Լրահոս
Օրվա լրահոսը

Բրավո՛, «Առավոտ»

Օգոստոս 08,2014 13:45

Շնորհավոր տոնդ, բարեկամս: Դու դեռ ջահել ես, ընդամենը 20 տարեկան: Բայց հասուն, անիմանալի ճակատամարտերում թրծված, հաղթանակած զինվորի կեցվածք ունես: Դու ծնվեցիր, երբ մեր նորանկախ Հայաստան աշխարհն ազգային վերածնության մեծ թռիչքի էր պատրաստվում: Դու առաջին օրից զինվորագրվեցիր նոր, ազատ ու անկախ, ունևոր կյանքի կառուցմանը: Ցավոք, կյանքը չգրված օրենքներ ունի…

Իմ, քո, բոլորիս ղեկավար այրերն այլ ճանապարհով գնացին: Սեփականաշնորհման պատրվակով հիմնովին քանդեցին մեր երբեմնի ծաղկուն երկիրը, մաս-մաս, թիզ առ թիզ բաժանեցին իրար մեջ և 20 տարում երկիրը մատնեցին սովի ու աղքատության: Ծայր առավ արտագաղթը, երկրից հեռացավ մեր մտավոր ուժի սերուցքը: Դու առաջին օրից պայքարի ելար ընդդեմ չարի, անարդարության, կողոպուտի: Լրագրային բազմազան ժանրերով մեծ կռիվ սկսեցիր հանուն արդարության:

Այս դժվարին ճանապարհին սև, կարկտաբեր ամպեր կուտակվեցին, կայծակներ որոտացին: Սակայն բոլոր արհավիրքներին համառ ու համբերատար կերպով դիմակայեցիր քո գլխավոր խմբագիր Արա Աբրահամյանի հմուտ զորավարությամբ: Իմ դիտարկումներով՝ «Առավոտի» գլխավոր զենքը նրա վերլուծական մտածողությունն է. դատարկ կրակոցներ, անհիմն մեղադրանքներ, փաստազուրկ հրապարակումներ չկան քո էջերում: Քաղաքական շահարկումներին, հաճախ գզվռտոցներին, տալիս ես սթափ ու անկողմնակալ գնահատականներ: Քեզ ամենից շատ մտահոգում են արտագաղթը, ազգային անվտանգությունը, ժողովրդի կյանքը, կենցաղը, ապրելակերպը, հոգեբանությունը:

Որպես վետերան ժուռնալիստ, ես ողջունում եմ քո խիզախումներով լի անցած ճանապարհը: Վստահ եմ, որ մադրասյան «Ազդարարից» սկիզբ առած հայ մամուլի պատմության մեջ իր արժանի տեղը կգրավի վաղորդյան տրամադրությամբ շնչող «Առավոտը»:

Անդրանիկ Ավագյան
վետերան ժուռնալիստ
«Գյուղական հորիզոններ» ամսագրի գլխավոր խմբագրի նախկին տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031