Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի, հրապարակվեց Պարույր Հայրիկյանն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի եւ «Հրապարակ» օրաթերթի գործով վճիռը։
Ըստ այդմ՝ պատասխանող կողմին պարտավորեցվում է հրապարակել «ներողության տեքստը» հայցվորի խմբագրմամբ, ինչպես նաեւ պատասխանողից՝ հօգուտ Պարույր Հայրիկյանի, համապարտության կարգով բռնագանձվում է 8 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
– Պարոն Անդրեասյան, կարելի՞ է ասել, որ Հայրիկյանը հասավ իր նպատակին։
– Ես կասեի՝ մասամբ հասավ։ Ահագին գումար կարող էր աշխատել՝ որպես պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում, բայց դատարանը «խանգարեց»։
– Բայց կարեւորը ներողության տեքստն է, որ Ձեզ պարտավորեցրել են հրապարակել։
– Այո, իհարկե, կարեւորը դա է։ Բայց պակաս կարեւոր չէ նաեւ ՀՀ դատարանի 30 էջանոց վճիռը, որտեղ կես բառով անգամ փաստված չէ, որ Էդիկ Անդրեասյանը եւ «Հրապարակ» օրաթերթը վիրավորել են, ավելին՝ «միտումնավոր, հատուկ նպատակով», ինչպես գրել են հայցադիմումի մեջ, վիրավորել են Հայրիկյանին։ Եթե իրոք վիրավորել եմ (ենք), այն էլ՝ միտումնավոր եւ հատուկ նպատակով, այդ դեպքում ինչու է դատարանը բավարարվում միայն ներողություն խնդրելուն պարտավորեցնելով։ Իսկ եթե չեմ վիրավորել, ինչու հայցը չեն մերժել ամբողջությամբ։ Դատարանում քանիցս հայտարարել եմ, որ Պարույր Հայրիկյանին անձամբ չեմ ճանաչել, հետեւաբար, խնդրո առարկա հոդվածով հատուկ նպատակ չեմ ունեցել նրան վիրավորելու կամ ծաղրելու։ Նաեւ ներկայացրել եմ հայցվոր կողմի բերած, այսպես կոչված՝ «վիրավորական արտահայտությունների» բոլոր բացատրությունները՝ թե՛ լեզվամտածողության եւ թե՛ քաղաքական դատողությունների տեսանկյունից։ Ես չեմ զղջում այդ հոդվածը հրապարակելու համար, այլ ափսոսում եմ, որ Հայրիկյանի կողմից այն վիրավորանք է նկատվել։ Սրանք տարբեր բաներ են։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































