Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերը Լյովա Խաչատրյանին սխալ հանեցին

Նոյեմբեր 11,2015 14:00

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն օրերս ահազանգել է՝ Արագածոտնի մարզի որոշ համայնքների հողերը, պատգամավորի խոսքերով ասած՝ «ռակով հիվանդացել են»: Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ մարզի 4-5 գյուղերում ոռոգման ջրի վիճակն աղետալի է, վերջին տարիներին այդ տարածքը սնուցող միակ գետը՝ Գեղարոտը, խիստ աղտոտված է, տարեցտարի գետի ջրով ոռոգվող ավելի շատ հողատարածքներ են շարքից դուրս գալիս. «Եթե անցած տարի 100 հեկտար էր աղտոտված, ապա այս տարի՝ ավելի շատ, անցած տարի 1 գյուղ էր, այս տարի՝ մի քանի գյուղ, հողերը ռակով հիվանդացել են, որովհետեւ ջրի որակն է այդպիսին: Ոռոգման ջուրն անցնում է ՀԷԿ-երի խողովակներով, որոնց վերջնամասում դուրս գալով՝ չի հասցնում մաքրվել: Ոչ թե ՀԷԿ-երն են աղտոտել ջուրը, պարզապես անհրաժեշտ ուսումնասիրություն չի կատարվել, թե որտեղ ջուրը մտցնել խողովակ, որտեղ ջուրը բաց թողնել խողովակից»:

Արագածոտնի մարզի մի քանի համայանքապետեր «Առավոտի» հետ զրույցում անակնկալի եկան Լյովա Խաչատրյանի հայտարարությունից. նրանք հերքեցին պատգամավորի ասածները, որ իրենց համայնքների հողերն ու կարտոֆիլի բերքը քաղցկեղ հիվանդություն ունեն: Ընդ որում, նրանք այնպիսի ջանասիրությամբ հերքեցին տեղեկությունը՝ կարծես երբեք այդ մարզում նման խնդիր չի եղել:

Արագած համայնքի կարտոֆիլի դաշտերն էլ ոռոգվում են Գեղարոտ գետի ջրերով. այս համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հորդորեց նման հայտարարություններ անողներին զգույշ լինել եւ խնդրին զգույշ մոտենալ. «Մեր համայնքում նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի, որտեղի՞ց են վերցրել նման տեղեկություն՝ չգիտեմ: Գյուղում շրջել ենք, նկարել ենք կարտոֆիլը, գյուղացիները մեզ ցույց են տվել, թե ինչ կարգի մթերք ունեն՝ շատ որակով, սիրուն»:
Արագածի համայնքապետը նույնիսկ վստահեցրեց, որ իրենց մոտ հողի եւ կարտոֆիլի քաղցկեղ չի էլ եղել. «Ես կխնդրեի, որ Լյովա Խաչատրյանը, որը ժամանակին մեր տարածաշրջանի պատգամավորն էր, գար ու տեղում զրուցեր գյուղացիների հետ, մեզ հետ ու մի փոքր տեղեկություն ստանար, նոր էդ կարգի հայտարարություն աներ: Ամեն մի ոչ ճիշտ հայտարարություն խփում է մեր գրպանին, գյուղացիների գրպանին»:
Լյովա Խաչատրյանը վստահեցրել է՝ քաղցկեղի խնդրի առկայության մասին ոչ ոք չի բարձրաձայնում:

Նույն գետի ջրից օգտվող Արագածոտնի մարզի Ծաղկաշեն համայնքի ղեկավարն ավելի անկեղծ էր: Գյուղապետ Խալաթ Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր աչքով չի տեսել, բայց խոսակցություններ կան, ինքը լսել է այդ մասին. «Դե, եկան ստուգեցին, ասում են՝ ջրից չի կարա էդպիսի բան լինի, բայց ժամանակ է լինում, որ ջուրը ոնց որ թարախ ջուր լինի, թարախանման, կեղտոտ գալիս է»: Ոսկանյանը վստահեցրեց, որ ինչ իրենց տարածաշրջանում ՀԷԿ-եր են կառուցել, ջրի հետ նման խնդիր է առաջացել. «ՀԷԿ-երից հետո ենք նման բան նկատել, քանի ավելի բարձրանում ենք դեպի ՀԷԿ-երը, էդ տարածքում ջուրն ավելի կեղտոտ է, ոնց որ ժանգոտ ջուր լինի: Էդ ՀԷԿ-երն աշխատելուց հետո՝ նկատել ենք, որ կարտոֆիլի որակն էլ, բերքատվությունն էլ ընկել են վերջին շրջանում: Դե, 100 տոկոսով չեմ կարող ասել, որ հենց դրանից է: Գյուղատնտեսության նախարարությունից ասել են՝ բան չկա»:

Շենավան համայնքի հողերն էլ են ոռոգվում Գեղարոտ գետի ջրերով. այս համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանն էլ նշեց, որ իրենց մոտ հողերի եւ բերքի քաղցկեղի խնդիր չկա. «Անցյալ տարի նման խնդիր Արագած համայնքում առաջացավ ու ավարտվեց: Չգիտեմ՝ ինչ ռակի մասին է խոսքը, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»:

Վարդենուտ համայնքի ղեկավար Կամո Սահակյանն էլ վստահեցրեց, որ իրենց գյուղում հողի եւ կարտոֆիլի քաղցկեղի խնդիր չկա: Արագածոտնի մարզպետարանից էլ «Առավոտին» վստահեցրին՝ հողի քաղցկեղ չկա. «Լինում են խնդիրներ, բայց գյուղացիներն արդեն գիտեն՝ պրոֆիլակտիկայի համար այդ տարին այդ հողակտորում ուրիշ բան են ցանում: Վտանգավոր ոչ մի բան չկա»:

Չնայած Արագածի համայնքապետը հերքեց, որ իրենց մոտ քաղցկեղի խնդիր է եղել, «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանն էլ վստահեցրեց, որ այս համայնքում նման խնդիր եղել է:

Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզի որոշ համայնքներում հողի ռակի մասին հայտարարությանը, ապա Բերբերյանն ասաց. «Ցավոք սրտի, Հայաստանում ամեն իմացող-չիմացող մարդ կարող է կարծիքներ հայտնել: Այո, կա ՀԷԿ-երի պրոբլեմը, ոռոգման համար այդ ՀԷԿ-երը պիտի վաղուց փակված լինեին: Շիրակում էլ ունենք այդ խնդիրը, վաղ թե ուշ՝ էդ հարցը պիտի լուծվի, ՀԷԿ-երը պիտի փակել»:

Բերբերյանն ասաց, որ 3 տարի առաջ միավորումը ահազանգել է հողերի խնդրի մասին. «Խոսքը միայն Արագած գյուղի մասին է, այստեղ կար այդ հիվանդությունը. սա կարանտինի հիվանդություն է: Խորհրդատվական աշխատանքներ եղան մեր եւ պարենի անվտանգության հետ, խորհուրդ տվեցին 3 տարի կարտոֆիլ չմշակել, եթե չմշակեն, այդ հիվանդությունը 3 տարում ինքն իրենով ոչնչանում է»:

«Առավոտի» այն հարցին՝ 3 տարին անցել է, հիմա վերացե՞լ է այդ հիվանդությունը, Բերբերյանն ասաց. «Որոշ գյուղացիներ էլի շարունակում են իրենց «քաջագործությունները», կարտոֆիլ են ցանում, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:
Ի՞նչ ունենք արդյունքում, համայնքապետերը հերքում են, որ իրենց մոտ կա նման խնդիր՝ մեր այս հարցին Բերբերյանն ասաց. «Պիտի հանձնաժողով ստեղծվի, գնա էդ տարածաշրջան՝ ստուգի: Որտեղ հիմնականում ձնհալի միջոցով է ոռոգվում, կարող է տիղմով ժանգոտ լինի ջուրը, որը կարող է, ասենք, մի փոքր փչացնել այգին: Բայց խոսքը վարակիչ հիվանդության մասին է՝ էդ քաղցկեղը, որը ջրից չի անցնի, հողից եթե անցներ՝ հողը կվարակեր, եթե խոսքը գետի մասին է, նման բան չի կարա լինի»:

Բերբերյանը համոզմունք հայտնեց, որ այդ քաղցկեղը Թուրքիայից է եկել, 3-4 տարի առաջ Թուրքիայից շատ էժան կարտոֆիլի տնկանյութ է հայտնվել մեր երկրում, որոնցից օգտվել են Արագածոտնի մարզի գյուղացիները. «Հազար անգամ ասել ենք՝ պատահական մարդկանցից տնկանյութ չառնեն: Էդ Թուրքիայի տնկանյութից է եկել: Խաչատրյան Լյովան, թե ինչի է այս հարցը բարձրացնում, զարմանում եմ, թող որպես պատգամավոր գնար նախարարություն, պահանջեր կարանտին, ոնց որ մենք թուղթը պատրաստեցինք, ուղարկեցինք, բայց կարանտին չմտցրեցին»:

Ի վերջո, կա՞ քաղցկեղի խնդիր այդ համայնքներում, մարզպետարանն էլ է հերքում՝ մեր այս դիտարկմանը պարոն Բերբերյանը կրկին անդրադարձավ Լյովա Խաչատրյանին ու այդպես էլ չասաց, թե հողում դեռ կա՞ հիվանդություն, թե՞ ոչ. «Հիմա չեմ իմանում, Խաչատրյան Լյովան ի՞նչ ա հիմա ասում, երբ մենք 3 տարի առաջ խնդիրը բարձրացրել ենք, մարդը պիտի հիմնավորված խոսի, ոչ թե օդի մեջ»:

Մեր նույն հարցը կրկնելուց հետո Բերբերյանը վերջապես կարտոֆիլի մասին պատասխան տվեց, բայց վերջում էլի պատգամավորին հիշեց. «Կարծում եմ՝ կարտոֆիլագործությանը լուրջ սպառնալիք չկա, ինքնաբավ ենք, մի փոքր էլ արտահանում կլինի: Մարդիկ էսօր չհասկանալով՝ աժիոտաժով վնասում են մեր արտահանողներին: Լյովան Խաչատրյան կարող էր պատկան մարմիններին դիմել, լաբորատոր պատասխանն ունենար, ոնց որ մենք 3 տարի առաջ արեցինք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30