Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Հարց է ծագում, ի՞նչ է, Հայ Ազգային Կոնգրեսում շամաննե՞ր են հավաքվել, թե՞ մարգարեներ կամ պայծառատեսներ

Հունիս 09,2016 15:41

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ նիստում ամբողջությամբ չհնչեց՝ ժամանակի սղության պատճառով: Ներկայացնում ենք ելույթի գրավոր տեքստը՝ ամբողջությամբ:

Անցյալ ամառ, 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, վերլուծելով Հայաստանի անմխիթար տնտեսական ցուցանիշները՝ՀՆԱ-ի դինամիկան, ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը, արտաքին ուղղակի ներդրումների կատաստրոֆիկ անկումը, պետական պարտքի վտանգավոր աճը, Ռուսաստանից տրանսֆերտների անկումը, արտաքին պահուստների սահմանային վիճակը, այս ամբիոնից հնչեցրել եմ հետեւյալ կանխատեսումը։

«Տնտեսության զարգացումը ազգային անվտանգության հարց է դարձել: Կռվելու հարցում մենք խնդիր չունենք` մեր տղաները, մեր բանակը լավ են կռվում: Մենք ունենք խնդիր` դիմանալու տնտեսապես: Որովհետեւ այսօր Ադրբեջանը շատ պարզ քաղաքականություն է որդեգրել, այն է` տեսնելով, որ Հայաստանի տնտեսությունը զարգացման նշույլ անգամ ցույց չի տալիս, ուղղակի աճեցնել սեփական ռազմական պոտենցիալը, մշտապես մեծացնել ռազմական ճնշումը շփման գծի վրա, այդ ճնշումը հասցնել այնպիսի մի աստիճանի, որին արդեն ոչ թե բանակը, այլ մեր տնտեսությունը չի դիմանա:

Պարզվում է, որ Ադրբեջանը շատ ճշգրիտ է հաշվարկել իր քաղաքականությունը` խեղդելով Հայաստանին եւ կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ պատրաստվում են որոշակի ճնշումներ Հայաստանի վրա, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի այն տարբերակով, որը, ըստ էության, նպաստավոր կլինի Ադրբեջանի համար:

Ադրբեջանի այս պլանները ձախողելու միակ հնարավորությունը Հայաստանում արմատական փոփոխություններն են եւ տնտեսության թռիչքաձեւ աճը:Ադրբեջանին եւ արտաքին ճնշումները կասեցնելու ուրիշ ճանապարհ չկա: Բայց մենք համառորեն շարունակում ենք գնալ այս ճանապարհով: Չգիտես ինչու, վախենում ենք արձանագրել, ախտորոշել մեր տնտեսության վիճակը, ասել, որ` այո, ճգնաժամ է, այո, պետք է հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկել, պետք է արմատապես վերանայել Հայաստանի տնտեսական մոդելը: Մենք չունենք ռազմավարական տեսողություն ունեցող իշխանություն: Մենք ունենք կոնյունկտուրային, օրվա խնդիրներով զբաղվող իշխանություն: Ամեն օրը, ամեն ամիսն ինչքան ձգեցին, համարում են մեծ հաղթանակ: Բայց մի օր գալու է, եւ փլուզվելու է այդ ամեն ինչը: Ռազմավարական առումով մեր տնտեսությունը գտնվում է ծանրագույն հիվանդ վիճակում եւ դարձել է սպառնալիք Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային անվտանգությանը»: Սա ասվել է 2015 թվականի հունիսի 15-ին։

Այս ելույթին, եթե հիշում եք, հետեւեցին իշխանության հակադարձումները, որ ոչ մի ճգնաժամ չկա, որ մեր բոլոր տնտեսական խնդիրները լուծելի են, որ պաշտպանական ճակատն ամուր է, եւ որ ընդդիմությունը միտումնավոր սեւացնում է իշխանություններին եւ անհիմն կերպով ներկայացնում մռայլ պատկեր, փորձելով մոլորության մեջ գցել ժողովրդին։ Ասվեց նաեւ, որ պետական պարտքի որեւէ վտանգավոր կուտակում չկա։ Այդ ամենը մեկ տարի առաջ էր։

Ընդամենը մի քանիս ամիս անց տեղի ունեցան երկու իրադարձություն։

Մարտի 18-ին համաշխարհային հեղինակավոր ռեյտինգային ներդրումային Moody’s գործակալությունը սահմանեց Հայաստանի պետական պարտատոմսերի համար նոր ռեյտինգ, տեղափոխելով այսպես կոչված Ba3 կատեգորիայից B1 կատեգորիա, որը ֆինանսական աշխարհում համարվում է «աղբային» կատեգորիա։ Հայաստանի պետական պարտատոմսերի նման աննախադեպ որակազրկման համար Moody’s-ը հղում կատարեց հետեւյալ իրողությունների վրա. Ռուսաստանից տրանսֆերտների չդադարող անկումը, ուղղակի օտարերկրյա ներդրումների փլուզումը /սա իմ արտահայտությունը չի, այլ աշխարհահռչակ գործակալության/, ազգային արժույթի եւ միջազգային պահուստների վրա նոր ճնշումների հանդեպ խոցելիությունը, Հայաստանի վատթարացող ֆիսկալ եւ պետական պարտքի վիճակը,եւ այն սպասումը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ին կանցնի 50 տոկոսի սահմանը։

Իսկ երկրորդ իրադարձությունը՝ Ադրբեջանի ապրիլյան ռազմական ագրեսիան էր եւ դրան հետեւած լրջագույն միջազգային ճնշումները ղարաբաղյան հարցում։

Հարց է ծագում, ի՞նչ է, Հայ Ազգային Կոնգրեսում շամաններ են հավաքվել, թե մարգարենե՞ր կամ պայծառատեսնե՞ր, որ այդքան ճշգրիտ կանխատեսում էին նման զարգացումները։ Իհարկե, ո՛չ։ Պարզապես, տնտեսագիտությունը, թեեւ նույնքան ճշգրիտ գիտություն չէ, ինչպես օրինակ ֆիզիկան, բայց այն նույնպես ունի երկաթյա կանոններ։ Դա է պատճառը, որ մենք ճշգրտորեն գնահատեցինք արատավոր տնտեսական համակարգի խոցելիությունն ու ազդեցությունը ազգային անվտանգության վրա։

Հարց է ծագում. բա էս մեր իշխանավորները, նրանց մեջ եղած փորձառու տնտեսագետները, պրոֆեսոր-դոցենտները, կարմիր դիպլոմով եւ առանց, ովքեր շատ սիրում են ճամարտակել իրենց պրոֆեսիոնալիզմի մասին, այս ամենը չե՞ն տեսնում։

Չե՞ն տեսնում, որ ՀՆԱ-ն իրականում ոչ թե աճում է, այլ նվազում է։ Որ դոլարային հաշվարկով 2015 թվականին այն կազմել է 91 տոկոս նախորդ տարվա համեմատ։

Չե՞ն տեսնում, որ երկրում չկա զարգացում, այլեւս չկան օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ 2008 թվականին այդ ներդրումները կազմում էին 1 մլրդ 132 մլն դոլար, 2014-ին արդեն 388 մլն, 2015-ին արդեն 169 մլն դոլար: Այս տարի արդեն մոտենում ենք զրոյին: Moody’s-ը ճիշտ չէ՞, որ սա որակել է որպես ներդրումների կոլապս: Ներդրումներ ՀՆԱ հարաբերակցությունը 2008-ի 41 տոկոսից իջել հավասարվել է 20.4 տոկոսին 2015թ.-ին եւ փաստորեն շարունակվում է ընկնել: Աղետալի վիճակում է հայտնվել բանկային համակարգը: Շահութաբերությունը ըստ ակտիվների առաջին անգամ հասել է բացասականի՝ -0.06 տոկոս, շահութաբերությունը ըստ կապիտալի՝ -4.3 տոկոս, վնասով աշխատող բանկերի թիվը դարձել է 7:

Չե՞ն տեսնում, որ միակ կայուն ցուցանիշները մեր տնտեսության մեջ արտագաղթն է՝ տարեկան 50.000 մարդ եւ գործազրկությունը՝ 18 տոկոս մակարդակով: Այսինքն, չնայած աղետալի արտագաղթին, գործազրկությունը չի պակասում, ինչը նշանակում է, որ երկիրը շարունակում է կայուն կերպով քայքայվել:

Եվ ի՞նչ ելք է տեսնում կառավարությունը ստեղծված իրավիճակից։ Բյուջեի կատարողականի ներկայացված հաշվետվությունը պարզ ցույց է տալիս, որ այս իշխանությունների միակ տնտեսական ծրագիրը՝ անծրագիր պարտքերի փոխառությունն է։ Ռեսուրսների ծայրագույն պակաս ունեցող եւ ծանր ժամանակներ ապրող Հայաստանը ավելի լավ ելք չի գտնում, քան 109 միլիարդ դրամով ավելացնել բյուջեի հաստատված ծախսերը, բերելով-հասցնելով բյուջեի պակասուրդը հակացուցված եւ բոլոր ստանդարտներից դուրս ՀՆԱ-ի 4.8 տոկոսի։

Միգուցե այդ ծախսերը ուղղված են տնտեսական զարգացումը խրախուսող ենթակառուցվածքների ստեղծմա՞նը կամ, ասենք, համաշխարհային շուկայում մրցունակ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների ինկուբացիոն IT-պարկի կառուցմա՞նը։ Կամ հայկական ձեռնարկություններից արդիական զինատեսակների մշակման եւ գնման պետական պատվերնե՞ր են, որոնք միաժամանակ կամրապնդեին անվտանգությունը եւ կաշխուժացնեին տնտեսությունն ու գիտությունը։ Ոչ, դրանք բոլորը հիմնականում կառավարական ծախսեր են. շենքերի վերանորոգում, մեքենաների, գույքի, սարքավորումների ձեռքբերում։ Կամ էլ, ինչպես երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեցի, բուհական եւ դպրոցական համայնքներում, հանրային այլ ոլորտներում իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական հենարանի սնուցման, կոպիտ ասած, բազեաբուծական ծախսեր։

Իսկ միգուցե այդ ծախսերը իրագործվում են, որովհետեւ բյուջեի եկամուտները աճել են նախատեսվածից ավելի։ Կրկին, ո՛չ, քանի որ բյուջեի եկամուտները չեն կատարվել։ 2015թ. Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, բյուջեի ծախսերի ճշտումը դեպի ավելացում կարող է իրագործվել միայն պետական գույքի մասնավորեցման, պետական պարտատոմսերի թողարկման, վարկերի եւ դրամաշնորհների հաշվին: Պետական գույքի մասնավորեցումից չնչին գումարներ են ստացվել: Հետեւաբար, այդ անիմաստ եւ միայն նեղ խմբակին հարստացնող ծախսերը կատարվել են պետական պարտքի կուտակման, Հայաստանը սնանկության մոտեցնելու եւ այդ ծանր ֆինանսական բեռը մեր ապագա սերունդների ուսերին դնելու հաշվին։

Չգիտե՞ն, որ չի կարելի անընդհատ պարտքեր կուտակել եւ չիրագործել զարգացման ծրագրեր, որոնց շնորհիվ պետք է կարողանանք այդ պարտքերը հետ տալ, քանի որ այդպես Հայաստանը պարզապես գլորվում է պարտքային փոսի մեջ, որից դուրս գալու գինը լինելու են մարդկային եւ տարածքային կորուստները։

Գիտեն, բայց գալիս են այստեղ, ներկայացնում են ամեն ինչ վայելչագեղ տեսքով եւ օլիմպիական հանգստությամբ, տեղ-տեղ էլ իրենց վերեւներից սեթեւեթ հանդուրժողականությամբ հումորներ են շաղ տալիս, կարծես ոչինչ չի եղել։ Եթե մի քիչ ադեկվատ լինեիք իրականությանը, պետք է գայիք եւ հայտարարեիք հետեւյալը:

Երկիրն այս մեթոդներով այլեւս կառավարել չի կարելի: Հայաստանը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, ինչը սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Պետք է արագորեն գտնել եւ կատարել արմատական քայլեր, որոնք կտրուկ կփոխեն երկրում սոցիալ տնտեսական միտումների ընթացքը: Նորից պնդում ենք, պետք է հանրային քննարկման լայն ձեւաչափերով հրատապ մշակել եւ ընդունել հակաճգնաժամային ծրագիր, դրա մշակման մեջ ընդգրկել բոլոր լավագույն մասնագետներին՝ Ազգային Ժողովը դարձնելով նման հանրային բանավեճի հիմնական հարթակ:

Երեկ վարչապետը համաձայնվեց մեր հարցադրմանը, որ պետք է վերանայել բոլոր անարդյունավետ ծախսերը, սակայն նշեց, որ դրա պատասխանատուն Ազգային ժողովն է, քանի որ կառավարության բյուջետային քաղաքականությունը կարող է տարածվել միայն կառավարության պահուստային ֆոնդի վրա: Եվ ուրեմն այս հանրային բանավեճի նախաձեռնման լավագույն ձեւն է, որ արտահերթ նստաշրջանով վերանայենք 2016թ.-ի հաստատված բյուջետային քաղաքականությունը: Եթե սա չարվի, մենք ամբողջ 2016-ի ընթացքում դատապարտված ենք լինելու շարունակել հին, կործանարար քաղաքականությունը: Հուսով եմ, որ կառավարությունը եզրափակիչ ելույթներում կանդրադառնա մեր այս առաջարկներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930