Շարմ Էլ Շեյխը (թարգմանաբար՝ շեյխի ծովախորշ) արեւելքի լավագույն հանգստավայրերից է: Սինայի թերակղզու հարավային ծայրին գտնվող առողջարանային այս քաղաքը զբոսաշրջիկներին գրավում է նախ իր անվտանգությամբ, ապա կլիմայով, Կարմիր ծովի հրաշալիքներով եւ արաբական հյուրընկալությամբ: Եգիպտոսի այս անկյունում կարելի է զբոսնել նավով, զբաղվել ջրասուզմամբ, կվադրացիկլերով սլանալ անծայրածիր թվացող անապատում, կամ պատվիրել զանազան հետաքրքիր տուրեր:
Առեւտրի մեծ կենտրոններ Շարմ Էլ Շեյխում չկան, բայց կան փոքրիկ կրպակներ, հյուրանոցներում տեղակայված խանութներ, որտեղից կարելի է ձեռք բերել հետաքրքիր հուշանվերներ, պապիրուս, արեւելյան անուշեղեն: Տաքսին 2-3 դոլարով կարող է հասցնել հարեւան թաղամաս կամ հին քաղաք:
Հյուրանոցներն այստեղ միայն բարձրակարգ են, անձնակազմը՝ բարեհամբույր: Օրինակ, նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը Air Cairo եգիպտական ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ ANRIVA TOUR- ի կազմակերպած լրագրողական այցի ընթացքում մենք անցկացրինք Jaz Fanara, Charmilion hotels & Resorts, Baron Resort հյուրանոցներում: Հատուկ այց էր կազմակերպվել նաեւ Rixos, որտեղ արեւելյան հյուրասիրություն ու պորտապար վայելեցինք:
Կվադրացիկլերով սաֆարի տուրի ժամանակ հյուրընկալվեցինք նաեւ բեդուիններին, որոնք անուշահամ թեյ հյուրասիրեցին մեզ, իսկ նրանցից մեկը, երբ տեղեկացավ, որ Հայաստանից ենք՝ արաբահունչ ռուսերենով հետաքրքրությամբ հարցրեց՝ «A где Hикол?»:
Մեզ հետ աշխատող համբերատար ու շատ սիրալիր էքսկուրսավարներ Շամս Ռոման ընդգծեց, որ բեդուինները տեղեկացված են, քանի որ անապատում ապրելով հանդերձ՝ եւ համացանցից են օգտվում, եւ հեռուստացույց դիտում, նրանցից ոմանք էլ ունեւոր մարդիկ են, պարզապես նախընտրել են ապրելու այդ կերպը: Ուղղակի զվարթության հրաբուխ էր մյուս էքսկուրսավարը՝ Ահմեդ Ֆարեսը, որը սիրում էր պարել ու ուրախացնել հայաստանցիներիս: Տղաները անչափ հոգատար էին, ու ամեն ինչ անում էին, որպեսզի էքսկուրսիաները ուրախ եւ անվտանգ անցնեն մեզ համար:
Շարմ Էլ Շեյխում մի քանի դիսկոտեկներ ու ակումբներ կան, օրինակ՝ Little Buddha-ն, Hard rock cafe-ն կամ ասենք՝ El Pacha-ն, որտեղ կարելի է լցնել երեկոյան ժամանցը:
Շարմ Էլ Շեյխի ինքնատիպ կառույցներից են Մուսթաֆա մզկիթն ու Բոլոր երկնավորների ղպտիական ուղղափառ եկեղեցին: Ռոման պատմեց, որ Եգիպտոսում քրիստոնյաներն ու մահմեդականները միասին սովորում են դպրոցներում, եւ հավատի հարցը այնտեղ չի քննարկվում: Եկեղեցում դրված էին երկլեզու (հունարեն-արաբերեն) Աստվածաշունչներ: Էքսկուրսավարի հավաստմամբ, սկզբում այստեղ նաեւ հունարեն են քարոզել: 1400 տարի առաջ առաջինն այստեղ քրիստոնեություն է տարածել սուրբ Ելենան, որը Ալեքսանդրիայից էր: Այժմ Եգիպտոսի բնակչության 70% -ը մահմեդականներ են, 30%-ը՝ քրիստոնյաներ:
Արաբները աշխատավայրում եւ ընկերական շրջապատում էլ միմյանցից չեն հետաքրքրվում, թե ով ինչ կրոն է դավանում, սակայն քրիստոնյաներից ոմանք ցանկության դեպքում ձախ դաստակին խաչի դաջվածք են անում:
Շարմ Էլ Շեյխի այցեքարտերից է Նաամա բեյ փողոցը, որը գնումների հարմար վայր է, ինչպես նաե շքեղ Սոհո հրապարակը: Սոհոյի մուտքի մոտ պարտադիր անվտանգության աշխատակիցները զննում են ներս մտնողներին, այնուհետեւ հնարավորություն է տրվում մուտք գործել հրապարակ, որտեղ ամենուր արձաններ են, խանութներ, սրճարաններ, իսկ երեկոյան՝ ուղղակի լույսերի ծով: Սոհոյի կենտրոնում երգող շատրվաններ են: Խանութներում գները այստեղ գրեթե նույնն են, ինչպես քաղաքի ծայրամասերում: Խանութներից պարտադիր ներս են հրավիրում անցորդներին, թախանձագին խնդրում գոնե ուղղակի նայել ապրանքը, սակայն ի վերջո պարզում ես, որ ահագին գնումներ ես կատարել, որովհետեւ արաբ վաճառողը կարող է սրտաճմլիկ պատմություն պատմել իր բարեկամի ու նրա հայուհի կնոջ սիրո կամ ամռանը անպայման իրեն շքեղ ներկայացված Հայաստան գալու մասին:
Կարմիր ծովի մարգարիտ բնորոշումը ստացած Շարմ Էլ Շեյխը հաստատ այն վայրն է, ուր արժե կյանքում գոնե մեկ անգամ այցելել, էլ չեմ խոսում կրկին վերադառնալու մասին, եթե, իհարկե, արեւելյան գունեղ հեքիաթի սիրահար եք:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Շարմ Էլ Շեյխ-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
11.12.2018

























































