Պատճառը «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հասցեին
«վերակառուցման մակաբույծներ» արտահայտությունն էր
Հարցազրույց Գերագույն խորհրդի պատգամավոր Անահիտ Գեւորգյանի հետ
Գերագույն խորհրդի լիազորությունները վայր դնելուց հետո Արցախում բնակություն հաստատեցին ԳԽ երկու պատգամավորներ՝ Տիգրան Կյուրեղյանն ու Անահիտ Գեւորգյանը:
– Անահիտ, այս օրերին փորձ է արվում գնահատել 30 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը, հիշելու շարժման նվիրյալներին, ակտիվիստներին: Որտե՞ղ էիք, ինչպե՞ս այն սկսվեց:
– 30 տարի առաջ ինչպես ողջ Հայաստանում, Հրազդանի շրջանում եւս (այժմ` Կոտայքի մարզ) գորբաչովյան վերակառուցումը անսովոր, աշխուժացնող, միաժամանակ անհանգստության թրթիռ էր արթնացրել…
Ասես, ժամանակը խոսում էր մարդկանց սրտի հետ, քաջալերում էր նրանց ու հավաստիացնում, որ բոլոր հարցերը լուծելի են, եթե հայորդիները (ինչպես` միշտ) դարձյալ կարողանան տիրապետել ժամանակին, թափ տան իրենց, արթնանան, սթափվեն, ընդարմացման պատանքը ճեղքեն ու տիրեն ժամանակին:
Հրազդանի բոլոր բնակավայրերում եւս նորին հետամուտ ուժերը կարողացան հավաքվել եւ հաղթահարել ԽՍՀՄ-ին բնորոշ բոլոր տեսակի արգելքները, խարդավանքները, հանցագործ գործողությունները, որոնց անթերի տիրապետում էին Հրազդանի կուսշրջկոմում, շրջգործկոմում ու քաղխորհուրդներում, նաեւ թերթում (որտեղ տողերիս հեղինակը խմբագրի տեղակալ էր):
Դեպքերը հայտնի են, ժողովրդական զանգվածների դեմ մեքենայությունները` միեւնույն մկրատով կտրած:
– Փորձիր հիշել առաջին հավաքները:
– Արցախի օրինական անկախացման, մայր Հայաստանի գիրկը վերադարձնելու սրբազնագույն հարցը պետք է լուծվեր ԼՂԻՄ նստաշրջանի որոշումով՝ 1988թ. փետրվարի 20-ին եւ բոլորի ջանքերը կենտրոնացված էին ի նպաստ դրա:
Ստորագրահավաքներ էին սկսվել հիմնարկ-ձեռնարկություններում, հատկապես ռադիոգործարանում, «Հրազդանմեքենայում», ամենուր:
Հանրահավաքները սկսվեցին բարձրախոսների եւ տեխնիկական միջոցների հայթայթմամբ, կազմակերպական հարցերի լուծմամբ, զուգահեռ՝ պետք է աչալուրջ լինեինք ծուղակների նկատման դեպքում, փորձեինք հաղթահարել:
– Ի՞նչ ծուղակներ նկատի ունես:
– Օրինակ, Արկադի Մանուչարովի անունը «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացմամբ պետք է գրանցվեր «Տեղեկագրում», որպես պատգամավորության թեկնածու: Սակայն կենտկոմից առարկել էին (Ոսկանյանը)` պատճառաբանելով նրա բանտարկված լինելը: Նորօրյա պայքարի ուժերը գրավել էին տպարանը, միլիցիան տագնապ էր հայտարարել: Բաքվի կուսդպրոցն ավարտած շրջանային թերթի խմբագիրը գործում էր ոչ թե ըստ հանրապետական, այլ միութենական մամուլի հղումների: Արդեն պարզ է, որ «Հրազդան» թերթը պետք է առջեւից ընթացող ջահ լինի, գարշահոտ ժահրի էր վերածվել:
Առջեւում մնալու նկատառումով 3 տարբեր «ՏՑօրՍ»- ներ էր տպել, որպեսզի ըստ հարկի ցույց տար հարմար տարբերակը: Ասենք, մեկում իբր եղել է Ա. Մանուչարովի անունը, 1-ին քարտուղարն է հանել տվել: Մյուս տարբերակում անունը չի եղել, ըստ հարկի կենտկոմում կարդարանար, 3-րդ տարբերակն էլ այս երկուսի խառնուրդն էր:
Աթոռապաշտ պաշտոնյաները խառնվել էին իրար:
– Դու աշխատում էիր այդ ժամանակ «Հրազդան» թերթում, լսել, եմ, որ թերթի դեմ միտինգներ եղան, ինչո՞ւ:
– «Հրազդան» թերթի դեմ բողոքի ցույց էին կազմակերպել «Հրազդանմեքենայի» աշխատակիցները՝ արհմիության նախագահ Կ. Բերբերյանի գլխավորությամբ:
Չարենցավանցիները ցույցերի ժամանակ պատիվ էին պահանջում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հասցեին թերթում «վերակառուցման մակաբույծներ, անպատասխանատու մարդիկ, կարիերիստներ, ինչ-որ կոմերիտականներ» եւ այլ վիրավորական արտահայտություններով վարկաբեկելու համար:
Մի օրինակ եւս: Այդ անհանգիստ օրերին անկեղծ խոսափող էր պետք:
Օրինական ձեւակերպումները կատարեցին համապատասխան մարմինները, սակայն տպարանում արգելքներ ստեղծեցին:
«Սեւան» շրջանային թերթի խմբագիր Յուրի Խաչատրյանը հասավ օգնության: «Հրազդան» թերթի 2 աշխատակիցների հետ Դիլիջանի տպարանում տպեցինք` գիշերն ացկացնելով «իշաոտնուկների» վրա: Իսկ երբ վերադարձանք, Միկրոշրջանում մեկ բաժակ սուրճ խմելու ընթացքում Յուրայի մեքենան գողացան, եւ իբր չէին գտնում, մինչեւ Յուրան չդիմեց իր մեծապաշտոն բարեկամին:
Հանրահավաքները նույն կերպ խափանում էին: Փետրվարի 27-ին հայտարարված հանրահավաքը չբացված վերջացավ «ցեխավիկների» եւ նմանների սողոսկման հետեւանքով` ծեծկռտուք սարքելով:
Ինչեւէ, նորօրյա ուժը կամային էր ու հաղթական, Ա. Մանուչարովը Չարենցավանում ընտրվեց ՀԽՍՀ պատգամավոր:
– Ես հիշում եմ, թե ինչպես էին խանգարում շրջաններից առաջին ցույցերին մասնակիցներին, ինչպես այսօր են խանգարում: Այդպե՞ս էր:
– Չարենցավանի գործկոմը պաշարել էր Երեւան տանող ճանապարհը, որպեսզի հանրահավաքին չմասնակցեն Հրազդանից դուրս եկած ջոկատները:
Այդ բոլոր անցուդարձերը նորընծա «Վարաժնունիք» թերթը կարողանում էր դես ու դեն տպագրվելով ներկայացնել: Հրազդանն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ Ադրբեջանից փախստականները շատ էին: Պետք էր նրանց հանդիպել, հոգալ նրանց կարիքները՝ կենսապայմանների հետ կապված եւ զանազան խնդիրների լուծելուն հետամուտ լինել, զորակցել ամեն կերպ, ջոկատների կազմակերպում…ՀՀՇ կոմիտեի ներկայացուցիչների հետ ժողովրդի հանդիպումներ` Իգոր Մուրադյան, Աշոտ Հակոբյան, Սանասար Հակոբյան եւ ուրիշներ…
– Իսկ իշխանություններն այդ օրերին ի՞նչ էին անում:
– Հիասթափեցնող իշխանությունները խորը հիասթափեցնում էին: Որտեղ գաղափարի եւ արդարության գործնականություն էր պետք, նրանք ծիկրակում էին վարագույրի արանքից: Նրանց վայել չէր իջնել մարդկանց մեջ, իսկ իրականում նրանք երկչոտ անկարողներ էին: Նրանք «անխոնջ աշխատում էին», բայց օգիտես ինչու` դժգոհությունները շարունակ աճում էին:
Այո, մենք առայսօր վայելում ենք հրապարակային ազատությունը, որը նույնպես հիմնարկ-ձեռնարկությունների վաստակն է, որն իրենց ոլորտից արդեն դուրս է:
– Քո՝ անկախության տարիների առաջին խորհրդարանի պատգամավոր գրանցվելն ինչպե՞ս եղավ, չխանգարեցի՞ն:
– Այստեղ էլ թեկնածուների պակաս չկար, ու նույն բյուրոկրատիան գործում էր նույն «սկզբունքներով». պետք է անցնի յուրայինը: Հիշում եմ առաջին հանդիպումը ընտրողների հետ: Ելույթները նախատեսել էին ըստ այբբենական հերթականության: Սակայն պաշտոնյան մնում է պաշտոնյա:
Առաջինն իր ելույթով պատվեց Հրազդանի գլխավոր բժիշկ Ռոբերտ Սահակյանը: Քանի որ կրկնակի տեղի ունեցան ընտրությունները, ուստի ես հարկ եմ համարում թեկնածուներիս ուղղված հետաքրքիր եւ ժամանակը բնութագրող հարցերը ու պատասխանները մատուցել ընթերցողին:
Ռոբերտ Սահակյանին հարցրեցին. «Առողջապահության վիճակն անմխիթար է, քանի որ մինչ այժմ բժիշկները պատգամավոր չեն դարձել: Գլխավոր բժիշկ դառնալուց 20 օր առաջ խոստացաք կաշառքը վերացնել: Բայց եթե մինչ այժմ բժշկի տեղեկանքը 2 ռուբլի էր, հիմա` 3: Ի՞նչ կասեք»: «Ես բուժումը վճարովի կդարձնեմ»,-խոստացավ նա:
«Ինչո՞ւ առավոտները Ձեր հավաքարարները դատարկ պայուսակներով հիվանդանոց են մտնում, երեկոյան ճկռելով են վերադառնում մանկապարտեզներից», թեկնածուն պատասխանեց՝ «Ես չգիտեմ»:
ՊՇԷԿ-ի օկրուգային հանձնաժողովի նախագահը` Սերգեյ Նաղդալյանը, հրավիրեց ժողկրթբաժվար Օգսեն Թումոյանին: Նրան էլ հարցրեցին. «2 տարի է՝ ցույցեր են լինում, մի անգամ չլսեցինք Ձեր ելույթը: Մի անգամ չլսեցինք, որ արդարության հարցը լուծեք կամ վերեւիններին հակադրեք Ձեր կարծիքը», ինչին մրցակիցս ասաց. «Ես ամեն ինչ անում եմ…»: Հետեւեց այս հարցը. «Խոսակցություն կա կոմունիստներին դատելու մասին: Դուք ինչպե՞ս կվարվեք, նախօրոք կհրաժարվե՞ք կուսակցությունից, պատրա՞ստ եք նստել», ու դահլիճոււմ ծիծաղ պոռթկաց. «Դուք ինչո՞ւ եք ծաղրում, ես ինձ չեմ կոտորում դեպուտատ լինելու համար»: Կրկնական ընտրություններից առաջ իրենց թեկնածությունը հանել էին Արտաշես Մնացականյանը, Ռոբերտ Սահակյանը, Օգսեն Թումոյանը, իսկ, օրինակ, Մուշեղ Հարությունյանին դատախազությունում պաշտոն էին խոստացել: Բազմաթիվ հարցեր ինձ էլ տվեցին, ես ասացի. «Մյուսների համեմատությամբ ես ավելի համառ եմ արդար գործին հետամուտ լինելու համար: Ես ունեմ ողջակիզվող էություն, իսկ դա շատ է պետք ժողովրդին ու նրա պատգամավորին»:
Տեղի ունեցավ նաեւ երրորդ ընտրությունը եւ հաղթեց ԱՐԴԱՐՈԻԹՅՈՒՆԸ:
1990թ. հուլիսի 31. նստած եմ ՀԽՍՀ ԳԽ նիստերի դահլիճում:
Նշանակում է, որ ես արդեն պատգամավոր եմ:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
02.03.2018





















































