Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը շահագրգռված է էլէներգիայի սակագնի աճի հարցում. «Հայկական ժամանակ»

Հունիս 06,2015 11:14

Իշխանության ներկայացուցիչները աշխատում են դեմքի հատուկ՝ շատ տխուր ու մտահոգ արտահայտությամբ խոսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հեռանկարի վերաբերյալ:

Եւ որքան մոտենում է սակագինը բարձրացնելու օրը եւ որքան ավելի սուր են հնչում դրա վերաբերյալ հարցերը, այնքան ավելի տխուր ու մտահոգ է դառնում իշխանությունը ներկայացնող անձանց դեմքի արտահայտությունը: Իսկ արդյո՞ք իշխանությունը շահագրգռված չէ էլէներգիայի թանկացման հարցում: Այս հարցին պատասխանելու համար պետք է ուսումնասիրել մի քանի տվյալներ:

Սկսենք պետական բյուջեից: 2012 թվականին մեկ կիլովատ ժամ էլէներգիայի ցերեկային սակագինը 30 դրամ էր: Այդ տարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀՀ պետական բյուջե էր վճարել 7 միլիարդ 962 միլիոն դրամ հարկ: 2013 թվականին սակագինը դարձավ 38 դրամ, եւ ՀԷՑ-ի վճարած հարկերը կազմեցին 9 միլիարդ 998 միլիոն դրամ: 2014-ին սակագինը կրկին բարձրացավ ու դարձավ 42 դրամ: Համապատասխանաբար՝ աճեց նաեւ ՀԷՑ-ի՝ պետական բյուջե վճարած հարկերի ծավալը: 2014 թվականին ՀԷՑ-ը վճարել է արդեն 12.4 միլիարդ դրամի հարկ: Ստացվում է, որ մեկ կվտ ժամ էլէներգիայի սակագինը 30 դրամից 42 դրամ դարձնելու դեպքում ՀԷՑ-ի վճարած հարկերը ավելացել են 56 տոկոսով եւ բյուջեն լրացուցիչ 4.5 միլիարդ դրամ է ստացել երկու տարվա ընթացքում: Մեզ՝ սպառողներիս վաճառվող էլէներգիայի սակագնի մեջ արդեն իսկ դրված է ավելացված արժեքի հարկը: Ներկայումս մենք 1 կվտ ժամ էլէներգիան գնում ենք 41.85 դրամով, որից մոտ 8.4 դրամը կամ՝ 20 տոկոսը ԱԱՀ-ն է: Այդ գումարը մենք վճարում ենք ուղիղ պետական բյուջե: Երբ սակագինը 30 դրամ էր, ապա յուրաքանչյուր կվտ ժամի դիմաց մենք ԱԱՀ-ի տեսքով պետբյուջե էինք վճարում միայն 6 դրամ: Այլ կերպ ասած՝ էլէներգիայի սակագինը 12 դրամով բարձրացնելու արդյունքում մենք՝ սպառողներս, պետբյուջե սկսեցինք վճարել 2.4 դրամով ավելի գումար՝ սպառած յուրաքանչյուր կիլովատ ժամի դիմաց: Եթե սակագինը դառնա 49-50 դրամ, ապա մենք յուրաքանչյուր կվտ ժամը գնելիս կվճարենք արդեն մոտ 10 դրամ ԱԱՀ:

Մի խոսքով՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը մեծացնում է պետբյուջե հավաքագրվող գումարները: Հաշվի առնելով, որ մեր պետբյուջեի կատարումը միշտ էլ խնդրահարույց է եղել կառավարության համար, առանց կասկածի կարելի է պնդել, որ այս տեսանկյունից իշխանությունը շահագրգռված է էլէներգիայի սակագնի աճի հարցում: Ընդ որում՝ «որքան շատ թանկանա, այնքան լավ»: Իհարկե, էլէներգիայի թանկացումը անուղղակիորեն բերում է բնակչության գնողունակության անկմանը եւ ժամանակի ընթացքում ավելի մեծ խնդիրներ է առաջացնում տնտեսության համար, բայց դա անուղղակի ազդեցությունն է եւ իշխանության համար՝ երկրորդական:

Հայկ ԳԵւՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930