Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. ես Սերժ Սարգսյանին ասացի՝ ավելի լավ է թագավոր լինեք, պրծնենք. «Հրապարակ»

Մարտ 03,2016 10:48

Հատված ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:

– Մի կարճ քաղաքական հարց։ Ընդդիմության հասցեին այսօր շատ մեղադրանքներ են հնչում, երբեմն ավելի շատ, քան իշխանության։ Դուք մեր ընդդիմությանն ինչպե՞ս կգնահատեք։

– Ընդդիմությունը հակառակ հայելին է իշխանության, եւ ես շատ վատ եմ գնահատում, քանի որ իշխանությունն ամբողջովին թաղված է բիզնեսի մեջ։ Ամենահիմնական պատճառն այն է, որ ընդդիմությունը փող չունի, աղքատ է։ Իշխանության եւ տնտեսության միաձուլում է տեղի ունեցել, դրանք սերտաճած են։ Այս պայմաններում մեղադրել մեր ընդդիմությանը, ես չէի վերցնի ինձ վրա։ Օրինակ, երբ որ մենք հանդիպեցինք նախագահին, մեր կարծիքը հայտնեցինք Սահմանադրության մասին, ես նրան ասացի՝ ավելի լավ է թագավոր լինեք, պրծնենք, իմանանք՝ մի հատ թագավոր ունենք, մնացած բոլորն օրենքի առաջ հավասար լինեն, քան դուք այս ամենն անվանեք պառլամենտական հանրապետություն, եւ իրականում թագավորությունից ավելի կոշտ դիկտատուրա լինի։ Հիշո՞ւմ եք, ասել եմ՝ բոլոր դիկտատուրաները եղել են պառլամենտական հանրապետություններում։ Օրինակ` Հիտլերը, օրինակ՝ Ստալինը, դուք չեք տեսել դիկտատուրա թագավորությունների ժամանակ։

– Ընդդիմության պրոբլեմն աղքատ լինե՞լն է։

– Ոչ միայն։ Ընդդիմությունը չի կարող իրեն ներկայացնել բնակավայրերում, գյուղերում, չունի հեռուստատեսություններ, բոլորն իշխանության ներկայացուցիչներինն են։ Այս պայմաններում էվոլյուցիոն ճանապարհով բան

փոխելը համարյա բացառված է կամ չի ստացվի։ Իշխանությունն էլ հանգիստ կարողանում է ընդդիմադիրների հետ խաղալ, բանաձեւ անել, եւ վստահ եմ, որ 2017թ. ընտրությունները կանցնեն էլի ռեւոլյուցիոն կոչերով եւ պահվածքով եւ կարող են ավարտվել ծանր, վատ։ Հետո՝ իշխանությունը չի բավարարվում։ Կարող է անարգել փոխել Սահմանադրությունը, այլ քայլեր անել։ Երբ որ իշխանությունը հանձինս ընդդիմության չունի հակակշիռ, ինքն էլ չգիտի իր չափն ինչքան է։ Այստեղ ընդդիմությունը մեղք ունի։ Անգամ եթե նա չի կարողանում իշխանության գալ, նա պետք է իշխանության սահմանը հսկի, պահակը պետք է լինի իշխանության հետագա սանձարձակության կասեցմանը։ Սա չի կարողանում ընդդիմությունն անել։ Ասել, թե լրիվ անկարող է, չի կարելի։ Մեզ հաջողվել է մի շարք դեպքերում, հատկապես վերջին կառավարության օրոք, որոշ գործեր առաջ տանել։ Օրինակ, նույնիսկ նախորդ վարչապետի օրոք ընդդիմությունն աշխատեց տեղեկատվական տեխնոլոգիաների օրենքի վրա, հետո այս կառավարության հետ աշխատեց, ու դա անցավ, մենք գոհ ենք։ Կամ՝ շրջանառության հարկի մասին որոշումը։ Բայց ամենակարեւոր որոշումներում ընդդիմությունը ոչ մի բան չի կարողանում անել՝ կուտակայինը, բյուջեն, էլեկտրաէներգիայի գների անիմաստ բարձրացումը կամ 2013 թվի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը։ Իմ հաշվարկով, որոշումների 20 տոկոսի դեպքում է հաջողվում ըմբռնման հասնել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031