Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ

Հունիս 01,2016 12:19

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ՝ իրենց հարազատների հետ: Լուսանկարչուհի Աննա Մանասարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ծրագրին մասնակցում են երեխաներ ԼՂՀ-ից, Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերից և Երևանից:

Երեխաների երազանքների ու ամենանվիրական ցանկությունների իրագործմանն ուղղված բարեգործական ծրագրին միացել է նաև Երևանի քաղաքապետարանը: Երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Ամբողջությամբ նորոգված ու հետաքրքիր նոր անկյուններով համալրված այգում երեխաները զբոսնել և ծանոթացել են կենդանատեսակներին, որոշ տեղերում ուղեկցողների հսկողությամբ նաև կերակրել կենդանիներին: Կենդանաբանական այգուց երեխաները ձեռնունայն չեն հեռացել. տնօրինության կողմից բոլոր փոքրիկները հուշանվերներ են ստացել: Իսկ ամենակարևորը իրենց հետ են տարել օրվա հիշողությունները:

«Յուրաքանչյուր երեխայի մանկություն ինչ-որ չափով պետք է նման լինի հեքիաթի, ուր ամեն ինչ գունեղ է, վաղ ու պայծառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաներին նվիրված բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Նոր չէ նաև մեր համագործակցությունը Աննա Մանասարյանի հետ: 2015թ. հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվեց լուսանկարչուհու «Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը: Աջակցելով նախագծին՝ փորձեցինք միանալ երեխաներին նվիրվող այս հեքիաթին՝ շատերի համար Երևան առաջին այցը դարձնելով իսկապես անմոռանալի և պարգևելով միայն ժպիտներ»,-նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախաձեռնությանը միացել են նաև բազմաթիվ բարերարներ, որոնց աջակցությամբ էլ կիրականանան երեխաների մի շարք այլ երազանքներ:

Ծրագիրը կամփոփվի այսօր Երազանքների պուրակում, ուր երեխաները կմասնակցեն օրվա տոնական միջոցառումներին:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930