Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՆՈՒՆ

Փետրվար 13,2015 10:25
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսունհինգերորդ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՆՈՒՆ

Եվ Չուգունի նախկին համախոհը  մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ Հրաչը լավ ա պարկետ խփում», եւ Հովհաննեսը փռթկացնելով ասաց՝ «ես էլ մեղավոր չեմ, որ լավ ա բանաստեղծություն գրում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «վերջը պարզվելու ա, որ համ որպես պարկետչիկ ա միջակություն, համ էլ՝ որպես բանաստեղծ», եւ նախկին համախոհը ժպտալով ասաց՝ «ես կարամ երաշխավորեմ, որ ինքը որպես պարկետչիկ հեչ էլ միջակություն չի», եւ Հովհաննեսը ժպտալով ասաց՝ «ես էլ որպես բանաստեղծ կարամ երաշխավորեմ», եւ Չուգունի նախկին  համախոհը ժպտալով Չուգունին  ասաց՝ «հինգ տարի առաջ ա ինքը մեր պարկետը խփել, ու էս հինգ տարվա ընթացքում մի հատիկ պարկետ պոկ չի էկել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը քեզ ա լավություն արել, դու էլ իրան ես լավություն անում», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու  Չուգունին ասաց՝ «դու լավ  գիտես, որ  պարկետի փողը մի բան էլ ավելով  եմ տվել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիշում եմ», եւ նախկին համախոհը Չուգունին ասաց՝ «որ հիշում ես, ինչի՞ ես ավելորդ խոսում», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ավելորդ խոսացել», եւ Հովհաննեսը թարս նայեց Չուգունին ու ասաց՝ «էսօր ինչ խոսացել ես, ծերից ծեր ավելորդ ես խոսացել», եւ Չուգունը  մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ուրիշ վախտ ինքն ա մի գլուխ շիրա տալի», եւ նախկին  համախոհը Չուգունին հարցրեց՝ «ի՞նչ եմ շիրա տալի», եւ Չուգունն իր նախկին համախոհին ասաց՝ «ուրիշ վախտ դու ես բողոքում», եւ նախկին համախոհը հարցրեց՝ «ի՞նչ եմ բողոքում», եւ Չուգունը փնթփնթալով  ասաց՝ «ասում ես՝ Հովհաննեսը դրան  Բայրոն ա սարքել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քո խոսքերն են», եւ նախկին համախոհը փռթկացնելով Չուգունին հարցրեց՝ «Հովհաննեսն ո՞ւմ ա Բայրոն սարքել», եւ Չուգունը պատասխանեց ու ասաց՝ «պարկետչիկին», եւ նախկին համախոհը փռթկացնելով Չուգունին հարցրեց՝ «էդ պարկետչիկն անուն չունի՞», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն էլ ի՜նչ անուն ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ըսենց որ շարունակվի, շուտով  համաշխարհային անուն կունենա», եւ Հովհաննեսը խոսեց ու Չուգունին ասաց՝ «գիտես թե՝ համաշխարհային անուն ունեցողներն իրանից լավն ե՞ն», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, իրանց Հովհաննես Մելքոնյանը չի անուն դարձրել», եւ նստածներս ապշահար իրար նայեցինք, որովհետեւ Չուգունի ասածն ինչքան որ  Պարկետչիկ Հրաչին էր կպնում, մի էդքան ու ավելի էլ անձամբ Հովհաննես Մելքոնյանի դեմ էր, եւ երբ Չուգունն ասաց՝ «համենայն դեպս, իրանց Հովհաննես Մելքոնյանը  չի անուն դարձրել», ներկաներս ապշահար իրար նայեցինք, որովհետեւ տվյալ միջավայրում ընդունված չէր Հովհաննեսի դեմ խոսել՝ ոչ դեմդիմաց, ոչ էլ նույնիսկ հետեւից, եւ երբ Չուգունն ասաց՝ «համենայն դեպս, իրանց Հովհաննես Մելքոնյանը չի անուն դարձրել», եւ երբ վկաներս ապշահար իրար նայեցինք, Չուգունն զգաց ու հասկացավ, որ բավական անզգույշ ու աննրբանկատ է արտահայտվել, բայց արդեն ուշ էր, եւ նախկին համախոհն առիթից օգտվելով՝ արտահայտվեց ու Չուգունին ասաց՝ «գիտես թե՝ Հովհաննեսի մակարդակի գրողներն արտասահմանում թափած ե՞ն», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «ես կարող ա՞ ասել եմ՝ թափած են», եւ նախկին համախոհն ասաց՝ «եթե Հովհաննեսն  անգլերեն գրեր, շուտվանից էր Նոբելյան ստացել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու նախկին համախոհին ասաց՝ «դու պիտի՞ ինձ Հովհաննեսի  արժանիքները բացատրես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես Հովհաննեսի արժանիքները  բոլորից լավ գիտեմ», եւ նախկին համախոհը Չուգունին ասաց՝ «հեչ չի զգացվում, որ գիտես», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու նախկին համախոհին ասաց՝ «որովհետեւ ես քո պես պադխալիմություն չեմ անում», եւ Հովհաննեսն անսպասելի գոռաց՝ «վերջացրե՛ք», եւ Չուգունի նախկին համախոհը զարմացած նայեց Հովհաննեսին ու հարցրեց՝ «ո՞վ վերջացնի», եւ Հովհաննեսը խիստ տոնով պատասխանեց ու ասաց՝ «էրկուսդ էլ», եւ Չուգունի նախկին համախոհը Հովհաննեսին հարցրեց՝ «ի՞նչը վերջացնենք», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ անհեթեթ ու անկապ խոսակցությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «Հրաչից պրծաք, հիմի էլ անցաք ի՞նձ», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին ու հարցրեց՝ «քո մասին ո՞վ ա վատ բան ասել», եւ նախկին համախոհն ասաց՝ «մենակ էդ էր պակաս, որ Հովհաննեսի մասին էլ վատ բան ասեինք», եւ Հովհաննեսը փռթկացնելով նախկին համախոհին հարցրեց՝ «էդ որ Նոբելյանիս մասին խոսում ես, քո կարծիքով շատ լավ ա՞», եւ Չուգունը հարցրեց՝ «կարող ա՞ Հովհաննեսն էդ Նոբելյանին կարոտ ա», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե Հովհաննեսն ա կարոտ, այլ՝  հայ ազգը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդքան ուժեղ գրողներ ունենք, բայց ոչ մի հատ Նոբելյան մրցանակակիր չունենք», եւ Չուգունը փռթկացնելով  հարցրեց՝ուժեղ գրող որ ասում ես, Պարկետչիկին նկատի ունե՞ս», եւ Հովհաննեսը չափազանց խիստ տոնով Չուգունին ասաց՝ «մեկ էլ իմ ներկայությամբ իրան Պարկետչիկ չասես», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  հարցրեց՝ «որ պարկետչիկ ա, բա  ի՞նչ ասեմ», եւ Հովհաննեսը չափազանց խիստ տոնով Չուգունին ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ ասում», եւ նախկին համախոհը Չուգունին ասաց՝ «ինքը պարկետչիկ ա, բայց անունը Հրաչ ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել