Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդանոցները կթանկացնե՞ն մսի գինը

Հունվար 13,2017 14:00

Շուկաներում մսի վաճառքն ավելի անվտանգ դարձնելու համար հուլիսի 1-ից նոր օրենքով գյուղացին անասունը կմորթի միայն սպանդանոցում: Այսինքն` բակային պայմաններում մորթված կենդանու միսը վաճառակետերը չեն կարող ընդունել: Հինգ ամսից, սակայն, անասնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողները կանգնելու են խնդիրների առջեւ, քանի որ ոչ բոլոր մարզերում են առկա սպանդանոցներ: Հայաստանի 4 խոշոր մարզերում, օրինակ` Գեղարքունիքում, Արմավիրում, Շիրակում եւ Տավուշում, որտեղ եւս անասնապահությունը զարգացած է, եւ գյուղացիների մեծ մասը այդ բիզնեսով են զբաղվում, սպանդանոցներ չկան: Գյուղացին մորթը կազմակերպելու համար պետք է փոխադրամիջոց վարձի եւ անասուններին տեղափոխի իրեն մոտակա այն մարզը, որտեղ սպանդանոց կա: Այս պահին, գյուղնախարարության տվյալներով, Հայաստանում առկա է 11 սպանդանոց:

Անասուններին սպանդանոցում մորթելն, իհարկե, քաղաքակիրթ ճանապարհ է, սակայն նկատենք, որ բացի այն, որ սպանդանոցի մատուցած ծառայությունն ուղղակիորեն ազդելու է մսի գնի վրա, եւ միսը թանկանալու է, սպանդանոցների բացակայությունը որոշ մարզերում մսի արժեքն ավելի է բարձրացնելու: Հանրապետության 4 մարզերում սպանդանոցների բացակայությունը «Առավոտի» հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը բացատրեց ներդրողների` այս ոլորտում հետաքրքրության բացակայությամբ, սակայն գյուղնախարարության մասնագետը հույս հայտնեց, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, երբ մորթը սպանդանոցում կազմակերպելը պարտադիր կլինի, ներդրողների հետաքրքրությունն այս ոլորտում կմեծանա: Ըստ գյուղնախարարության պատասխանատուի՝ այն մարզերում, որտեղ սպանդանոցներ չկան, փոքր եւ միջին հզորության սպանդանոցների անհրաժեշտություն կա:

Պարոն Տեր-Իսահակյանն ասաց, որ 2017-2020 թվականների համար մշակվել է սպանդանոցների զարգացման ռազմավարական ծրագիր, եւ ներկայումս այն քննարկման փուլում է:

Մեր հարցին, թե գյուղնախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին, վերլուծե՞լ է, թե սպանդանոցի մատուցած ծառայությունը որքանով կբարձրացնի մսի գինը, այսինքն` առաջին անհրաժեշտության սպառման ապրանքի գնաճը որքան կարող է լինել, եւ ով է վերահսկելու, որպեսզի սպանդանոցները իրատեսական գին պահանջեն մատուցած ծառայության դիմաց՝ հատկապես, որ մորթի այլ տարբերակ մարդիկ չեն ունենալու: Պարոն Տեր-Իսահակյանն ասաց, որ այդ հարցերը դեռեւս քննարկման փուլում են, եւ որ սպանդանոցները կարգավորելու են ծառայության մատուցման գինը. «Որովհետեւ իրենք կարող է առաջարկեն երկու տարբերակ` կենդանու համար ինքը կանխիկ վճարի եւ ինքը իրացնի, եւ մյուս տարբերակը` սպանդանոցին գումար վճարեն ծառայության մատուցման համար եւ մսեղիքը վերցնեն, կամ տարբերակներից մեկը կարող է լինել, որ համաձայնության գան եւ երկրորդային հումքը` կաշին, ոսկորները, ներքին օրգանները, մնա սպանդանոցի տնտեսվարողին եւ դրա դիմաց նրան մատուցվի ծառայություն: Այդ ամենը արդեն շուկայական հարաբերություններ են, եւ գինը կախված կլինի նրանից, թե ծառայությունն ինչ չափով կմատուցվի: Այդ հարցերը դեռ քննարկման փուլում են, որովհետեւ միջնորդ կազմակերպություններ կան, որ այսօր առհասարակ իրենք էլ են գինը բարձրացնում, իսկ այս պարագայում դիտարկվում է այն տարբերակը, որ միգուցե նույն սպանդանոցն ինքն իր փոխադրամիջոցով հավաքի կենդանիներին, եւ կարող է դա կոմպենսացնել»:

Ինչ վերաբերում է ոչ իրատեսական գներ սահմանելուն, ապա մեր զրուցակիցն ասաց, որ արհեստական թանկացումների եւ ոչ բարեխիղճ մրցակցության պարագայում համապատասխան գերատեսչություններն իրենց հսկողության տակ կպահեն հարցը:
Մեր այն դիտարկմանը, թե կենդանիներին սպանդի համար այլ մարզեր տեղափոխելը նույնպես կարտացոլվի մսի գնի ձեւավորման վրա, քանի որ կենդանու տեղափոխման եւ մսամթերքի տեղափոխման ծախսը նույնը չէ, եւ կենդանու պարագայում ավելի մեծ ծախս է ենթադրվում, նախարարության մասնագետն ասաց, որ, այնուամենայնիվ, այդ կենդանին այսօր էլ այդ ճանապարհն անցնում է, եւ ընդհանուր պատկերի վրա այդքան չի անդրադառնա. «Կարող է գյուղում լինի մարդ, որը ամբողջ համայնքի կենդանիներին հարմարեցված մեքենայով տանի, հասցնի սպանդանոց, այդ պարագայում նրանց վրա տեղափոխման ծախսերը էական դեր չեն ունենա: Կամ կենդանիների գլխաքանակի ավելացման պարագայում միջնորդը կամ ծառայություն մատուցողը կկազմակերպեն տեղափոխումը»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031