Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր»

Փետրվար 08,2016 14:00

Ճանաչված քանդակագործ Արա Սարգսյանի «Կտակը» հայկական մամուլում տպագրվում է առաջին անգամ: Այն «Առավոտին» է տրամադրել քանդակագործի տուն-թանգարանը: «Կտակն» ամբողջությամբ մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի մասին է, քանդակագործի գնահատմամբ՝ Վարպետին, որին սիրում էին, «քնքշորեն «Թերլեմեզ» էին անվանում: Իսկ «Թերլեմեզ», նշանակում էր «Չքրտնող», մարդ, որ ինչքան աշխատում է, ճգնում է, ճակատին քրտինք չի երեւում, ուրեմն եւ տոկուն մարդ է, ամուր, պինդ, առնական»:

Ներկայացնում ենք մի հատված:

Terlemezyan_2

-Մի անգամ ես հասա այն ժամին, երբ արվեստանոցում նա աշխատում էր նոր կտավի վրա: Ես սպասում էի եւ ուզում էի տեսնել, թե ինչպես էր նա վրձնում կտավը:
Ձախ ձեռքով նա բռնել էր բարակ, բավական երկար եւ ողորկ մի ձող, վերջինիս ծայրը հպած էր կտավին, իսկ աջ ձեռքը հենած էր պահում ձողի վրա եւ սպասում այնքան ժամանակ, մինչ գտներ այն ակնթարթը, երբ աջ ձեռքի դողոցների արանքում ինչ-որ ինտերվալ էր առաջանում, եւ ահա այդ պահին նա խիստ ճարպկորեն հարվածում էր կտավին: Եւ այսպես, ամեն անգամ, որսալով այդ ակնթարթը, Փանոսը մեծ տանջանքով ու տառապանքով ստեղծում էր նկարը:

Երբ ստեղծագործության սրբազան պահը բանաստեղծները համարում էին հաճելի մի երկունք, երբ մուսան նրանց առաջնորդում է դեպի Պառնասի բարձունքները, ապա Թերլեմեզյանի համար այդ Պառնասը վերաբերվում էր մի Գողգոթայի, ուր խաչափայտի փոխարեն, նկարակալը ուսին, Փանոսը բարձրանում էր լեռն ի վեր:
Սակայն Թերլեմեզյանը երիտասարդական տարիներին եղել էր առողջ, կայտառ, մեծացել էր սարերում, նրա ձեռքը երբեք թշնամու հանդեպ չէր դողացել, նրա գնդակը երբեք իր նպատակետից չէր վրիպել:

1915 թվին, Վանի հերոսական ինքնապաշտպանության օրերին, Փանոսին տանում էին մի թաղամասից մի այլ պաշտպանական եւ հանձնարարում նրան իր դիպուկ գնդակով ոչնչացնել թշնամու հրամանատարներին ու աստիճանավորներին: Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր:

Շատ անգամներ է պատմել նա իր փոթորկալի կյանքից հետաքրքիր դրվագներ, երբ մենք երկուսով մենակ էինք լինում, ես աշխատում էի տարբեր հնարքներով ու հարցերով նրան տանել հետ, դեպի պատմության ոչ հեռու անցուղիները, եւ առաջացնում էի նրա մեջ հուշեր: Հափշտակությամբ էի լսում նրա ամեն մի խոսքը սարսուռ էր ազդում վրաս, երբ նա պատմում էր իր կրած տառապանքների մասին, իսկ հաճույք եւ հրճվանք էի զգում, երբ լսում էի նրա հերոսական գործերի հաղթական ելքի մասին: Ահա այդ դեպքերից մեկը:
90-ական թվականներին թուրքական ոստիկանության հետապնդումից եւ սպառնացող մահվան պատժից ազատվելու տենչով, Փանոսը, միայնակ փախչում է սարերը եւ պահվում: Մի քանի շաբաթ անզեն նա թափառում է սարերում եւ կերակրվում է վայրի պտուղներով: Մի գեղեցիկ օր, հեռվից նկատում է թուրքական մի ժանդարմի, որը մինչեւ ատամները զինված, նստած սիրուն ձիու վրա, ինքնագոհ ու երգելով, գալիս է դեպի իր թաքստոցը: Փանոսը վայրկյան իսկ չի կորցնում, բարձրանում է ծառի վրա եւ սպասում ժանդարմի հասնելուն: Երբ նա արդեն ծառի տակ էր, լուսնի նման նա նետվում է ձիու վրա, գետին է գլորում, զինաթափում է, վերցնում է զենքը, փամփուշտները, եւ ձին: Ժանդարմը գրեթե մերկ, սարսափահար փախչում է: Այդ օրվանից նա դառնում է պարտիզան:

Որոշ ժամանակ անց նրան են միանում իր համախոհներից երկու խիզախ տղաներ ու երեքով ամիսներ շարունակ շրջում են գյուղերը եւ պատմում բոլոր նրանց, ովքեր ասպատակելով գյուղերը, կողոպտում ու սպանում էին հայ աշխատավորին:
Մի օր լուր են հասցնում, որ Քերիմ բեկը իր բանդիտներով մտել է գյուղ, թալանել, սպանել շատերին, տները վառել եւ հիմա էլ գյուղի հրապարակում իր ավազակների հետ նստած, պատրաստվում է քեֆ անել: Փանոսը գաղտագողի հասնում է գյուղ, եւ աննկատելիորեն հրապարակի տներից մեկի հարթ կտուրի վրա Քերիմ բեկի դեմ հանդիման, դիրք բռնում: Սպասում է այնքան ժամանակ, մինչ թալանած ոչխարներից մեկը մատուցվում է Քերիմ բեկին: Երբ բեկը շուրջը հավաքված մաշալահների տակ խորովածի առաջին պատառը վերցնում է եւ տանում բերանը, այդ ակնթարթում, Փանոսը գնդակը ծակում է նրա ճակատի ճիշտ կենտրոնը: Բեկի գլուխն ընկնում է կրծքի վրա: Ավազակները չհասկանալով թե բանն ինչումն է, թողնելով ամեն ինչ եւ ավար եւ խորոված, խուճապահար փախչում են գյուղից:
Տարիներ անց, երբ Թերլեմեզյանն արդեն յոթանասուն տարեկանի մոտ էր եւ գտնվում էր մեզ մոտ, Հայաստանում, պատահեց հաճելի եւ հետաքրքիր մի դեպք, որին մասնակից եմ եղել նաեւ ես:

1934 թվականի ամռանը, Աղասի Խանջյանը հանգստանում էր Դիլիջանի իր ամառանոցում: Մի անգամ, երբ նա քաղաք էր եկել, խնդրեց, ինձ ամառանոց բերել Փանոս Թերլեմեզյանին: Մի կիրակի Վարպետն ու ես, առավոտ կանուխ, ուղեւորվեցինք դեպի Դիլիջան: Խանջյանին հանդիպեցինք պարտեզում նստած, ինչ որ գիրք ընթերցելիս: Նա հագել էր իր սովորական ռուսական սպիտակ շապիկը եւ ուսերին էր գցել ամառային թեթեւ մի վերարկու: Նրա ձեռքին մենք տեսանք Հենրիխ Հայնեի հայերեն թարգմանությամբ նոր լույս տեսած բանաստեղծությունների գիրքը: Խանջյանը բարետես էր իր արտաքինով, համաչափ իր կազմվածքով, ուներ ամուր եւ ռիթմիկ քայլվածք, կտրուկ շարժումներ: Առանձնապես հետաքրքիր էր սեւ եւ խիտ մազերով նրա գլուխը: Դեմքի ընդգծված այտոսկրները, կարճ եւ թավ բեղերը, աչքերի կկոցած ու խորաթափանց հայացքն առանձին հմայքն էին պարգեւում նրան: Խոսում էր հանդարտ, խոհուն: Չնայած իր երիտասարդ հասակին, կուտակել էր մտավոր գանձերի մի անսպառ պաշար, որին հասնելու համար, երեւի ուրիշներից պահանջվեր տասնյակ տարիներ: Ամենից ուժեղ տպավորությունը խոսակիցը ստանում էր նրա ծիծաղից, լիաթոք, բարձր, հնչեղ, ու զրնգուն ծիծաղից, ինչքան կենսախնդություն կար նրա մեջ…

Խանջյանը շատ ուրախացավ տեսնելով վարպետին: Նա շատ էր սիրում նրան: Այգում նստարաններին հենված, սկսվեց աշխույժ մի զրույց առողջության մասին հարցուփորձ, կատակներ, անցյալի հուշեր:

Փանոսը կարծես վերածնվել էր, առույգացել ու ոգեւորված պատմում էր իր կյանքի արկածալի դեպքերից:

Ճաշից հետո Խանջյանն առաջարկեց կրակել ու դառնալով Թերլեմեզյանին ասաց.
-Ասում են դու եղել ես հմուտ եւ վարպետ կրակող, սնայպեր, ապա փորձիր տեսնենք:
Եւ քսանհինգ քայլ հեռավորության վրա տեղավորվելով պահածոյի թիթեղյա տուփը, հրացանը երկարեց Փանոսին, ասելով.
-Դե, վերցրու, տեսնենք:
Թերլեմեզյանը քմծիծաղով պատասխանեց.
-Ես ինչ կրակող եմ ջանըմ, դյուք ջահել եք, առաջ դուք կրակեք:
Առաջինը կրակեց Խանջյանը, նրա գնդակն անցավ տուփի կողքով: Փանոսը հումորով ասաց.
-Մեր քարտուղար աղվոր կրակող կերեւա, եւ դառնալով ինձ ասաց. հիմա դու կրակի:
Հերթն իմն էր: Կրակեցի: Թիթեղյա փուփը երեւի քթի տակ ծիծաղեց իմ վրա եւ քարի վրա մնաց հպարտ կանգնած:
-Էստեղ տվեք հրացանը: Սա չոչուխի խաղալիք չէ, ձեր բանը չէ,- ու դողդողուն ձեռքերով Փանոսը վերցրեց հրացանը գտավ հարմար տեղ, հենեց քարին, սպասեց այնքան ժամանակ, որ ակնթարթը որսա, ինչպես կտավի առաջ, եւ ճիշտ ժամանակին կրակեց:
Տուփը գլորվեց:
-Ասանկ կը կրակեն, ասաց ու հրացանը հանձնեց Աղասի Խանջյանին:

Պատրաստեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29