ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ քառասունիններորդ
Կարդացեք նաև
ՎԵՐՍՏԻՆ
Իր էդ բացախոսության պատճառով շատերն ու մանավանդ նկարիչները Վարուժին մեծամիտ էին համարում, մինչդեռ ձեր խոնարհ ծառան Վարուժին ոչ թե մեծամիտ էր համարում, այլ մեծ՝ շատ մեծ երեխա, որովհետեւ ինքը մշտապես ու բացեիբաց ասում էր էն ամենը՝ ինչ մտածում էր, եւ ինքն էդ ու այլ առումներով մյուս մահկանացուներիցս չափազանց էր տարբեր, եւ եթե ինձ պարտադրվի Վարուժին որեւէ մեկի հետ համեմատել, կհամարձակվեմ իրեն մեծն Վիլյամ Սարոյանի հետ համեմատել, եւ ամենեւին պատահական չէր, որ Սարոյանը վերջին անգամ Երեւանում գտնվելով ու ժամանակակից արվեստի թանգարան այցելելով՝ Վարուժի նկարները տեսել, հավանել ու ցանկություն էր հայտնել այցելել Վարուժի արվեստանոց, եւ այցելությունը Հրանտ Մաթեւոսյանի ու Վահագն Դավթյանի միջոցով ու նախաձեռնությամբ տեղի էր ունեցել, եւ չորսի իրենց լուսանկարը Վարուժը սրբությամբ պահում ու էդ լուսանկարով հպարտանում էր՝ ինչպես որ հիմա ձեր խոնարհ ծառան է հպարտանում Վարուժի հետ իր մտերմությամբ, որովհետեւ ձեր խոնարհ ծառան Վարուժին մեծ նկարիչ է համարում, եւ եթե էսօրվա օրով շատերն իրեն մոռացել ու չեն հիշում, եւ եթե նոր սերունդը Վարուժի մասին ընդհանրապես որեւէ պատկերացում չունի, դա ոչ թե Վարուժի մեղքով է, այլ՝ իրեն ճանաչածների ու մոռացության մատնածների, ավելի ճիշտ՝ իրեն ճանաչածների ու իրեն մոռանալ փորձողների, որովհետեւ իրականում Վարուժին մոռանալն անհնարին է՝ քանի դեռ իր նկարները կան Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բեյրութում ու այլուր, եւ նմանապես Մկրտչյան Կարո անունով գեղանկարչին մոռանալն է անհնար, եւ չնայած Կարոյին ավելի հաջողությամբ ենք մոռացության մատնել, այդուհանդերձ, եթե Մկրտչյան Կարոյին անդրադառնալու ժամանակ ու հնարավորություն ինձ տրվի, մի օր էլ Կարոյին եմ մանրակրկիտ ու հանգամանալից անդրադառնալու, որովհետեւ Վարուժին, Կարոյին ու այլ արժանավորներին մոռացության մատնելով՝ ինքներս մեզ ենք մոռացության մատնում, այլ ոչ թե՝ իրենց, եւ մինչ էս բաների մասին եմ մտորում, ուրիշ արժանավորներ էլ են հեռանում մեզանից, եւ վերջինն իմ համակուրսեցի բանաստեղծ Բեյլերյան Հրաչն էր, ով եւս Բարձրյալից տաղանդի շոշափելի չափաբաժին էր ստացել, եւ նախավերջինն էլ Իսրայելյան Վրեժն էր, ով Բարձրյալից ահագին արժանիքներ ստանալով՝ հանդգնեց ձեռք բարձրացնել իր էդ ստացածի վրա, եւ մինչ էս բաներն էի մտորում, երկու հազար տասներեքը մոտեցավ իր անփառունակ ավարտին՝ Վրեժին, Հրաչին ու էլի շատ ու շատ ուրիշների առայժմ մեզ անհայտ վայրեր ճանապարհելով, եւ հիմա վերստին տարեմուտ է, եւ քանի որ Արշակն իր կուսակցության գրասենյակը վաղուց կորցրել ու ինքն իրեն տեղավորել է Հանրային խորհրդի սենյակներից մեկում, մենք էս տասներեքն էլ որեւէ այլ վայրում կճանապարհենք նույն կազմով՝ ինչ կազմով որ մի տարի առաջ տասներկու թվականը ճանապարհեցինք, եւ սա որոշակի մխիթարանք է, որովհետեւ տասներեքին, ի տաբերություն այլ խմբերի, Օրթախի խումբը փոփոխության չենթարկվեց՝ ոչ միայն կազմի առումով, այլեւ՝ սովորությունների ու նախասիրությունների. ավելին. կազմի առումով Օրթախի խումբը ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է մի ամբողջ միավորով՝ ի դեմս ճարտարապետ Կորյունի, ով ճարտարապետ լինելով՝ մաթեմատիկայի ու ֆիզիկայի էնպիսի խնդիրներ է հրամցնում, որոնք նույնիսկ Ղուշչյանը, Վարոն, Հայկունն ու անձամբ Օրթախն են դժվարանում լուծել, եւ պետք է խոստովանեմ, որ ճարտարապետ ու շամշադինցի Կորյունը նույնիսկ ահագին բան տեսած ձեր խոնարհ ծառայի համար է մարդկային միանգամայն նոր ու անծանոթ տեսակ:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:


















































