Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 4-ի առավոտյան Բերձորի խաղաղության հրապարակում առաջնագիծ մեկնող ազատամարտիկների նոր շարասյուն էր կանգնած

Ապրիլ 04,2016 16:16

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում կատարված աննախադեպ իրադարձությունների հետ կապված՝ արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղի շրջվարչակազմում՝ ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, գործում է քաղպաշտպանության շուրջօրյա շտաբ:

Այս 3 օրերի ընթացքում շրջանից հարյուրավոր կամավորներ են դիմել՝ առաջնագիծ մեկնելու և հայ զինվորին նեցուկ դառնալու: Անցած 2 օրերում շրջանում կատարված և նախատեսվող իրադարձությունների մասին զրուցեցի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ, ովքեր ՔՊ շտաբի պետի անմիջական ղեկավարությամբ համակարգում են աշխատանքները:

Qashatax_2

Ա. Մխիթարյանը տեղեկացրեց. սահմանում իրադրության փոփոխությունից անմիջապես անց շրջվարչակազմում՝ ղեկավար Սուրեն Խաչատրյանի մոտ կայացավ խորհրդակցություն, սկսեց գործել քաղպաշտպանության շտաբը, որում ընդգրկվեցին բոլոր կառույցների պատասխանատուները: Աշխատանքները շրջանային զինկոմիսարիատի հետ համակարգվեցին, և շուտով առաջին կամավորականները մեկնեցին առաջնագիծ:

Նշեց, որ մոտ 200 հոգի այժմ սահմանում զինվորի կողքին են, և մոտ 700 հոգի, նաև կանայք, պատրաստակամություն են հայտնել՝ միանալու առաջնագիծ մեկնածներին: Այժմ ստեղծվել է նաև արագ արձագանքման ջոկատ, որը 40 րոպեի ընթացքում պատրաստ կլինի անհրաժեշտ վայրը մեկնելուն:

Ա. Մխիթարյանն ավելացրեց նաև, որ մեր շրջանի բնակչությունը միշտ պատրաստակամ է նման դեպքերում համախմբվել՝ հայտնելով շնորհակալություն քաշաթաղցիներին:

Տեղեկացրեց նաև, որ շտաբը մշտապես կապի մեջ է ԼՂՀ Պաշտպանության նախարարության և Արցախի Ազատամարտիկների միության վարչության հետ:

Ինչ վերաբերում է շրջանի հանրակրթական և այլ դպրոցների, նախակրթարանների գործելուն՝ նշեց՝ ոչ մի խանգարող հանգամանք չկա, որ դրանք չգործեն. սահմանը մեր զինվորներն ու ազատամարտիկներն անառիկ են պահում:

Դ. Դավթյանն իր հերթին տեղեկացրեց, որ այս օրերին և այժմ շտաբը հոգում է նաև առաջնագիծ մեկնողների տեղափոխման, մեկօրյա սննդով ապահովելու և այլ հարցեր:

Ապրիլի 4-ի առավոտյան, Բերձորի խաղաղության հրապարակում առաջնագիծ մեկնող ազատամարտիկների նոր շարասյուն էր կանգնած: Կոտայքի, Լոռիի մարզերից եկած ազատամարտիկները, երկար ճանապարհ անցնելով, հասել էին Բերձոր, ինչպես իրենք ասացին՝ Լաչինի միջանցք:

1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվելով՝ Լաչինը դարձավ Արցախը  Մայր Հայաստանին կապող կամուրջը: Եվ մեր փառավոր ազատամարտիկները, որ նորից զենք են վերցրել, մինչ այժմ որպես միջանցք են ճանաչում Բերձորը:

Զրուցեցի տղաների հետ, ովքեր կարճ ժամանակով կանգ էին առել իրենց ազատագրած հայրենիքում և օգտվում էին արդեն հայացած քաղաքի խանութներից: Ալավերդիի ջոկատի ազատամարտիկներն անհանգիստ էին, որ շուտ տեղ հասնեն, նեցուկ կանգնեն ժամկետային զինծառայողներին: Լավ են գիտակցում՝ ինչ է նշանակում մի քանի օր անընդհատ գտնվել մարտի մեջ, դիմակայել մարտական հենակետերում, որոնք հրթիռակոծվում ու արկակոծվում եմ, կռվել կենդանի ուժի դեմ:

Նույն ոգով էին ճանապարհ ընկել նաև գառնեցիները, սպիտակցիները: Կարճ տևեց զրույցը. Ժամանակը սուղ է, թշնամուն պետք է հեռու շպրտել հայոց սահմանից: Ու գնաց հերթական շարասյունը՝ հավատով, այս անգամ ևս լավ դաս ենք տալու…

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Քաշաթաղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930