Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի 8-րդ նիստը, որի թեման այս անգամ եղել է «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին»:
Մի կողմ եմ թողնում թեման, մի կողմ եմ թողնում, թե ինչ հերթական պրոպագանդա են արել այս անգամ Հայաստան չժամանած ոչ անհայտ Կեսիլյովի գործընկեր-ռեզիդենտները: Անդրադառնամ մի այլ խնդրի, որի մասին միշտ ասում ենք, սակայն այս ակումբ կոչվածի անդամների ուղեղներին չի հասնում: Խոսքը այդ միջոցառման լեզվի մասին է:
Ինչպես վկայում է «Առավոտի» թղթակիցը, նիստն անցկացվում էր ռուսերենով, եւ այդ լեզվով էին խոսում նաեւ ԱԺ պատգամավորները: Սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտում է, քանզի այն հռչակում է՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է» (hոդված 12):
Սակայն արի ու տես, որ այս նիստին մասնակցած պատգամավորները (հայերը) համարում են, որ իրենք ոչ մի խախտում թույլ չեն տալիս: «Առավոտի» թղթակցի հետ զրույցում պատգամավոր Արտակ Զաքարյանն ասել է, թե դա ոչ պաշտոնական շփում է, եւ ավելացրել է. «Բոլոր պատգամավորները ունեին հնարավորություն խոսելու իրենց մայրենի լեզվով, բայց կխնդրեի չշփոթել ակումբը պաշտոնական միջոցառումների հետ»:
Կարդացեք նաև
Հիմա բա չասե՞ս՝ «պարո՛ն, եթե ոչ պաշտոնական շփում է, ինչո՞ւ եք էդ ոչ պաշտոնականը պաշտոնական վայրում՝ Ազգային ժողովում, անցկացնում, գնայիք ու ձեր պատգամավորական խմբակցության անդամների սիրած որեւէ քյաբաբնոցում անեիք. այ, դա կլիներ իսկական ոչ պաշտոնական շփում»:
Իսկ նիստը վարողը՝ «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահն էլ պատճառաբանել է, թե պայմանավորվել են ռուսերենով հաղորդակցվել՝ ժամանակը տնտեսելու համար: Այոոոո, «հիմնավոր» պատճառաբանություն է…
Բայց… Նորից հարց՝ իսկ եթե դա լիներ հայ-չինական ակումբ, ապա երեւի պետք է չինարենո՞վ հաղորդակցվեիք… Դե, ժամանակ տնտեսելու համար… Պատկերացրի՞ք, օրինակ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին չինարեն «Կրասնայա Մոսկվա» արտասանելիս…
Հայաստան-Չինաստան բարեկամական խումբ ասացի եւ որոշեցի ստուգել, թե քանի այդպիսի խումբ կա խորհրդարանում: Ուշադրություն, ՀՀ Ազգային ժողովը ձեւավորել է 54 բարեկամական խումբ՝ գումարած 5 միջխորհրդարանական հանձնաժողով: Ընդ որում, որոշ բարեկամական խմբեր եռյակով են (օրինակ՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա): Ի դեպ, չալարեցի եւ ուսումնասիրեցի այդ խմբերի կազմը: Այսպես, Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամ է գեներալ Սեյրան Սարոյանը:
Անմիջապես աչքիս առաջ երեւաց հերթական նիստը վարողը, որ հարգարժան գեներալին խնդրում է ժամանակը տնտեսելու համար կորեերեն խոսել… Երեւի ավելի հեշտ է կորեացուն հայերեն սովորեցնելը… Չմոռանամ ասել, որ այս խմբի ղեկավարը ոչ անհայտ հանրապետական Համլետ Հարությունյանն է, դե կորեերենին (ընդգծված ղարաբաղյան ակցենտով) նրա տիրապետելու մասին բոլորը գիտեն…
Կա նաեւ Հայաստան-Վիետնամ բարեկամության խումբ, որի նիստերին հավանաբար վիետնամերեն են «չրթում» Հեղինե Բիշարյանն ու Նաիրա Կարապետյանը:
Գիտեմ, գիտեմ՝ ինչ եք ասելու, թե՝ պարտադիր չէ այդ լեզուներն իմանալ, թե հանդիպումներին թարգմանիչներ են լինում եւ այլն: Բայց, կներեք, էդ դեպքում ինչո՞վ է հայ-ռուսական ակումբը առավել Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբից, ինչո՞ւ է պարտավոր ՀՀ ԱԺ պատգամավորը այդ ակումբում խոսել ռուսերեն…
Պարտավոր չէ, իհարկե, բայց «մեծ ախպոր» նկատմամբ քծնանքի հարց կա, որ Արտակ Զաքարյանը փորձում է քողարկել՝ պատճառաբանելով հանդիպման ոչ պաշտոնական լինելը, իսկ նիստը վարողը՝ ժամանակ տնտեսելը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետական իշխանության բարձրագույն մարմին է: Այդ հաստատությունում անցկացվող ցանկացած միջոցառում պետք է լինի հայերեն կամ երկլեզու, եռալեզու եւ այլն: Հակառակը Սահմանադրությունը ոտնահարել է նշանակում:
Եվ ես պիտի արձանագրեմ. հերթական անգամ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կամարների ներքո ռուսների ներկայությամբ տեղի է ունեցել խմբակային բռնաբարություն: Բռնաբարիչները հայ պատգամավորներ էին: Զոհը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2014


















































