Պարույր Փափազյանը կալանքի տակ է 2013 թվականի մայիսից
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2013 թվականի մարտի 22-ին՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի կողմից:
Մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2013 թ. դեկտեմբերի 9-ին, որը նույն օրը ստացվել է դատարանում:
Դատաքննությամբ պարզվել է, որ Պարույր Փափազյանը «ԿԲՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Բոգդան Կիրակոսյանի՝ 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 3 հրամանով աշխատանքի է ընդունվել նույն ընկերության գրավատանը՝ որպես ոսկերիչ-փորձագետ: Նրա պարտականությունների մեջ են մտել քաղաքացիներից գրավադրվող ոսկե զարդերն ընդունելը, դրանց հարգն ու կշիռը պարզելը, զարդը գնահատելը, գրավառուների հետ վարկային պայմանագրեր կնքելը, վարկի գումար տրամադրելը եւ զարդերը գրավատան պահոց փոխադրելը:
Կարդացեք նաև
Ըստ գործի նյութերի, 2011 թվականի մարտից մինչեւ 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Պարույր Փափազյանը «խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, միասնական հանցավոր մտադրությամբ միավորված», օգտագործելով գրավատան հաճախորդների, ինչպես նաեւ իր գնած ավտոմեքենաները վարձակալած վարորդների անձնագրային տվյալները, կազմել էր ոսկու գրավադրմամբ 249 վարկային կեղծ պայմանագրեր: Դրանք նա կնքել եւ վարկառուների փոխարեն ստորագրել էր, որպես վարկի ապահովման միջոց՝ կեղծ պայմանագրերին կցել հասարակ մետաղից պատրաստված 354 զարդ, ինչպես նաեւ պայմանագրերում նշված բնութագրական հատկանիշներին չհամապատասխանող 10 հատ ոսկե զարդեր, եւ այդ պայմանագրերի հիման վրա գրավատան դրամարկղից հանելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 42.190.000 ՀՀ դրամ գումար, խարդախությամբ հափշտակել է այն:
«ԿԲՄ» ՍՊԸ-ից հափշտակված գումարների մի մասով Պարույր Փափազյանը երեւանաբնակ Հայկ Աբրահամյանից տարաժամկետ վճարման եղանակով գնել էր «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ընկերության ոսկերիչ-փորձագետը միաժամանակ կրելով նյութական պատասխանատվություն՝ ընկերության գրավատան հաճախորդների կողմից գրավադրված ոսկյա զարդերն ընդունելու եւ պահոց հանձնելու համար, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ 3.389.850 ՀՀ դրամ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր լիազորությունները «ԿԲՄ» ՍՊԸ-ի շահերին հակառակ եւ իր օգտին օգտագործելով, գրավատան հաճախորդների պայմանագրերի հիման վրա ստացել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 3.345.600 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, որոնք չի հանձնել պահոց եւ յուրացնելով հափշտակել է:
Ըստ գործով ձեռք բերված ապացույցների, նա դրանց դիմաց գրավատուներին «ԿԲՄ» ՍՊԸ-ի դրամարկղից վճարելով պայմանագրերով նախատեսված ընդհանուր՝ 3.169.700 ՀՀ դրամ վարկի գումար, կազմակերպության օրինական շահերին պատճառել է էական վնաս, որն ընկերության համար առաջացրել է ծանր հետեւանքներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Պարույր Փափազյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել եւ խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ ինքը 2010 թվականի ամռանից աշխատել է Րաֆֆու փողոցի թիվ 29 հասցեում գործող գրավատանը՝ որպես ոսկերիչ-փորձագետ: Համաձայն ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրի, իր իրավասությունների մեջ է մտել քաղաքացիների հետ ոսկու գրավով վարկային պայմանագրերի կնքումը, նրանցից գրավադրվող ոսկյա զարդերի ընդունումը, ստուգումը, գնահատումը եւ տեղափոխումը գրավատան տարածքում գործող պահոց:
Քանի որ գրավատանը գրավ դրվող զարդերի ստուգմամբ ու գնահատմամբ միայն Պարույր Փափազյանն է զբաղվել, այդ պատճառով հաշվապահ Ելենա Հարությունյանը եւ տնօրեն Բոգդան Կիրակոսյանը չեն ենթադրել, որ ինքը գրավ է դնում հասարակ զարդեր: Նա այդ ընթացքում կատարել է ամսական վճարումներ, այն պայմանագրերը, որոնց ժամկետը մոտեցել է ավարտին, վերաձեւակերպել է այլ անձանց անվամբ: Ամբաստանյալը տարբեր անձանց անունից կնքել է բազմաթիվ կեղծ պայմանագրեր, որոնց միջոցով գրավատնից հափշտակել է իր մոտավոր հաշվարկներով՝ շուրջ 30-32 միլիոն ՀՀ դրամ գումար:
Այդ գումարներով «նպատակային» վերանորոգել էր իր տունը, գնել է մի շարք ավտոմեքենաներ, բայց քանի որ չի կարողացել վճարել բոլոր մեքենաների գումարները, դրանք վերադարձրել է սեփականատերերին, բացառությամբ «Սեզար» տաքսի ծառայության տնօրեն Հայկ Աբրահամյանից գնած երկու հատ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների: «Բացի այդ, եղել են դեպքեր, երբ իր գրավադրած հասարակ զարդերի վարկային պայմանագրերի ժամկետներն ավարտվել են եւ գրավատան տնօրինությունը հանձնարարել է իրեն այդ զարդերը տանել վաճառքի ու, որպեսզի չբացահայտվի իր կողմից հասարակ զարդ գրավ դնելու հանգամանքը, ինքը վերցրել է գրավատան հաճախորդների կողմից գրավ դրված ոսկյա զարդերը, դրանք առանց տնօրինության գիտության հանել փաթեթներից ու գրավ դրել «Ֆաստ կրեդիտ» գրավատան «Մալաթիա» եւ Տիգրան Մեծի պողոտայում գործող մասնաճյուղերում ու դրանց դիմաց ստացած գումարը հանձնել է գրավատան տնօրինությանը՝ դրանք ներկայացնելով որպես աճուրդից ստացված գումար»,- սա ըստ գործի նյութերի:
2013 թ. մարտի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները պլանային ստուգում են կատարել գրավատանը: Ստուգումների ժամանակ նրանք գրավատան տարածքում գտնվող պահոցում հայտնաբերել են պոլիէթիլենային դատարկ փաթեթներ` պիտակներով հանդերձ. «Դրանք եղել են այն փաթեթները, որոնց մեջ եղած ոսկյա զարդերն ինքը գրավ է դրել «Ֆաստ կրեդիտ» գրավատանը: Այդ փաթեթները Կենտրոնական բանկի աշխատակիցներին կասկածելի են թվացել ու նրանք պահանջել են ներկայացնել գրավատանը գրավադրված բոլոր ոսկյա զարդերը»:
Ի դեպ, գրավատան աշխատակիցները «Կոնվերս բանկի» պահոցից բերել են բոլոր ոսկյա զարդերը, որից հետո Կենտրոնական բանկի աշխատակիցներն ստուգել են բոլոր զարդերը՝ դրանց նկարագիրը, քաշն ու հարգը: Այդ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են Պարույր Փափազյանի կողմից գրավադրված հասարակ զարդերը:
15.03.2013 թվականին գրավատանը ՍՊԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է ստուգում: Ստուգման աշխատաքներին ներկա են գտնվել Բոգդան Կիրակոսյանը, հաշվապահ Ելենա Հարությունյանը, աշխատակիցներից՝ Սահակ Զաքարյանը: Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո, գրավատան տնօրեն Բոգդան Կիրակոսյանը Պարույր Փափազյանին չի թույլատրել հեռանալ գրավատնից, պատճառաբանելով, որ նա պետք է ամբողջությամբ վերադարձնի հափշտակված գումարը, որը կազմում է շուրջ 40 միլիոն ՀՀ դրամ:
Ոսկերչին առաջարկել են վաճառել իր, ինչպես նաեւ զոքանչի, մորաքրոջ բնակարանները: Գրավատնից ամբաստանյալը հնարավորություն չի ունեցել դուրս գալու, քանի որ մուտքի դուռը փակ է եղել բանալիով, իսկ դռան մոտ նստած է եղել Բոգդան Կիրակոսյանի քեռին` Լյոնյան` տուժողներից մեկը: Գրավատանը գտնվելու ժամանակ Պարույրը իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է իր հորաքրոջ որդուն` Վահան Հովհաննիսյանին եւ փեսային` Արտավազդ Մազմանյանին: Տարբեր ժամանակահատվածներում նրանք եկել են գրավատուն եւ զրուցել պարտքի մարման վերաբերյալ հարցի շուրջ: Ըստ ամբաստանյալի, «Գրավատանն իր կամքին հակառակ ինքը գտնվել է 15.03.2013 թվականի ժամը 23:00-ից մինչեւ 16.03.2013 թվականի ժամը 08:30-ն, որից հետո Բոգդան Կիրակոսյանի եւ Ելենա Հարությունյանի հետ գնացել են իրենց տուն, որտեղ մինչեւ ժամը 10:00-ի սահմանները իր մոր, քրոջ եւ հորաքրոջ ներկայությամբ զրուցել են պարտքի մարման վերաբերյալ, սակայն համաձայնության չգալով, Ելենա Հարությունյանը եւ Բոգդան Կիրակոսյանն առաջարկել են իրենց հետ դուրս գալ տանից, սակայն ինքը հրաժարվել է, որից հետո նրանք հեռացել են»: Գրավատանը գտնվելու ժամանակ Պարույր Փափազյանին չեն ծեծել եւ իր նկատմամբ բռնություն չեն գործադրել, միայն պահանջել են կարճ ժամկետում մարել առաջացած պարտքը, որի մարման հստակ ժամկետ չի սահմանվել:
Վկաները բազմաթիվ են, վեց հատոր գործով անցնում են տասնյակ տուժողներ, մեղադրանքի կողմը պահանջում է ավելի խիստ պատիժ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.10.2014


















































