Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Բադասյանն իր հերոսական անցյալով և փայլուն կենսագրությամբ այսօր ընկել է իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը». Վոլոդյա Հովհաննիսյան

Հունիս 06,2018 14:50 Share

«Ես դիմում եմ Արայիկ Հարությունյանին, նաև գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին և խնդրում հետ վերցնել իրենց հրաժարականի դիմումները»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գնդապետ, հրապարակախոս, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Արցախի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր է ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Արցախում կատարվող իրադարձությունները պարոն Հովհաննիսյանը համարեց իշխանատենչական ավանտյուրիզմ: Նա հայտարարեց, թե Հայաստանում կատարվածը հեղափոխություն չէր, այլ համազգային, համաժողովրդական հեղաշրջում, որի նպատակը հանցագործ կլանից ձերբազատումն էր. «Դա փայլուն կերպով իրականացվեց, և եթե դա տարածվում է Արցախում և սպառնում մեր պետական պաշտպանունակությանը, դա ազգային անվտանգության սպառնալիք է»:

Անդրադառնալով Վահան Բադասյանի գործունեությանը՝ պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Վահան Բադասյանն իր հերոսական անցյալով և փայլուն կենսագրությամբ այսօր ընկել է իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը: Այն, ինչ կատարվում է Արցախում, լուրջ հարված է Արցախի և Հայաստանի պաշտպանունակությանը: Չեմ կարծում, որ Արցախում տիրում էր այն նույն կլանային իրավիճակը, որը տիրում է ՀՀ-ում: Այդ ամեն փոփոխություններն Արցախում պիտի կատարվեն էվոլյուցիոն ճանապարհով»:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարեց. «Արայիկին առաջին անգամ տեսել եմ 17-18 տարեկան հասակում՝ Լաչինի միջանցքում՝ զենքը ձեռքին: Եթե այսքան երկար ուղի անցած և պետական, կառավարման համակարգում արդյունքներ ցույց տված անձն այսօր հրաժարական է տալիս, դա լավ հետևանքներ չի կարող ունենալ: Այն թուլացնում է Արցախի պետական կառավարման համակարգը: Եթե Կամո Աղաջանյանը, ով առաջին բանակային կորպուսի հրամանատար է եղել, փայլուն, կռված տղա, որը կոռուպցիոն ոչ մի սկանդալի մեջ չկա, նորմալ զինվորական է եղել, ինչ -որ ճնշումների տակ հրաժարական է տալիս, ուրեմն մեր պետության դիմադրողականությունը Արցախում զրոյական է: Փողոցային խլրտումների ուժով հրաժարականները սպառնալիք են: Եթե ՀՀ-ում դա կարելի էր, Արցախում դա կործանարար է»:

Ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի՝ նույն սխեման էր գործում, ինչ ՀՀ-ում եղավ, բայց նրանք հաշվի չեն առել Բակո Սահակյանի անձը և ուժը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին՝ պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Այդ կոչը համազգային էր և բխում էր բոլորի շահերից: Այդտեղ կար ազգային սթափության կոչ և ազգային մտահոգության տարրեր: Արցախում կա նաև Պարգև Սրբազան, ով նույնպես մեծ դերակատարություն ունի: Բակո Սահակյանին իմ աջակցությունն եմ առաջարկում: Արցախի կառավարման ղեկը չպետք է հանձնի անփորձ, երիտասարդ, կառավարման ոլորտում փորձ չունեցող մարդկանց»:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Արցախում ոչ մի խժդժություն, ոչ մի հանրահավաք և ոչ մի այլախոհություն օգտակար ոչ մի բանի չեն բերի: Մենք ունենք շատ լուրջ թշնամի և այն գտնվում է ուղիղ Արցախի հարևանությամբ: Ցանկացած նման առիթից պատրաստ է վայրկյանների ընթացքում օգտվել: Ողջունելի է առաջին նախագահի քայլը. նա ուղիղ խոսեց Արցախի մասին, և ուղիղ դիմեց մարդկանց՝ ասելով, որ անհապաղ պետք է զորավիգ լինել»:

Գուրգեն Եղիազարյանը ուժ ու կորով ցանկացավ Բակո Սահակյանին: Այնուհետև մտահոգություն հայտնեց. «Արցախը շատ նուրբ լարն է հայ ազգի: Եթե հանկարծ այնտեղ հասավ տարբեր տեսակի գունավոր հեղափոխությունների հեղինակի ձեռքը, մտածում եմ, որ շատ դժվար է լինելու»:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ պարոն Եղիազարյանը եզրափակեց. «Ի վերջո Բակո Սահակյանը պետք է որոշում կայացնի, և այս իրավիճակի մեջ գտնում եմ սխալ կլինի նման արդյունքներ ապահոված պետնախարարից հրաժարվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն իրենք արդեն տվել են իրավիճակի սթափ գնահատականը, դա ամենակարևորն է։

Պատասխանել Մարինա

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930