«Անհրաժեշտ էր փաստերն ու մանրամասները հետազոտել, հետո հայտարարություն անել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սփյուռքի նախկին փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանն՝ անդրադառնալով ներկայիս նախարարի մեղադրանքներին:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արի տուն» ծրագրում անարդյունավետ ծախսեր են եղել. «Երեխաների երկու անգամյա սննդի համար ներկայացված է 8000 դրամ: Պարզ է, չէ՞ 4000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի լինի, գա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համար, սեւ խավիա՞ր: Այստեղ խնդիրներ կան, այո, միգուցե օրինական առումով կարող ես քեզ նման շռայլություն թույլ տալ, բայց ամեն մի դրամը, որ հարկատուն մեզ է վճարել առավել արդյունավետ ու նպատակամղված ծախսել: Այս իմաստով լուրջ կասկածներ ունեմ»:
Պարոն Սրապիոնյանն ասաց, որ ինքը նախարարության ֆինանսների հետ կապ չի ունեցել, սակայն նախարար Հայրապետյանի հնչեցրած թվերի ու կարծիքի հետ համաձայն չէ:
«Էդ նախարարին (նկատի ունի սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին. Ն.Բ.) աքցանով չես կարող մտցնել կոռուպցիայի մեջ: Կարելի է ասել շաբլոն միջոցառումների մասին, ցանկացած աշխատանքում կարելի է մի բան գտնել, բայց որ նախարարը նման բանի չէր գնար…»,-ասաց Սրապիոնյանը:
Մեր ճշտող հարցին՝ իսկ փորձ եղե՞լ է նրան ներքաշել կոռուպցիայի մեջ, Սրապիոնյանը պատասխանեց.«Ոչ, ոչ, բոլորովին, չի եղել, ուղղակի նրա բնավորությունն եմ ասում: 18 նախարարներից միակն է եղել, որ ամեն էդ աղքատիկ տարի բյուջեից 25-30 միլիոն հետ է ուղարկել բյուջե: Ամենալավը կոռուպցիայի մասով, էդ խնայված միջոցներն էին: Ես տրամաբանորեն եմ ասում»:
Ինչ վերաբերում է «4000 դրամ լանչի» մասին հայտարարությանը, ապա նախկին փոխնախարարն ասաց. «Առաջին անգամ նոր նախարարից իմացա, որ լանչը եղել է 4000 դրամ: Ինձ միշտ հայտնի է եղել 1700 դրամից մինչեւ 2000-ին չհասնող գումար: Մրցույթ էր հայտարարվում ու ամենաէժան գին առաջարկողն էլ հաղթում էր: Հիմա չգիտեմ՝ ինքը որտեղի՞ց այդ փաստերը հայտնեց: Որքան ինձ հայտնի է՝ 7000-8000 գումարները օրը 3 անգամ կերակրելուն է վերաբերում: «Արի տուն» ծրագրով երեխաներին տեսարժան վայրեր էին տանում: Գնում էին Նորավանք եւ այլն: Ավտոբուսի մոտ սնվելը մեծ դժգոհությամբ էին ընդունում: Ինքներդ պատկերացրեք, Ֆրանսիայից, Ամերիկայից, տարբեր տեղերից եկած, տարբեր բնավորությամբ մարդիկ էին: Մենք պայմանավորվեցինք, այդ գումարները տրվում էին ըստ ուղղությունների, առանձին կառույցներում սննդի օբյեկտներին ու նույն գումարով նստում հաց էին ուտում: Էդ 8000 դրամն ինձ համար անակնկալ էր»:
Նախարար Հայրապետյանը նաեւ ասել է, որ առաջիկայում «Սփյուռք» ամառային դպրոց եւ «Արի տուն» ծրագրերը կմիավորվեն եւ դրանց ընդհանուր սկզբունքների հիման վրա մեկ ընդհանուր ծրագիր կկազմակերպվի, մեկ նոր ծրագիր էլ կներկայացվի: Սրապիոնյանը գտնում է, որ «Արի տուն» ծրագիրը մեր երկրում եղած լավագույն ծրագրերից է, որը նվազագույն ծախսերով սփյուռքին կապում է Հայաստանի հետ.
«Հիմա պետական պաշտոնյա չեմ, ժողովրդի ասած՝ լեզվիս տակ ոսկոր չկա: Ուրեմն ասեմ՝ երբ դեռ սփյուռքի նախարարությունում չէի, այդ «Արի տուն» ծրագրի մասին նույն կարծիքն ունեի, ինչ այսօրվա նախարարը: Բայց երբ սկսեցի «Արի տունով» զբաղվել ու տեսա՝ ինչ է տեղի ունենում, Հայաստանն ու Սփյուռքը կապելով, ինչքան դարձ է տեղի ունենում՝ լրիվ օտարացած՝ գերմանացած, ռուսացած, անգլիացած հայ էրեխեքը ոնց են դառնում հայ, ոնց են կապվում էս երկրին… Տարեկան 800-1000 մարդ պարզապես հայանում է: Հիմա եթե նախարարի խնդիրը ծրագրերը փակելն է, ինքը նախարարն է, քաղաքականություն որոշողն է, կարող է փակի, կարող է՝ բացի: Եթե «Արի տուն» փակվի, սփյուռքը հայրենիքի հետ հաստատ չի կապվի»:
Սրապիոնյանն անդրադարձավ նաեւ «Իմ Հայաստան» ծրագրին: Նա ասաց, որ երկու տարին մեկ անգամ մշակութային փառատոն էին կազմակերպում. «Արյուն-քրտինքով հայեցի, հայկական երգն ու պարը, համույթները գալիս էին այստեղ, շփվում մեր պրոֆեսիոնալների հետ ու մակարդակն ավելի էր բարձրանում: Ամառային դպրոցն էլ ես եմ համակարգել: Անընդհատ վերանայել ենք, համալսարանի հետ ենք աշխատել, հուշագիր ունեինք, լուրջ ծախսերը համալսարանն էր անում, որ ուսուցիչները գալիս էին ծանոթանում Հայաստանի մասնագետների ու դասավանդման մեթոդոլոգիայի հետ, գնում էին իրենց մոտ կիրառում»:
Ապա Սրապիոնյանն անկեղծացավ ու ներկայիս նախարար Մխիթար Հայրապետյանի մասին ասաց. «Ես դուրս գալիս նախարարին ասել եմ՝ պատրաստ եմ ամեն ինչով օգնել, իհարկե, խորհրդով: Բայց եթե մարդը 3 անգամ Թուրքիա է գնում ու որոշում, որ սփյուռքի ամենագիտակն է, այստեղ ես անզոր եմ: Հենց նախարարից լսեցի, ասաց՝ «ես իբրեւ սփյուռքագետ»: Սփյուռքագետ լինելու համար տարիներով հետազոտություն է պետք անել, սփյուռքի բոլոր համայնքներին պետք է ծանոթ լինի: Դրանք իրարից այնքան տարբեր են, որ մենակ Թուրքիայում 3 անգամ գիդի կարգավիճակով լինելով սփյուռքագետ չեն դառնում: Էդպես որ լիներ, ամբողջ Հայաստանը սփյուռքագետ կլիներ էլի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































