Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստ են վարձում, արդյունաբերական աղը կերակրի աղի տեղ վաճառում»

Փետրվար 02,2019 15:00 Share

ՊԵԿ-ը հաստատում է՝ ՀԴՄ-ով աղի գինը վաճառքի իրական գնից ցածր են նշում

ՀՀ-ում աղ արտադրող միակ ձեռնարկության՝ «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանը դեռ անցյալ տարի ամռանից պարբերաբար ահազանգում է՝ Հայաստան է ներկրվում տեխնիկական՝ արդյունաբերական աղ, որն օգտագործվում է սննդի օբյեկտներում: Ղուկասյանը հիմա էլ նույնը պնդում է ու վստահեցնում՝ սա ազգային անվտանգության հարց է: Գործարարն ասում է՝ ամիսներ առաջ հնչեցրած իր ահազանգին պետական վերահսկողական կառույցները չեն արձագանքում:

Հայաստանում չի թույլատրվում չյոդացված աղ օգտագործել, իսկ տեխնիկական աղը յոդացված չէ, թեեւ արտաքնապես ու համով այն կերակրի աղից չի տարբերվում: Տեխնիկական աղը մաքսային սահմանին ենթակա չէ ստուգման:

«Առավոտ»-ի հետ զրույցում Ղուկասյանն ասում է՝ պատրաստ է փաստերով ապացուցել իր պնդումները: Դեռ անցյալ տարվանից իր ահազանգերին, ինչպես Ղուկասյանն է ասում, պետական համապատասխան մարմինները չեն արձագանքել, ուստի «Առավոտը» ոլորտում վերահսկողություն իրականացնող բոլոր մարմիններին համապատասխան հարցումներ է կատարել:

«Մեր ազգաբնակչությունը անցյալ տարի օգտագործել է 4 հազար տոննայից ավելի աղ, որը ոչ մի տեղ չի ստուգվել, ոչ մի լաբորատորիայում չի ստուգվել կերակրի աղի համապատասխանությունը: Ես ավելի քան համոզված եմ, որ այդ աղը կերակրի աղի ստանդարտին չի համապատասխանում: Առաջին հերթին՝ այն յոդացված չէ, իսկ կառավարության որոշմամբ՝ արգելված է օգտագործել չյոդացված աղ»,- ասում է Ղուկասյանը:

 

Ինչպես է այդ աղը ներկրվում մեր երկիր, եւ ինչպես է այն իրացվում որպես կերակրի աղ

Նախ՝ տեխնիկական աղը օգտագործվում է, ասենք՝ ճանապարհներին ձյան հալեցման համար, ջուրը փափկեցնելու եւ նման արտադրական այլ գործընթացներում, բայց չի կարելի սննդում օգտագործել:

Ղուկասյանն ասում է. «Պատրաստ եմ ապացուցել՝ 4000 տոննայից ավելի չյոդացված աղը վաճառվել է սննդամթերք արտադրող կազմակերպություններին որպես կերակրի աղ, եւ նրանք դա օգտագործել են: Նախ՝ Հայաստանում կա օգտագործվող աղի մոտավոր քանակ: 2018-ին մենք 20% քիչ ենք վաճառել, քան 2017-ին: Այդ աղը չի ստուգվում, օրինակ՝ չլուծվող մնացորդը որքան է, դա վտանգավոր նյութ է: Մեր արտադրած աղի մեջ չլուծվող բաղադրիչի թույլատրելի չափը երեք հարյուրերորդական տոկոս է: Ներկրված տեխնիկական աղի մեջ դա հասնում է 2 տոկոսի, մոտ 70 անգամ ավելի, քան կարելի է»:

Ղուկասյանը տեղական արտադրության աղի իրացման ծավալների անկումը չի կապում բնակչության թվաքանակի անկման հետ, քանի որ, իր պնդմամբ, անկումը կապված է ներկրված տեխնիկական աղի վաճառքով. «8000 տոննա կերակրի եւ տեխնիկական աղ ներկրվել է, բա ո՞ւր է գնացել դա»:

Ըստ Ղուկասյանի՝ ՀՀ-ում թույլատրվել է վաճառել մոտ 4000 տոննա տեխնիկական աղ, ամբողջ այս աղը վաճառվում է ՀԴՄ-ով, գինը, որը ցույց է տրվում հարկային մարմիններին, խիստ իջեցրած է, այս աղը հասնում է վերջնական օգտագործողին առանց փաստաթղթի. «Ես պնդում եմ՝ ՀՀ-ում կա առանց փաստաթղթի աղի պահանջարկ: Մենք առանց փաստաթղթի աղ չենք վաճառում: Մենք ցանկացածին տալիս են հաշիվ-ապրանքագիր: Որեւէ մեկը մեզանից չի կարող առանց հաշիվ-ապրանքագրի աղ ձեռք բերել, եւ իհարկե, նրանք ձեռք կբերեն այն մյուս աղը: Եվ հետո, հաց, երշիկ կամ, ասենք, բաստուրմա ու նման այլ սնունդ արտադրող շատ ընկերություններ, համոզված եղեք, աղի ստանդարտին, թույլատրելի քիմիական բաղադրության մասին գաղափար չունեն: Մտածում են՝ աղ է, էլի, շատերն ասում են՝ աղի կոմբինատի աղն է, հանել ենք, բերել վաճառում ենք, նրանց էլ ձեռնտու է առանց փաստաթղթի գնել»:

 

Հիմա սա հարկեր թաքցնե՞լ է, թե՞ ոչ

Ղուկասյանն ասում է՝ այդ տեխնիկական աղը հիմնականում ներկրվում է Իրանից, այդ աղը մաքսազերծվել է 48 դրամով՝ 1 կգ-ն, մաքսազերծման ժամանակ նրանք վճարում են 12 դրամ տուրք եւ ավելացված արժեքի հարկ՝ ԱԱՀ. «Համոզված եմ, որ սրանից հետո այլ հարկեր պետբյուջե չեն վճարում: Ես 1 կգ աղի վաճառքից 36-37 դրամ վճարում եմ հարկ, շահութահարկ, ԱԱՀ եւ այլն, ներկրողները վճարում են ընդամենը 12 դրամ: Այսինքն՝ մոտ 25 դրամ ավելի եմ վճարում պետական բյուջե: Նրանք վաճառում են այդ աղը մոտավորապես նույն գնով, ինչ մենք: Բայց մեզանից 3 անգամ պակաս հարկ են վճարում: Ես պատրաստ եմ սա ամեն տեղ ապացուցել. հիմա սա հարկեր թաքցնե՞լ է, թե՞ ոչ»:

 

Արդյունաբերական աղը վաճառում են սննդի օբյեկտներին

Ղուկասյանը պնդում է՝ այդ տեխնիկական աղ ներկրողները հաշիվ-ապրանքագրով չեն աշխատում, նրանք ուղղակի ՀԴՄ կտրոն են խփում, պատահական, սակայն վաճառում են պարկերով. «ՀԴՄ-ով 70 դրամ է խփում, մյուս ծայրը չի երեւում՝ ում է վաճառել: Այդպես ՀԴՄ-ներ է խփում, հետո պարկերով տանում է սննդի օբյեկտին վաճառում, ասում՝ ընտիր աղ է, Իրանից ենք բերել, էժան է: Սնունդ արտադրողը չի էլ հասկանում, որ այդ աղով արտադրած երշիկը ռումբ է մեր ազգաբնակչության տակ»: Ղուկասյանն ասում է՝ իր մատնանշած սուբյեկտները ՀԴՄ-ի վրա աղի իրացման գին են նշում 70 դրամ, սակայն հաճախորդին ավելի բարձր գնով վաճառում:

Արեգ Ղուկասյանի ներկայացմամբ՝ 2018-ին Հայաստանում վաճառվել է մոտ 8000 տոննա ներկրված աղ, որից մոտ 5 հազարը կամ ավելին առանց փաստաթղթի է վաճառվել. «Նշանակում է կա առանց փաստաթղթի աղի պահանջարկ: Այսինքն՝ ներկրողները սպասարկում են սննդարդյունաբերության ստվերը: Եթե ոլորտի պատասխանատուները գնան հետքերով, շատ մեծ ստվեր կգտնեն: Ես տեղը ցույց եմ տալիս՝ ո՞ւմ են վաճառել տեխնիկական աղը, եթե ճանապարհների ձյունն են հալեցրել, մեզ մոտ այդ աղն արժե 30 դրամ, ոչ թե 70 դրամ, ինչպես ներկրողների մոտ է»:

 

Աղը բերում են «ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստում վաճառում

Ղուկասյանը վստահեցնում է՝ մրցակցությունից չի վախենում, ոչ էլ ներկրողներից, միայն թե պետք է բոլորը հավասար դաշտում գործեն. «Ուկրաինականը ներկրվում է, մաքսազերծվում է մոտ 100 դրամով, սահմանին հարկ են վճարում, խանութում 200 դրամից էլ թանկ է վաճառվում: Ես դեմ չեմ, մարդիկ բերել են, մաքսազերծել են, պահանջարկ կա: Բայց երբ բերում են աղ, մաքսազերծում ծիծաղելի գնով, եւ ոչ մեկը չի ստուգում՝ որքանով վաճառեց, որքան է իրական հարկի չափը, ես նրանց հետ մրցակցել չեմ կարող: Այսօր Հայաստանում աղի առողջ մրցակցություն գոյություն չունի, կա զոռբայության մրցակցություն՝ թե ով ավելի էժան գնով կմաքսազերծի: Բերում են 25 կիլոգրամանոց տոպրակներով, «ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստ են վարձում, անունը դնում խանութ ու ՀԴՄ-ով ամբողջը վաճառում: Պնդում եմ՝ այդ աղով չի կարելի թթու դնել, պահածո պատրաստել եւ այլն: Այդ պարկերի վրա անգամ ոչինչ գրված չէ: Հիմա՝ 2018-ին, ՀՀ է ներկրվել 4 հազար տոննա կերակրի եւ 4 հազար տոննա արդյունաբերական աղ՝ միայն Պարսկաստանից, 12 հազար տոննան էլ մեր արտադրածն է: 20 հազար տոննա աղ է իրացվել»:

 

Որ երկրներից է ներկրվում տեխնիկական եւ կերակրի աղը

«Առավոտը» Պետական եկամուտների կոմիտեից հարցման միջոցով փորձել է պարզել՝ 2017-2018 թվականներին Հայաստան ո՞ր երկրներից է ներմուծվել տեխնիկական եւ կերակրի աղ, որ ընկերություններն են ներկրել տեխնիկական աղ, եւ որ ընկերություններն են ներկրել կերակրի աղ: Մենք ՊԵԿ-ից նաեւ հետաքրքրվել էինք, թե յուրաքանչյուր ընկերություն որքա՞ն աղ եւ ի՞նչ տեսակի է ներկրել, ի՞նչ մաքսային արժեքով, որքա՞ն է իրացվել ու ի՞նչ գնով: Այս հարցերին ի պատասխան՝ ՊԵԿ-ից վստահեցրել են, թե առանձին մաքսազերծման արժեք չեն կարող ներկայացնել, առեւտրային գաղտնիք է: ՊԵԿ-ն ընդհանուր թիվ է ներկայացրել եւ ընկերությունների անունները: Ըստ այդմ՝ 2017-2018-ին ՀՀ կերակրի աղ է ներկրել 62 կազմակերպություն՝ Իրանից, Ուկրաինայից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, ՌԴ-ից, Բելառուսից, ընդհանուր՝ 6974.562 տոննա, բոլորի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 595 միլիոն 878 հազար 178 դրամ: Ըստ ՊԵԿ-ի՝ 2017-2018-ին ՀՀ արդյունաբերական աղ է ներկրել 32 կազմակերպություն՝ Գերմանիայից, Իրանից, Թուրքիայից, Լեհաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, ընդհանուր ներկրվել է 7570.505 տոննա, բոլորի վճարած ընդհանուր մաքսավճարը կազմել է 381 միլիոն 532 հազար 117 դրամ:

Պարզելու համար Ղուկասյանի ահազանգի հիմքերը, մենք ՊԵԿ-ից նաեւ հետաքրքրվել էինք՝ 2017-2018-ին որքան է կազմել ներկրված տեխնիկական աղի իրացման ծավալը, եւ որքան՝ կերակրի աղի ծավալը: Այս առնչությամբ ՊԵԿ-ը պարզաբանել է, որ նման տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ. «Քանի որ ներկրում իրականացնող որոշ հարկ վճարողների կողմից շահագործվող ՀԴՄ-ներով հնարավոր չէ ստանալ ապրանքների անվանացանկ, իսկ առանձին հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների եւ հաշիվ-վավերագրերի քանակը 1.0 մլն-ից ավելի է»:

 

Աղի հարկը

Արեգ Ղուկասյանն ասում է. «Եթե այդ ամբողջ 8 հազար տոննան ես վաճառեի, կվճարեի 288 մլն դրամ հարկ պետական բյուջե: Նրանք մոտ 3 անգամ պակաս են վճարել»:

Իսկ թե այդ ներկրող ընկերությունները պետական բյուջե որքան հարկ են վճարել 2017-2018 թվականներին, մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնում են. «Աղ ներկրող հարկ վճարողների կողմից հարկային մարմին վճարված հարկերը (առանց մաքսային մարմիններին վճարված գումարների) 2017թ.-ին կազմել են 20,807,677.9 հազ. դրամ, 2018թ.-ին՝ 25,601,916.2 հազ. դրամ: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներկայացված ցուցանիշներում ներառված են նաեւ այն հարկ վճարողների վճարումները, որոնք զբաղվում են տարաբնույթ գործունեությամբ եւ իրականացրել են նաեւ աղի ներկրում (հնարավոր չէ տարանջատել միայն աղի գծով հարկային մարմիններին վճարված գումարները)»:

 

ՊԵԿ-ը հաստատում է՝ ՀԴՄ-ով աղի գինը վաճառքի իրական գնից ցածր են նշում

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ը հայտնում է. «Արեգ Ղուկասյանի ահազանգի հիման վրա հարկային մարմնի կողմից իրականացվել են վերլուծություններ, ուսումնասիրություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում արձանագրվել է, որ առանձին հարկ վճարողի կողմից «աղ արդյունաբերական» ապրանքի 1 կգ-ի գինը հայտարարվել է 100 դրամ (պարկով) եւ 150 դրամ (տուփով), սակայն իրականում հսկիչ գնման արդյունքում 1 կգ-ի գինը մուտքագրվել է ՀԴՄ համապատասխանաբար 70 դրամ եւ 120 դրամ արժեքով։ Միաժամանակ ՀԴՄ կտրոններում փաստացի գնվող քանակները մուտքագրվել են ավելի մեծ ծավալով, քան փաստացի գնված քանակը, ինչի արդյունքում հարկային մարմնի նախաձեռնությամբ արգելափակվել են համապատասխան հարկ վճարողների ՀԴՄ-ների աշխատանքը: Հարկային հաշիվներում եւ ՀԴՄ կտրոններում արտացոլված արդյունաբերական աղի գների ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում դրանք էականորեն տարբերվել են հսկիչ գնմամբ արձանագրված գներից, որի հիման վրա իրականացվել են իրացման շրջանառությունների իրական ծավալների եւ հնարավոր պակաս հայտարարագրված հարկերի վերահաշվարկներ: Բացի այդ, հսկողական միջոցառման արդյունքում պարզվել է նաեւ, որ տուփերով վաճառվող արդյունաբերական աղը փաթեթավորված է կերակրի աղի հետ շփոթեցնող տուփերով, ինչը հնարավոր է պարունակի ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, մասնավորապես` ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձեւով խաբելը»:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ը վստահեցնում է՝ վերոնշյալ փաստերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է հաղորդվել ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն՝ այդ երեւույթներին քրեաիրավական գնահատական տալու համար. «Ներկայումս տվյալ վարչության կողմից աշխատանքները շարունակվում են»:

Ընդ որում, ՊԵԿ-ը նաեւ նշում է՝ հաշվի առնելով, որ վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ արդյունաբերական աղ ներկրող ընկերությունից ձեռք բերումներ են կատարել ՀՀ-ում սննդամթերք արտադրող եւ սննդամթերքի առեւտրով զբաղվող կազմակերպություններ, ուստի դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է հաղորդվել նաեւ ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

ՊԵԿ-ին ուղարկած հարցմանը զուգահեռ դեռ հունվարի 19-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հարցում էինք ուղարկել՝ արդյոք սննդի շղթայում ուսումնասիրություն կատարո՞ւմ են՝ պարզելու, թե կերակրի աղի փոխարեն արդյունաբերական աղ օգտագործվո՞ւմ է: Այս եւ այլ հարցերին տեսչական մարմնից մեզ հունվարի 29-ին պատասխանել են. «2018 թվականի տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության արդյունքները գտնվում են վերլուծության եւ ամփոփման փուլում»:

Մենք նաեւ ԱԱԾ-ին էինք հարցում ուղարկել, սակայն այս կառույցը վստահեցնում է՝ տվյալ խնդիրը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տիրույթում է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728