Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Չիլինգարյան. «Թերեւս բոլորս ենթարկվում ենք խտրականության»

Հոկտեմբեր 10,2016 17:10

«Խտրականությունը մեծագույն խնդիր է ոչ միայն այն անհատների համար, որոնք ենթարկվում են խտրականության, այլ ամբողջ հասարակության»,- հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Անահիտ Չիլինգարյանը:

Նա սահմանեց խտրականություն եզրը՝ անձի կամ անձանց նկատմամբ տարբերակող վերաբերմունք՝ պայմանավորված որոշ հանգամանքներով, որի արդյունքում անձը կամ խումբը հայտնվում է նվաստ բարենպաստ պայմաններում, հետեւաբար՝ սահմանափակվում են նրանց իրավունքները. «Ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձը մարգինալիզացվում է, օտարվում է, սահմանափակվում են նրա հնարավորությունները, նրա ամբողջ ներուժը օգտագործելու հնարավորությունները հասարակության մեջ:

Հայաստանում խտրականության դրսեւորումներ կարող են հանդիպել հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, աշխատաշուկայում, հասարակական-քաղաքական կյանքում: Շատ հետաքրքիր է այն փաստը, որ թերեւս բոլորս ենթարկվում ենք խտրականության, երեւի ամեն օր, շատ տարբեր հանգամանքներում, շատ անգամ չենք գիտակցում, որ խտրականություն էր, որ հանգեցրեց մեր իրավունքների սահմանափակմանը, քանի որ կա իրազեկման պակաս»:

Անահիտ Չիլինգարյանը որպես օրինակ բերեց կրթության հասանելիությունը. «Սոցիալական կարգավիճակով պայմանավորված՝ աղքատ եւ սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաների կրթության իրավունքն է շատ հաճախ խախտվում: Աշխարհագրական հեռու վայրերում գտնվող երեխաների կրթության իրավունքն է շատ հաճախ խախտվում: Էթնիկական հիմքով, սեռի հիմքով՝ ինչպես գիտենք եզդիական համայնքում գոյություն ունի բավականին լուրջ խնդիր աղջիկների դպրոց հաճախելու հետ, հատկապես՝ պատանեկության տարիքում»:

Անահիտ Չիլինգարյանը ընդգծեց, որ սա անհատի խնդիրը չէ, այլ հասարակության եւ պետական կարգավորման կարիք կա. «Լուրջ վտանգվում է ամբողջ հասարակության զարգացվածությունը, որովհետեւ դժվար է պատկերացնել հասարակություն, որում հասարակության ներկայացուցիչների մի մասը զրկված է իր ներուժը օգտագործելու ռեալ հնարավորությունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31