Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե գյուղնախարարն էլ արգելի խոտաբույսե՞ր հավաքելը բոլոր նրանց, ովքեր զբաղվում են ինքնաբուժմամբ

Մարտ 03,2018 13:30 Share

Երեկվանից ուժի մեջ է մտել «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգ սահմանելու մասին» կառավարության որոշումը: Ըստ այդմ, Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բացթողնման ենթակա են 2700 դեղեր: Երեկվանց հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը: Եվ չնայած նրան, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վստահեցնում է՝ այս որոշումը հանրության խոցելի խմբերի համար ավելորդ գլխացավանք չի առաջացնի, մի խումբ թոշակառուներ միանգամայն հակառակն են փաստում:

Երեկ «Առավոտը» Լեւոն Ալթունյանին էր փոխանցել քաղաքացիների դժգոհություններ, մասնավորապես՝ այս որոշումը վնասելու է հատկապես սոցանապահով խմբերին եւ թոշակառուներին, 2000 կամ 5000 դրամանոց դեղի համար մարդիկ ստիպված են լինելու 15-20 հազար դրամ վճարել բժշկի խորհրդատվության համար, որպեսզի ստանան այդ դեղատոմսերը: Իսկ պոլիկլինիկաներն էլ անբարեկարգ եւ տեխնիկապես հագեցած չեն, որպեսզի քաղաքացիները գոնե այդտեղ բժշկի անվճար ու պատշաճ ծառայությունը ստանան, հետեւապես նաեւ համապատասխան դեղատոմսը: Այս առնչությամբ նախարարը պատասխանել է. «Ինչ վերաբերում է դեղերի կարգավորմանը, ոչ մի հավելալ ծախս չի նախատեսվում: Ուժեղ գործող դեղերը պետք է նշանակվեն բժիշկների կողմից: Ինչ վերաբերում է լրացուցիչ ծախսերին, մենք նախատեսում ենք 15-30% տնտեսում տնային տնտեսությունների համար՝ այն դեղերի դեպքում, որոնք ձեռք են բերվում առանց համապատասխան կարիքի»:

Ներկայացնում ենք «Առավոտին» դիմած մի խումբ կենսաթոշակառուների դիտարկումները՝ դեղատոմսերով դեղերի ձեռք բերման եւ առողջապահության ոլորտի մասին:

Վերջին տարիներին առողջապահության նախարարները ձախորդ օրերի նման եկան ու գնացին, բայց ընչազուրկ խավի բուժսպասարկումը ոչ մի կերպ չփոխվեց, որովհետեւ չկա 1-2 անվճար հիվանդանոց, որտեղ դիմեն ընչազուրկ խավի մարդիկ կամ կենսաթոշակառուները: Բոլորն էլ լավ գիտեն, որ այսօր բնակչության մի մասը ընչազուրկ է կամ ծայրաստիճան աղքատ, ի՞նչ անեն նրանք, եթե վիրահատության կարիք ունեն կամ տառապում են ծանր հիվանդությամբ: Հարյուրավորները չեն դիմում վիրահատության, որովհետեւ գումար չունեն, մի մասն էլ չի այցելում պոլիկլինիկայի բժիշկներին, որովհետեւ նրանց չի վստահում:

Պոլիկլինիկաների բժիշկներին չվստահելու հիմնավոր պատճառներ ունեն հատկապես ծերերը, կենսաթոշակառուները, որովհետեւ այդ բժիշկները բոլոր հիվանդությունները կապում են տարիքի հետ եւ ճամփու դնում: Ակամա ես էլ մի տարի առաջ հանդիպեցի այդպիսի մի զավեշտալի միջադեպի: Աչքերիս տեսողությունը գնալով վատանում էր, որոշեցի այցելել պոլիկլինիկա եւ ստուգել աչքերիս վիճակը: Աչքի բժշկուհին լսեց իմ գանգատը՝ նույնիսկ նստած տեղից չշարժվելով: Նա նայեց ինձ ու ասաց, որ ես տառապում եմ կատարախտով, պետք է գնամ 8-րդ հիվանդանոց եւ վիրահատվեմ:
«Դուք չեք զննել իմ աչքերը, ինչպե՞ս իմացաք»,- զայրացած ասացի ես: «Նայում եմ քո տարիքին՝ արդեն գիտեմ ինչ է»,- հանգիստ ասաց բժշկուհին եւ շարունակեց իր գործը:
Ինձ մնում էր դուրս գալ՝ այլեւս այդտեղ չմտնելու պայմանով: Կարիք չկա ասելու, թե ո՞ր պոլիկլինիկան էր դա: Ու, հավանաբար, խնդիրն այն է, որ պոլիկլինիկայի բժիշկները ցածր են վարձատրվում:

Վերջերս կառավարությունը նախարարություններից եւ գերատեսչություններից պահանջում է կոնկրետ միջոցառումների պլան, որը անշուշտ իր դրական դերը կատարում է, ու առաջընթաց է նկատվում: Եվ ահա առողջապահության նախարարությունն էլ «պզտիկ» չերեւալու համար մի քանի որոշումներ է ընդունել, որոնցից ցնցողը դեղամիջոցների մեծ մասի գնումը դարձրել է դեղատոմսով: Լսելով այդ որոշման մասին՝ ակամա զարմանում ես ու զայրանում, երբ այսօր կառավարությունը եւ գերատեսչությունները ամեն ինչ անում են ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար, իսկ առողջապահության նախարարությունը նոր հոգսեր է ավելացնում ծերերի եւ հիվանդների համար:

Զարմանում ես այսօրվա առողջապահության նախարարի ու բազում տեղակալների վրա, որ նրանք չեն հասկանում, թե ինչպե՞ս հիվանդը, կենսաթոշակառուն ու ծերերը մի քանի հաբ դեղ գնելու համար ամեն անգամ պետք է գնան պոլիկլինիկա, կտրեն երկար ճանապարհ, հերթ կանգնեն եւ դեղատոմս վերցնեն: Արդյոք առողջապահության նախարարությունում մտածե՞լ են, որ այսօրվա ծեր կենսաթոշակառուն հազիվ է կարողանում մի քանի դեղահաբ գնել՝ գումար չլինելու պատճառով, ու դրա համար էլ պետք է անցնի երկար ճանապարհ, հերթ կանգնի ու դեղատոմս վերցնի: Այս ամենը մեզ մոտ կատարվում է այն դեպքում, երբ մեր հարեւան երկրներում (Վրաստան, Բուլղարիա եւ այլուր) ոչ միայն դեղամիջոցներն են ազատ վաճառվում, այլեւ պոլիկլինիկայի բժիշկները տասն օրը մեկ պարտադիր այցելում են իրենց հիվանդներին եւ անվճար դեղորայք տանում:
Գուցե վաղն էլ գյուղատնտեսության նախարա՞րը արգելի դաշտերից խոտաբույսեր ու ծաղիկներ հավաքելը բոլոր նրանց, ովքեր զբաղվում են ինքնաբուժմամբ:
Առողջապահության նախարարի այդ որոշումը այնքան էլ չզարմացրեց մեզ, երբ վերջերս «Շանթ» հեռուստատեսությամբ լսեցինք նրա հարցազրույցը: Դրա ժամանակ հաղորդավարի այն հարցին, թե՝ ինչպե՞ս է հիվանդը կամ ծեր կենսաթոշակառուն ամեն դեղ վերցնելիս գնալու պոլիկլինիկա, նախարարը ոչ միայն չկարողացավ համոզիչ պատասխան տալ, այլեւ ընկավ ոչ հարմար վիճակի մեջ՝ մեկ անգամ եւս համոզելով հեռուստադիտողին, որ նախարարը իր տեղում չէ:

Անշուշտ, պետք է դեղատոմսով տրվեն այն դեղերը, որոնք թմրանյութեր են պարունակում կամ հակաբիոտիկներ են, բայց ոչ դեղերի մեծամասնությունը: Անհրաժեշտ է վերացնել այդ որոշումը, քանի դեռ ծերերի, կենսաթոշակառուների համբերության բաժակը չի լցվել:

 

ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

«Առավոտ»

02.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Կարիք չկա ասելու, թե ո՞ր պոլիկլինիկան էր դա: ???????????????????????????

  2. manvel says:

    Հայաստանում ամենամեծ խավը թոշակառուներն են արդյոք հնարավոր չէ բողոքելու/ մեկա բողոքը չի անցնում/ փոխարեն ինքնակազմակերպվենք և 4-5 հարյուր հազար ձայնը չփոշիացնենք տալով այս կամ այն կուսակցությանը և ամեն անգամ երազախափ լինելով մտածենք տղա է ծնվելու: Հետաքրքիր է դեռ ինչքան են մեզ խաբելու:և ինչպես կասեր Սևակը Պարույր ՙհիասթափվում եմ նաև այն բանից թե ինչքան պիտի ես հիասթափվեմ ինքզ ինձանից: Բավական է՝ եկեք ինքնակազմակերպվենք…

Պատասխանել Ara

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031