Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ տարածաշրջանը` իր փակ սահմաններով

Ապրիլ 01,2017 12:00

Ըստ Գելա Վասաձեի` Հայաստան-Վրաստան
հարաբերություններում ներուժը չի օգտագործվում

Եվրոպային ամբողջական ինտեգրվելու ճանապարհին եւս մեկ քայլ

Վրաստանում մարտի 28-ից սկսեց գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին որոշումը հրապարակվեց մարտի 8-ին։ Եվրոպայի խորհուրդը փետրվարի 27-ին պաշտոնապես հաստատեց Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշումը:

Հարեւան երկրի քաղաքացիներն, այսպիսով, կարող են առանց շենգեն վիզայի այցելել ԵՄ երկրներ կենսաչափական անձնագրերով։ Այցը պետք է լինի կես տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր տեւողությամբ։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ առանց վիզայի ռեժիմը նպաստելու է հարաբերությունների զարգացմանը, բիզնես-կապերի ընդլայնմանը: Գերատեսչությունը առանձնակի կարեւորում է, որ առանց վիզայի ռեժիմը հասանելի կլինի Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի Վրաստանի քաղաքացիների համար: «Մենք հավակնություն ունենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ: Այդ քաղաքական որոշման համար մեզ անհրաժեշտ է, որ երկիրը պրակտիկ տեսանկյունից առավելագույնս պատրաստվի ՝ հաստատի Եվրամիության չափանիշները եւ առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Դա հնարավոր կլինի գործողությունների ծրագրի միայն համալիր եւ լիարժեք իրականացման դեպքում: Մենք նման ծրագիր ունենք, եւ մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել դրա իրականացման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչության վեց կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հաջող իրականացում, Եվրամիության մասնագիտացված գործակալություններին առավելագույն ինտեգրում, ԵՄ-ի ծրագրերին Վրաստանի մասնակցության արդյունավետության մեծացում, ԵՄ-ի կառույցների հետ բանակցությունների փուլից համագործակցության փուլի անցում, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում երկխոսության խորացում, Եվրամիության ներքին շուկային ֆիզիկական ինտեգրում, ինչը ենթադրում է տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցային ինտեգրում:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին համարում է, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկումը եվրաինտեգրմանը նպաստող եւս մեկ քայլ է: «Ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին եվրաինտեգրման տեսանկյունից եւս մեկ քայլի առիթով: Դա վրաց հասարակության, կառավարության եւ երկրի գործընկերների միասնական աշխատանքի արդյունքն է: Այդ քայլի արդյունքում մեզ համար ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում այն նպատակի իրականացման համար, ինչի համար միասին աշխատում են հասարակությունը եւ իշխանությունը, եւ որը ենթադրում է ամբողջական ինտեգրում Եվրոպային»,- ասել է Մարգելաշվիլին: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թվիթերում գրել էր. «Շնորհավորանքներս: Սա հիրավի պատմական օր է: Շնորհակալությո՛ւն, Եվրախորհրդարան»:

«Հարավային Կովկասի պետությունները դատապարտված են միասին զարգանալ»

Վրաստանի հետ Հայաստանը ջերմ բարեկամական հարաբերություններ ունի՝ «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի երեւանյան նստաշրջանում երկու շաբաթ առաջ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Հայաստանի հետ Վրաստանի սահմանը հնագույն սահման է, որը հազարավոր տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել: Մենք մեր հարաբերությունները պետք է կառուցենք հենց նկատի ունենալով այդ հին, եղբայրական հարաբերությունները: Հույս ունենք, որ այն գործընթացները, որոնք կատարվում են տարածաշրջանում, կստեղծեն հնարավորություն լիարժեք ինտեգրվելու ազատ առեւտրի եւ այլ ինտեգրացիոն պրոցեսներում»,- ասաց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ վրաց գործընկերների հետ սերտորեն աշխատում են, եւ հույս կա, որ հայ-վրացական հարաբերություններում դրական շարժընթաց կլինի:

Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն, որը օրեր առաջ Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարի հիմնական զեկուցողն էր, եւս խոսեց Վրաստան-Հայաստան հարաբերությունների առնչությամբ:
«Հայաստանը մեր լավ հարեւանն է, իսկ ո՞վ է Ադրբեջանը… Ադրբեջանն էլ ռազմավարական գործընկերն է»,- նկատեց վրաց փորձագետը` հավելելով. «Եթե դիտարկենք հարաբերությունների դինամիկան, շատ կարեւոր դեր է խաղում այն, որ Վրաստանում հրաշալի հասկանում են տարածաշրջանում հավասարակշռության պահպանման կարեւորությունը՝ չնայած այն փաստին, որ Վրաստանը տնտեսապես առավել կախված է Ադրբեջանից ու Թուրքիայից, քան Հայաստանից: Բայց տարածաշրջանում հավասարակշռությունն անհրաժեշտ է»:

Գելա Վասաձեի համոզմամբ` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում մեկ բան կա, որ առայժմ չեն հասկանում: «Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասի մեր երեք պետությունների համար միակ ուղին մեր հետաքրքրությունների ու շահերի գիտակցումն ու ընդհանուր շահերի առաջնահերթությունն է ունեցած տարաձայնությունների նկատմամբ»,- նշեց վրաց փորձագետը` նկատելով, որ, իհարկե, այսօր սա չափազանց ֆանտաստիկ մի գաղափար է թվում:

Եկեք մտորենք` ձեռնտո՞ւ է Վրաստանին Հայաստանի շրջափակումը, հարցրեց Գելա Վասաձեն` շարունակելով. «Այսօրվա դրությամբ Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որը, նախեւառաջ, ամենամեծն է իր փակ սահմաններով: Փակ են Հայաստան-Ադրբեջան սահմանը, Հայաստան-Թուրքիա սահմանը, ըստ էության, փակ է Ռուսաստան-Վրաստան սահմանը: Վրաստանն ունի 4 միլիոն բնակչություն, Հայաստանը` 3 միլիոն, նույնիսկ Ադրբեջանն իր 9 միլիոն բնակչությամբ, միեւնույն է, սա փոքր տարածաշրջան է` որպես շուկա: Վրաստանը ձգտում է ԵՄ անդամության, Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է, դուք անդամակցում եք ԵԱՏՄ-ին, եւ սա արդեն փաստ է, դա նշանակում է, որ դուք որոշակի առեւտրային նախընտրություններ ունեք: Տարածաշրջանի զարգացման տեսանկյունից, այն իրավիճակում, որում գտնվում է մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասի մեր պետությունները դատապարտված են միասին զարգանալ: Սա առաջին հերթին պետք է գիտակցի Վրաստանի քաղաքական էլիտան, ինչպես նաեւ Հայաստանինն ու Ադրբեջանինը»:

Գելա Վասաձեի փոխանցմամբ` ընդհանուր շահերի առաջնահերթություն ասելով` նկատի ունի տարածաշրջանի զարգացումը, որն ավելի կարեւոր է, քան առանձին երկրների առաջնահերթությունները: «Պատկերավոր եթե բացատրեմ` հիվանդը պառկած է անկողնում, շնչում է, բայց ոտքի էլ չի կանգնում: Այսպես կբնութագրեի նաեւ այս պահին Վրաստան-Հայաստան հարաբերությունները, որովհետեւ այն ներուժը, որն ունենք, չի օգտագործվում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»:

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 31.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930