Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ գրողների միությունը պետք է լինի ընտրյալների միություն». Ղուկաս Սիրունյան

Մարտ 03,2016 20:00

«Լրագրողները հաճախ են հարցում՝ արդյո՞ք այսօր հայ գրականություն կա: Ես ապշում եմ այդ հարցից: Այս դեպքում պետք է հարցնել՝ իսկ ժողովուրդը կա՞, թե՞ չկա: Այո, այդ կասկածը պետք է հասցնել մինչև այդտեղ, որովհետև եթե չկա գրականություն, չկան գրողներ, նշանակում է՝ չկա կյանքը, ժողովուրդը, ազգը առհասարակ: Վստահեցնում եմ ձեզ, որ գրական կյանքն այսօր ապրում է իր լիարժեքությամբ»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում մարտի 3-ին՝ Գրողների միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը:

Նրա գնահատմամբ՝ այսօր շատ լավ գրողներ ունենք. «Երբ կյանքը նյութականացավ, մտածում էի՝ երևի էլ չեն գրի, կամ քչերը կգրեն, բայց արի ու տես, որ այդպես չեղավ. գրում են մարդիկ, ուրեմն՝ գրականությունը ապրելու կերպ է: Գրականությունն այսօր փող չէ, հարստություն չէ, ինչպես խորհրդային տարիներին: Ես, օրինակ, այն ժամանակ իմ մի գրքի հոնորարով ավտոմեքենա եմ գնել: Այսօր այդպիսի բաներ չկան, բայց կա գրականությունը: Ուրեմն՝ գրականությունը կյանքի էությունն է»,- ընդգծեց բանաստեղծը:

Ուժեղ գրողների կողքին, բնականաբար, կան նաև թույլերը, և դա, ըստ Ղ. Սիրունյանի, բնական է. «Լավն ու վատը բոլոր ժամանակներում և բոլոր ազգերում էլ իրար հետ են եղել: Այնպես չէ, որ գրողների միությունը պետք է լինի ընտրյալների միություն: Չկա այդպիսի բան: Անտառը բաղկացած է տարբեր տեսակի ծառերից: Թփուտներ էլ կան, չէ՞: Եթե կուզեք իմանալ, անտառի գոյության համար թփուտների անհրաժեշտությունն էլ կա: Կյանքի բնույթն է այդպիսին»,- կարծում է բանաստեղծը:

Ըստ նրա՝ մեր գրականությանը լուրջ վերաբերմունք է պետք. «Գրականությունը քայլող, գեղեցիկ մարմին է: Պարզապես, պետք է մոտենալ նրան, նայել դեմքին, թևանցուկ անել: Նրան, ինչպես ցանկալի մարդուն, պետք է սեղանի մոտ նստեցնել ու խոսել հետը»:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի համոզմամբ՝ պետությունը պետք է կարևորի գրողի դերը. «Ես չեմ կարող նշել որևէ ժամանակաշրջան, երբ գրողին կենդանության օրոք գնահատել են ըստ արժանվույն: Գրողին պետք է գնահատել: Ես նկատի չունեմ մեդալներով ու մրցանակներով: Ընդամենը պետք է գրողի խոսքը լսել:

Մեր երկիրն այսօր դժվարություններ ունի: Անկախության 25 տարիների նեղությունները ես բացատրում եմ նրանով, որ հասարակական-քաղաքական ասպարեզից դուրս է մնացել գրողը: Տնտեսագետներն արդեն 25 տարի է՝ հաշվում են, իսկ երկիրը չի փոխվում: Մինչդեռ, մեր հայրենիքը տասը րոպեում փոխվելիք երկիր է, տասը րոպեում երկիրը կարող է ոտքի կանգնել: Ես ուզում եմ ու շատ եմ խնդրում, որ մեր հանրապետության նախագահը այս խնդրին կարևորություն տա, գրողները մտնեն ասպարեզ: Հարգել գրողին՝ նշանակում է լսել նրա կարծիքը»,- ընդգծեց Ափինյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031