Ինչ է ասել Պուտինը մայիսի 9-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի օր հանդիպում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Հուսանք, որ նման բան, ի վերջո, տեղի կունենա՝ մանավանդ, որ երկուսն էլ պարբերաբար խոսում են դրա մասին: Կարծում եք, Պուտինը չի՞ ժպտա, Զելենսկու ձեռքը չի՞ սեղմի, կամ ինչ-որ կոպիտ բառե՞ր կասի: Ոչ, այն հիմնարկը, որը դաստիարակել է ՌԴ նախագահին, մանավանդ՝ այն «մասնագիտացումը», որը նա ստացել է (հետախուզությունը) նման վարքագիծ չեն ենթադրում: Հռետորաբանությունը, որը նա օգտագործում է, հատկապես արտաքին քաղաքական թեմաների մասին խոսելիս, սովորաբար բավականին մեղմ է: Դա չի նշանակում, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի գործողություններն են մեղմ. հակառակը՝ դրանք ագրեսիվ-հարձակողական են:
ՌԴ նախագահի խոսույթի «ոճային նրբությունները» պետք է հաշվի առնել՝ մայիսի 9-ին նրա ասածները վերլուծելիս: Այստեղ, կարծում եմ, չպիտի լինի էմոցիոնալ-քարոզչական բաղադրիչ. «Ապրի՛ Պուտինը, Փաշինյանին տեղը դրեց»: Կամ հակառակը՝ «Անիծվի՛ Պուտինը, մեզ Ռուսաստանից ոչ մի բան պետք չէ, Մակրոնը մեզ ամեն ինչ կտա»: Պարզ է՝ նախընտրական տրամաբանությամբ արձագանքը պետք է լինի այդ երկուսից մեկը: Բայց մենք միայն ընտրությունների համար հո չե՞նք ապրում:
Նախ՝ հիշենք, որ Ռուսաստանը կարծր ավտորիտար պետություն է, եւ եթե առաջին դեմքը չուզենա ինչ-որ բանի մասին խոսել, ոչ մի լրագրող չի կարողանա նրան ստիպել: Հետեւաբար, Պուտինն ուզում էր անդրադառնալ Հայաստանի հետ հարաբերություններին, եւ ուզում էր դա անել հենց մայիսի 9-ին:
Կարդացեք նաև
Ի՞նչ էր նրա ասածը, եթե մի կողմ թողնենք հայ-ռուսական բարեկամության մասին «պարտադիր» ավանդական նախաբանը: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն անցած տարի կազմել է 7 միլիարդ դոլար, իսկ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ է: Հետեւաբար, ՌԴ-ի հետ առեւտուրը կազմում է համարյա ¼-ը, ինչը շոշափելի է: Այնուհետեւ Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին տալիս է բազմաթիվ առավելություններ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, մաքսատուրքերի եւ (ուշադրությո՛ւն) միգրացիոն քաղաքականության ոլորտներում: «Եվ այլն»,- ավելացրել է Պուտինը: Արդյոք միգրացիայի թեմայի շոշափումը թեթեւակի քողարկված սպառնալիքներ չի՞ պարունակում, մասնավորապես, ՀՀ քաղաքացի հանդիսացող արտագնա աշխատողների հասցեին: Իսկ այդ «եւ այլնի» տակ կարելի է հազարումի բան հասկանալ՝ օրինակ, գազի գինը եւ Հայկական ատոմակայանը, որն աշխատում է ռուսական վառելանյութով: Իհարկե, այսօրվա իշխանության երկրպագուները կարծում են, որ վաղը Մակրոնը կամ Թրամփը կախարդական փայտիկի շարժումով մեզ նոր ատոմակայան կնվիրեն, եւ նրանց այս համոզմունքն անսասան է՝ հեքիաթներին հավատացողների վրա որեւէ բանական փաստարկ չի ազդում:
Այնուհետեւ ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ եթե պարզվի, թե Հայաստանի քաղաքացիներն իրապես ցանկանում են միանալ ԵՄ-ին, ապա Ռուսաստանը կսկսի մեղմ, «ինտելիգենտ» եւ փոխշահավետ ապահարզանը: Եվ վերջում հիշեցրեց, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացումը սկսվեց այն բանից հետո, երբ 2014-ին ուկրաինացիները հայտարարեցին իրենց ԵՄ-ական ձգտումների մասին: Ուկրաինայի հիշատակումը թույլ է տալիս ենթադրելու, որ նման ամուսնալուծության հեռանկարն առնվազն կասկածելի է:
«Քաղաքակիրթ ապահարզան» փոխաբերությունը, որը վերցրած է ամուսնալուծությունների իրավական պարկտիկայից, ընդունված եզր է քաղաքականության մեջ: Օրինակ, 1993 թվականի հունվարի 1-ին նախկին Չեխոսլովակիայի փոխարեն առաջացան Չեխիան եւ Սլովակիան, առանց հանրաքվեի (ինչպես մեր դեպքում առաջարկում է Պուտինը), բայց նաեւ՝ առանց բռնությունների: 2016-ին «բաժանվեցին» Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն՝ այս անգամ հանրաքվեով, բազմաթիվ դժվարություններով, որոնք պահպանվում են առ այսօր, բայց դարձյալ՝ «ինտելիգենտ ձեւով»:
1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ի ավարտն ազդարարող Բելովեժյան համաձայնագրերը նույնպես տեսականորեն ուղղված էին նման տիպի գործընթացի, բայց հետո բոլորս տեսանք, թե ինչ եղավ:
«Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ առայժմ չունենք», – հայտարարում են Հայաստանի ներկայիս իշխանությունները: Դա, թերեւս, կարող է հանգստացնել այդ հեռանկարով անհանգստացած մեր քաղաքացիներին: Բայց արդյո՞ք դա կարող է հանգստացնել Պուտինին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2026


















































