Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՞թե Չարենցի, Թումանյանի կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին են». Արմեն Ամիրյան

Մայիս 05,2015 14:28

«Ես սիրում եմ Հայաստանում ռադիոյի ստեղծումը նույնացնել Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի հետ, թեպետ այն ստեղծվել է սեպտեմբերի 1-ին: Մեր ռադիոն իրականության մեջ մի մասով գտնվում է մշակութային ժառանգության անցյալում, մյուս մասով շատ հաստատուն կերպով կանգնած է ներկայում և հայացքն ուղղված է դեպի ապագան»,- ասում է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը:

Մայիսի 7-ը Ռադիոյի միջազգային օրն է: 1895 թվականի հենց այդ օրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը:

«Հայաստանում ռադիոն ստեղծվեց 1926 թվականին, և դրա ստեղծմամբ մեր կյանքում շատ բան փոխվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Ամիրյանը՝ նկատելով, որ 89-ամյա Հանրային ռադիոն այսօր էլ շարունակում է դիտվել և´ որպես մշակութային, գիտակրթական հաստատություն, և´ որպես լրատվամիջոց. «Հանրային ռադիոն դասական իմաստով մնում է որպես լրատվամիջոց, ուստի՝ շատ կարևոր է նրա հասանելիությունը, և մենք այսօր օգտագործում ենք ժամանակակից բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Հանրային ռադիոն իր ունկնդիրներին, ինչպես նաև ընթերցողներին հասանելի լինի սոցիալական ցանցերի, բջջային հավելումների և ժամանակակից այլ միջոցներով ևս»,- ասաց Ա. Ամիրյանը՝ նշելով, որ այսօր Հանրային ռադիոն հեռարձակվում է 14 լեզուներով, այդ թվում նաև՝ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով:

Հարցին՝ արդյոք նոր տեխնոլոգիաների առկայության պայմաններում ռադիոն չի հնացել, Ա. Ամիրյանը պատասխանեց. «Մի՞թե Չարենցի, Թումանյանի կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին են: Իսկ տեխնիկական առումով ռադիոն շատ ավելի հասանելի է հանրությանը, քանի որ անգամ մեքենա վարելիս կարող ես միացնել այն ու ծանոթանալ օրվա անցուդարձին»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031