Երբ պետությունը դառնում է «փակ վկա», իսկ քաղաքացին՝ «կոռուպցիոն կարիքի» զոհերից
Մենք հաճախ ենք լսում, թե կառավարությունը ինչ-որ մանկապարտեզի, շենքի, շինության տարածքը ճանաչել է «բացառիկ գերակա հանրային շահ», իսկ ձեռքբերողն էլ եղել է որեւէ ՍՊ ընկերություն, որեւէ հիմնադրամ:
Տվյալ ՍՊԸ-ն, հիմնադրամը կնքում են պայմանագիր, որով հստակ սահմանվում են ընկերության իրավունքներն ու պարտականությունները, «գերակա շահի» օբյեկտը, կողմերի, եթե որպես այդպիսիք կան, պարտականությունները:
Պարտականության մեջ առաջնայինը թափանցիկությունն է, կոռուպցիոն ռիսկերը բացառելը: Սակայն մեր բողոքաբերի դեպքում, նրանից գաղտնի է պահվել իր սեփականության ճակատագրի մասին պետության հավակնությունները, նա որեւէ տեղեկություն մինչ վերջերս չի իմացել:
Ու ըստ էության, ակամայից դարձել է «պետական կարիքի զոհ»:
Ամիսներ առաջ, վարչական դատարանում «ԱՎԱԳ ՇԻՆ»-ից պահանջվել էր տեղեկատվություն, թե ինչ է կառուցում, դատարանն էլ իր որոշմամբ փաստել էր, թե պահանջվող տեղեկատվությունը «առեւտրային գաղտնիք» է, «փակ» տվյալ: Այդ կապակցությամբ պետական կարիքի զոհերի հարցերով զբաղվող Սեդրակ Բաղդասարյանը ասել էր. «Լվանում են սեւ փողեր, ընդ որում՝ գործադիրի եւ դատարանի աջակցությամբ»:
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության, դիմել էր դատարան 2014 թվականի օգոստոսի 25-ին: Դատարանի սեպտեմբերի 4-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Գործի քննությունը ավարտվել էր 2014 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ նոյեմբերի 11-ին հրապարակվել է դատական ակտը:
Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ ՀՀ կառավարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 2013 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 1186 Ն որոշմամբ կառուցվող ճանապարհի ծրագրի գոտում գտնվող եւ որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ:
Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է եկել կազմակերպությունը:
ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղական համայնքում գտնվող կադաստրային իքս-ծածկագրով հողամասը, որն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Հրահատ, Հայկ, Սանդրո Ստեփանյաններին եւ Լուսյա Համբարձումյանին, որոշմամբ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ:
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին հղում անելով, ՀՀ կառավարությունը 2010 թվականի սեպտեմբերի 16-ի 1275-Ն որոշմամբ՝ տվյալ հողամասի ընդհանուր մակերեսը վերահաստատել է, որ այն 2110 քմ է, որից օտարման ենթակա մասը կազմում է 785,14 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող:
Հողամասում, ի դեպ, առկա էին անավարտ երկու շինություններ` 22,49 քմ եւ 29,6 քմ մակերեսներով: Շինության մեջ առկա է մետաղական վագոն-տնակ: Շինությունները գտնվում են հողամասի օտարման գոտում:
Օտարվող սեփականության դիմաց համասեփականատերերին տրամադրվող համարժեք փոխհատուցման գումարը կազմել է 1.377.375 ՀՀ դրամ եւ մետաղական տնակի տեղափոխման ծախսը՝ 90.000 ՀՀ դրամ, ինչն էլ 2014 թվականի հունիսի 23-ին հանձնվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեպոզիտ հաշվին: Սակայն այս ամենը՝ թղթի վրա:
Կազմակերպությունը հարցը չի կարողացել արտադատարանական կարգով լուծել, դիմել է դատարան:
Պատասխանող Լուսյա Համբարձումյանը 2014 թվականի հոկտեմբերի 20-ի դատական նիստում հայցի դեմ չի առարկել, իսկ մյուս պատասխանողները՝ Հրահատ, Հայկ, Սանդրո Ստեփանյանները, հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել, դատարան չեն ներկայացել:
Դատարանը բավարարել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հայցն ընդդեմ Հրահատ, Հայկ, Սանդրո Ստեփանյանների եւ Լուսյա Համբարձումյանի, եւ պատասխանողների բացակայությամբ օտարել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում գտնվող իքս-կադաստրային ծածկագրով 2110 քմ ընդհանուր մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը, «տալով» համասեփականատերեր՝ Հրահատ, Հայկ, Սանդրո Ստեփանյաններին եւ Լուսյա Համբարձումյանին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեպոզիտ հաշվում առկա 1.467.375 ՀՀ դրամ փոխհատուցում:
2014 թվականի վճռի դեմ Սանդրո Ստեփանյանի անունից անցյալ տարվա վերջին բերվել է վերաքննիչ բողոք, որի ճակատագիրը պարզ կդառնա փետրվարին:
Վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ բողոքաբերը նշել է՝ գտնվել է ՀՀ տարածքից դուրս, իսկ վերադառնալով Հայաստան, չի ենթադրել, մտքովն անգամ չի անցել, թե իրեն սեփականության իրավունքով պատկանող Ուջան համայնքում գտնվող իր 2110 քմ մակերեսով հողատարածքն օտարվել է, քանի որ այդ տարածքը չի մշակվել իրենց կողմից, եւ խնդրել է հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը:
Գույքի գնահատումը իրականացրել է «Ափթայմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի եզրակացության դեմ առարկություն չի ներկայացվել: Իսկ որտեղից ներկայացվեր, եթե այս ամենն արվել է գաղտագողի, առանց պատասխանողների իմացության:
Դատարանն արձանագրել էր. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի՝ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը եւ դատարանի սահմանած փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին առկա է, դատարանի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ դատարանի տված տեղեկանքը»։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին զրկված է եղել իրենից օտարվող, խլվող սեփականության գինն ասելու, «իր գինն» ասելու, եւ դեռ պարզ չէ, թե գնահատող կազմակերպությունն արդյոք ճի՞շտ է սահմանել գույքի գինը:
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը սահմանում է. «Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատիրոջ պահանջով պետք է օտարվի այդ սեփականության չօտարված մասը եւս: Նման պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում»: Սակայն որքան էլ տարօրինակ է, պետությունը միանձնյա է օտարել, առանց բողոքաբերի պահանջը, իրավունքները հարգելու:
Առաջին ատյանի դատարանը չնայած արձանագրել էր, որ «սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի եւ օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջեւ կնքվող պայմանագրի համաձայն: Տվյալ դեպքում, հողամասը ենթակա է օտարման, սակայն կազմակերպության եւ գույքի սեփականատերերի միջեւ պայմանագիր չի կնքվել», սակայն հօգուտ կազմակերպության որոշում էր ընդունել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
01.02.2019


















































