Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Նորատ Տեր-Գրիգորյանցը քիչ է ծառայել բանակում»

Փետրվար 02,2015 17:00
shirxanyan

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ՝ գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում 1991-1992թթ. ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանն այսպես արձագանքեց գեներալի քննադատությանը. «Ինձ համար նորություն էր, որ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանից գնացել է վիրավորված: Նա քիչ է ծառայել բանակում, բավականին քիչ: Եվ զինադադարի կնքման գործողությունների նախապատրաստմանն ինքը չի մասնակցել՝ այստեղ չլինելու պատճառով: Ինքը լուրջ ներդրում ունի բանակի կայացման գործում, բայց զինադադարի հետ ինքը կապ չունի»:

Ըստ Վահան Շիրխանյանի՝ գեներալի նեղացածության պատճառը բոլորովին էլ զինադադարի պայմանագիրը չի եղել. «Այդ ժամանակ Հայաստանում կային մի քանի գեներալներ: Առաջին՝ Գուրգեն Դարիբալթայան, երկրորդը՝ Նորատը եւ երրորդը՝ Անդրեասյանը: Հզոր դեմքեր՝ բոլոր առումներով: Կային անհամաձայնություններ գեներալների միջեւ՝ բանակի կառուցման, տակտիկայի, ստրատեգիայի առումով: Երբ որոշումն ընդունվում էր նրանցից մեկի առաջարկով, դա երբեմն լինում էր ոչ Նորատ Տեր-Գրիգորյանցի առաջարկը: Այստեղ կարող են լինել ինչ-որ բաներ: Բայց զինադադարի հետ ես չեմ կապում: Զինադադարի պայմանագիրը կնքվեց այնպիսին, ինչպիսին պիտի կնքվեր, եւ ուրիշ տարբերակ չկար այդ ժամանակ: Դրա վրա աշխատում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Ռուսաստանի մասնագետները: Բազմաթիվ քննարկումներ, բազմաթիվ ուղղումներ են արվել: Իհարկե, կարելի էր զինադադարի պայմանագիր չկնքել, պատերազմը շարունակել եւ Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիա: Բայց դա իդեալական տարբերակն էր, որն աշխարհը թույլ չէր տա: Գիտեք, որ մեր հաղթանակը եղել է ի հեճուկս եվրոպական գրեթե բոլոր երկրների, ի հեճուկս ԱՄՆ-ի: Իրենք ամեն կերպ աշխատում էին մեզ կանգնեցնել, իսկ հետագայում աշխատում էին ստիպել հանձնել այդ հողերը: Նրանք աշխատում էին ամեն ինչ անել, որ փոքր պետությունը հաղթանակ չտանի այս աշխարհում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728