Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց զորակոչելու հարցը վաղուցվանից է օրակարգում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2017 10:50

Հեռու չեն այն ժամանակները, երբ զինվորական ծառայությունը պարտադիր կլինի նաեւ իգական սեռի ներկայացուցիչների համար։ Ի մի բերելով մի շարք հանգամանքներ՝ ՀՀ-ի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական առկա իրավիճակը, ՀՀ դեմոգրաֆիական պատկերը եւ պաշտպանական ոլորտում իրականացվող արդիականացումը, «ոչ ստանդարտ» լուծումները, «Ազգ-բանակի» փիլիսոփայությունը, ինչու չէ՝ նաեւ միջազգային որոշ պարտավորություններ (գենդերային հավասարությանն առնչվող), կարելի է եզրակացնել, որ նման հեռանկարն ամենեւին էլ անիրատեսական չէ։ ՀՀ իշխանություններն արդեն իսկ ապահովել են իրավական, նաեւ ոչ պակաս կարեւոր՝ քարոզչական նախադրյալներ՝ «հայկազյան երկրի նուրբ օրիորդաց» նույնպես բանակ զորակոչելու համար։

Այսօր իսկ տարբեր քաղաքական գործիչների վերապահված է այդ գաղափարը հասունացնելու եւ պահանջարկ ձեւավորելու առաքելությունը։ Իհարկե, առայժմ «պարտադիր» բառի կիրառումից խուսափում են՝ առաջարկը ներկայացնելով քնքուշ, «չխրտնեցնող» ձեւակերպումներով, իբր՝ ծառայությունը պետք է լինի կամընտիր, սակայն զորակոչային ռեզերվին սպառնացող սնանկացումն անխուսափելիորեն բերելու է նրան, որ մի գեղեցիկ օր բանակ զորակոչվելու ծանուցագիր ստանան նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Վիգեն Սարգսյանի ԱԺ բերած աղմկահարույց նախագծի քննարկման ֆոնին առանձնացան մի շարք գործիչներ, ովքեր սկսել են հող նախապատրաստել նման հեռանկարի համար։

Նշենք մի տանի փաստ։ Իշխանության տրուբադուր, ՀՀ ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի նախկին խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն օրերս հայտարարեց. «Ես նույնիսկ կարող եմ առաջարկություն անել, որ ժամանակն է, որ հայ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները՝ աղջիկները, առաջարկեն, որ իրենք են պատրաստ գնալ ծառայության՝ առանց տարկետման իրավունքի»։ Երեք դուստրերի հայր Պնախարար Վիգեն Սարգսյանն էլ, ի դեպ, այս գաղափարի մասին հպանցիկ ակնարկել էր անցյալ տարի այս օրերին ԱԺ-ում «Ազգ-բանակ» հայեցակարգի քննարկումների ժամանակ։

ԱԺ ամբիոնից նա համանման մի միտք էլ հայտնեց «Արմենիա» ՀԸ-ի հոկտեմբերի 22-ի «Ժամը» հաղորդման եթերում՝ մասնավորապես հայտարարելով, թե խոսքը բացարձակ չի վերաբերում պարտադիր ժամկետային ծառայությանը։ Ապա կոնկրետացրեց միտքը. «Ուղղակի մենք այսօր արդեն բանակում ունենք բազմաթիվ կանանց, որոնք անցնում են ծառայություն եւ ոչ պակաս լավ արդյունքներով, քան տղամարդիկ։ Խոսքը վերաբերում է նրան, որ այն կանայք, որ ունեն նման ցանկություն, պատրաստականություն, լինի դա ժամկետային կամ պայմանագրային ծառայություն, ունենան դա անելու հնարավորություն՝ որպես կամընտիր հնարավորություն։ Եվ նաեւ այն կանայք, որ զինված ուժերում են, այո, պետք է ունենան առաջխաղացման հավասար հնարավորություններ, որովհետեւ դա միայն մեր բանակի խնդիրը չէ։ Աշխարհի ցանկացած բանակ դրանով անցել է։ Կանայք միշտ համարվել են լրացուցիչ, սպասարկող, օժանդակ պաշտոնների վրա աշխատող սպաներ եւ ենթասպաներ։ Դա սխալ է, որովհետեւ մենք կրկնակի նվազեցնում ենք մեր ներուժը, իսկ հաշվի առնելով մեր ժողովրդագրական տվյալները եւ իրականությունը, դա անելն անիմաստ է, որովհետեւ մենք ուղղակի կիսում ենք մեր հնարավորությունները 50 տոկոսով»։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031