանավորների մեջ ահագին շատ էին, որովհետեւ եթե մի քիչ ազատ էիր մտածում, գրածիդ մեջ բնականաբար ու ինքնաբերաբար հակասովետական ու նույնիսկ դիսիդենտական հնչերանգներ էին հայտնվում, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ Սովետական Միություն կոչվող էդ պետությունն էդ թվերին իմ սերնդակից բանաստեղծների էդ տողատակերով գրածները ոչ միայն տպագրում ու դրանց հեղինակներին ճոխ-ճոխ հոնորարներ էր տալիս, այլեւ էդ հեղինակներին զանազան մրցանակներ էլ էր տալիս, եւ, փաստորեն, ի դեմս մեզ, իր ծոցում լիքը մանրմունր օձեր էր տաքացնում, ու երեւի նաեւ էդ էր պատճառը, որ էդ պետությունն անպաշտպան մնալով՝ էդքան անփառունակ վախճան ունեցավ, եւ հիմա, երբ էս անհաստատ ու երերուն մտքերս եմ արտահայտելով գրի առնում, մեր նորանկախ հայրենիքում նախընտրական պայքարը շարունակվում է, եւ հիմա՝ հենց էս պահին հ2-ով կոմունիստների առաջնորդ Թովմասյանն է խոսում, եւ հետաքրքիրն էն է, որ հավանաբար ինքն էլ է զգում ու գիտակցում, որ իր խոսելը միանգամայն իզուր ու անտեղի է, ու երեւի ինքը մեզնից լավ է հասկանում, որ առավոտից իրիկուն կոմունիստական ժամանակները գովաբանող հայ ընտրողներն էս անգամ էլ իրենց ձայները կտան բոլորին՝ կոմունիստներից բացի, ու ես էլ, որ քիչ առաջ Սովետի իմ բաժին ժամանակն էի կարոտաբաղձությամբ գովերգում, հիմա ալարում եմ հեռուստացույցի ձայնը բարձրացնել եւ լսել՝ ինչ է բարբառում ժամանակակից հայ կոմունիստների գերհոգնած առաջնորդը, որովհետեւ հասկանում եմ, որ ինչ էլ խոսի, միանգամայն իզուր ու ավելորդ է, քանի որ արդեն աշխարհի երեսից հիմնովին է վերացել էն աննախադեպ ու անկրկնելի պետությունը, որը բանաստեղծներին ճոխ-ճոխ հոնորարներ ու զանազան մրցանակներ էր տալիս, ընդ որում՝ ճոխ հոնորարներ ու զարմանազան մրցանակներ էր տալիս նաեւ էն բանաստեղծներին, որոնք առավոտից իրիկուն իրենց ոտանավորների հակասովետական տողատակերով էին պարծենում ու հպարտանում, եւ ես էլ էի էդ պարապսարապ պարծենկոտների շարքերը համալրում, եւ ես իմ անշնորհակալ սերնդի լիարժեք ներկայացուցիչն էի, եւ չնայած հիմնականում իմ սերնդի բանաստեղծներն էին իրենց գրվածքների խորհրդավոր ու հակասովետական տողատակերով հպարտացողներն ու պարծեցողները, այդուհանդերձ, ժողովուրդն ու ընթերցող հասարակությունը Սեւակին ու Շիրազին էին իբրեւ դիսիդենտ ու հակասովետական ընդունում ու ճանաչում, եւ առաջին հերթին Սեւակին՝ հետմահու, հետո նոր միայն՝ Շիրազին, որովհետեւ էս երկուսը, ի տարբերություն իմ սերնդի դիսիդենտ ու հակասովետական բանաստեղծների, ոչ միայն դիսիդենտ ու հակասովետական էին, այլեւ՝ չափազանց հայրենասեր:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ


















































