Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան. «Կարող եմ ասել, որ փառք Աստծո, արդարությունը վերականգնվել է, և Թամարա Գևորգյանը տեղ չունի մեր դպրոցում»

Հունիս 06,2018 15:55 Share

«Առավոտ» օրաթերթ կայքի խմբագրությանը

Հարգելի խմբագրություն

2018թ. Մայիս 27-ի «Արդարությունը, զարմանալիորեն, հաղթեց» և 2018թ. Մայիս 28-ի «Ո՞վ է համարձակվում խոսել բարոյականությունից» հոդվածներում տարածվել են ստահոդ լուրեր, ինչի արդյունքում արատավորվել է իմ՝ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրենիս պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը:

Այսպես՝ առաջին հոդվածում, որի հեղինակը Թամարա Գևորգյանն է, նշում է, որ տնօրենի կողմից իրեն աշխատանքից ազատելու հիմնական պատճառ էր հանդիսացել, իբրև թե, իմ կողմից արված անօրինականությունները բարձրաձայնելու հանգամանքը: Մինչդեռ՝ իրականում աշխատանքից ազատելու պատճառը և հրամանի իրավական հիմք ընդունվել է թոշակային տարիքի հասնելը: Այստեղ հարց է ծագում, թե դպրոցի ո՞ր մարմիններում է բարձրաձայնել իմ կողմից արված անօրինությունները (դպրոցի կառավարման խորհուրդ, մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ):

Այնուհետև, հոդվածագիրը նշում է, որ և ըստ էության կասեցվել է իր՝ նախկին աշխատանքում վերականգնվելուս պահանջը, քանի դեռ դպրոցում պաշտոնավարում է Ա. Ահարոնյանը: Ներկայացնում եմ թիվ ԵԱՔԴ/1772/02/17 քաղ.գործով կայացված վճռի 2-րդ կետն ամբողջությամբ.

2. Թամարա Մեխակի Գևորգյանի հայցն ընդդեմ «Երևանի տեսողական խանգարումներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿի՝ նախկին աշխատանքում վերականգնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասով, մերժել:

Այսինքն՝ դատարանն իր վճռով աշխատանքում չվերականգնելը չի պայմանավորել տնօրենի անձով:

Այնուհանդերձ, Թ. Գևորգյանը նշում է, որ իր համար առաջնայինը ոչ թե իր վերականգնումն է, այլ՝ արդարության վերականգնումը: Կարող եմ ասել, որ փառք Աստծո, արդարությունը վերականգնվել է, և Թ. Գևորգյանը տեղ չունի մեր դպրոցում:

Ինչ վերաբերում է երկրորդ հոդվածին, որի հեղինակը «կրթության փորձագետ» Անահիտ Բախշյանն է, ապա, ըստ իս, հոդվածագիրը մոլորության մեջ է եղել, քանի որ երբեք մեր դպրոց նա չի այցելել և չէր կարող իմանալ իրականությունը՝ չնայած այն հանգամանքին, որ տարիներ շարունակ նրան հրավիրել ենք դպրոց՝ ծանոթանալու և մասնակիցը լինելու դպրոցում կազմակերպվող տարբեր միջոցառումներին:

Այսպես՝ նա գրում է. տնօրենը … 2017թ. սեպտեմբերին ծնողական ժողովի ժամանակ, որտեղ քննարկման են դրվել դպրոցի ուսումնադաստիարակչական, երեխաների հիգիենային վերաբերվող հարցեր, տնօրեն Ա. Ահարոնյանն անհարգալից տոնայնությամբ /իր երեցկին/ տիկին Անահիտին ասել է. «Դուք բարոյապես իրավունք չունեք ծնողական խորհրդի նախագահ լինել»: Բանն այն է, որ իմ և ծնողական խորհրդի նախագահ Անահիտ Հովհաննիսյանի միջև խոսակցություն եղել է ոչ թե 2017թ. սեպտեմբերին, այլ՝ 2018թ. փետրվար կամ մարտ ամիսներին: Եվ ես ասել եմ հետևյալը. «Դուք բարոյական իրավունք չունեիք հանդես գալու ծնողական խորհրդի անունից, քանի որ ծնողական խորհրդի անդամները այդ մասին տեղյակ չէին»:

Խոսքը վերաբերում էր վերը նշված քաղաքացիական գործով դատավարության ժամանակ Ա. Հովհաննիսյանի՝ ծնողական խորհրդի անունից հանդես գալուն: Ա. Բախշյանն ինձ «բարոյախոսության դասեր» տալու ընթացքում նշում է, որ տեսողության խանգարումներ ունեցող դպրոցում կա 8-10 կույր երեխա, մնացածների մեջ էլ կան կրթության ոչ մի առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող երեխաներ և յուրաքանչյուր երեխա բյուջեից տարեկան բերում է մոտ 1 մլն դրամ, մեծ մասն էլ Երևանից, պետական միջոցները, մեղմ ասած, նպատակային չի օգտագործում և չի մոռանում հիշեցնել ՄԿԱ գծով փոխտնօրենին դատարանի վճռով վերականգնելու, բայց մինչ օրս չաշխատելու մասին:

Հայտնում եմ, որ մեր դպրոցում սովորում է 89 աշակերտ, որից 49-ը ունի կուրություն, իսկ 40-ը՝ տարբեր աստիճանի տեսողական խանգարումներ: Նրանց հիմնական մասը մարզերից է, ինչպեսև՝ Արցախից ու Ջավախքից: Այդ տվյալներին տ-ն Բախշյանը կարող էր ծանոթանալ՝ ուսումնասիրելով 2018թ. կրթության տեսչական ուսումնասիրությունների արդյունքները, և լինելով ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ կարող էր իրական տվյալներ ստանալ հենց տեսչական մարմնից, քանի որ 2018թ. փետրվար-մարտ ամիսներին իրականացրել էր տեսչական ուսումնասիրություն՝ Ա. Բախշյանի դիմումի հիման վրա:

Ինչ վերաբերում է փոխտնօրենի ազատմանը ՝ կարող էր ուշադիր կարդալ վերը նշված վճիռը:

Ինչևէ, Ա. Բախշյանը նշում է նաև իմ վերաբերյալ գոյություն ունեցող քրեական գործի և պետական միջոցներից 2,5 մլն դրամ պարապուրդի դիմաց վճարելու մասին: Նախ` ասեմ, որ դատարանի վճռով Թ. Գևորգյանին հաշվարկված գումարը կազմում էր 1 820 000 ՀՀ դրամ: Բայց, վերջինս պահանջում էր 2 500 000 ՀՀ դրամ, և ես մնացած 620 000 ՀՀ դրամը վճարել եմ իմ անձնական միջոցներից:

Ինչ վերաբերում է Թ. Գևորգյանի հայտարարությամբ հարուցված քրեական գործին, ապա այն կարճվել է 2018թ. փետրվարի 23-ին, որով ապացուցվել է, որ Թ. Գևորգյանի հայտնած տեղեկությունները չեն հաստատվել ապացույցների գնահատման արդյունքում:

Հարգելի խմբագրություն

ՀՀ սահմանադրության 3 և 31 հոդվածները ամրագրում են մարդու պատիվն, արժանապատվությունը և բարի համբավը որպես իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչպեսև՝ դրանց անձեռնմխելիության իրավունքը:

Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով։

ՀՀ քաղ.օր. 1087.1 հոդ. 8-րդ մասի համաձայն.

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի համաձայն.
1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
5. Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:

Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով:

Վերոգրյալ նորմերի պահանջով դիմում եմ ձեզ ու խնդրում տպագրել սույն պատասխանը և հերքումը առ այն, որ 2018թ. մայիսի 27-ի և 28-ի «Արդարությունը, զարմանալիորեն, հաղթեց»  և «Ո՞վ է համարձակվում խոսել բարոյականությունից» հոդվածներում ներկայացված հանգամանքները իրենցից ներկայացնում են զրպարտություն և չեն համապատասխանում իրականությանը:

Հարգանքով՝ Ալեքսան Ահարոնյան

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն, ՀՀ Վաստակավոր մանկավարժ

Հ.Գ Սույն հոդվածի տպագրությունը նպատակ ունի ոչ թե արդարացնելու իմ անձն ու գործունեությունը, այլ փաստերով ընթերցողի դատին հանձնելու իրականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոնա Մնացականյան says:

    Շատ երկար հանդուրժեցինք զրպարտիչներին, լռում էինք ու իրենց թվաց՝ իրոք արդարությունն իրենց է պատկանում։ Ա․Ահարոնյանը արդարանալու պատճառ չունի, ով ծանոթ է նրա գործունեությանը, գնահատում և արժևորում է Ահարոնյանի ՄԱՐԴ տեսակը։

Պատասխանել Սոնա Մնացականյան

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930