Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը եւ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Ասատրյանը քննարկում են օրերս շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծի դրույթներից մեկը փաստաբանական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններում դժգոհություն է առաջացրել: Օրինակ՝ փաստաբանները, հաշվապահները, խորհրդատվական ծառայություններ մատուցողները, ըստ այդ փոփոխության, 5 տոկոս շրջանառության հարկից անցնելու են 20% ավելացված արժեքի հարկի դաշտ: Նախագծի քննարկվող դրույթի ընդունման արդյունքում, ինչպես վստահեցնում են շահառուները, իրենց ծառայությունների գինը կբարձրանա, եւ ոլորտում ստվերը կմեծանա, եւ այս դրույթը բացասական է ազդելու փոքր ու միջին ձեռներեցների գործունեության վրա:
Նելլի Բաբայան.- Պարոն Համբարձումյան, նախագծի հեղինակներն արդյոք ներկայացրե՞լ են որեւէ հիմնավորում, թե ինչու են նման փոփոխության գնում, շահառուների քննարկումներ եղե՞լ են:
Վահագն Համբարձումյան.- Մեր կառույցը, լինելով ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի անդամ, մեզ միշտ ներկայացվել են հատկապես Հարկային օրենսգրքի հետ կապված բոլոր փոփոխությունները: Այդ մասնակցությունների ընթացքում մենք ներկայացնում էինք մեր դիտարկումները, առաջարկությունները, որոնք կամ ընդունել են, կամ փոփոխել են: Զարմանալի է, այս դրույթը չի ներկայացվել, իմացել ենք e-draft.am-ից: Անկեղծ ասած՝ մենք սկզբում տրամադրվել էինք, որ լուրջ հիմնավորումներ ու փաստարկներ ունեն: Բայց ստացվեց՝ անտրամաբանական են: Օրինակ՝ ասում են՝ այս ոլորտի շահութաբերությունը բարձր է: Հարց ենք տալիս՝ հաշվարկ ունե՞ք: Չունեն: Ես ներկայացնեմ՝ այս ոլորտում ամսական 1-2 միլիոն շրջանառությունով հաշվապահական գրասենյակներում եկամտաբերությունը մոտ 25% է, սրանք նույնիսկ միկրոբիզնես են: Երբ հարցնում եմ՝ ինչի՞ հիման վրա եք հաշվարկներ արել, ստացվում է մի կենցաղային մակարդակի՝ ուրիշի փողերը հաշվելու երեւույթի ենք հանդիպում: Երբ հարցնում ենք՝ ի՞նչ հաշվարկ եք արել, ասենք՝ պարզ հաշվարկ՝ եկամուտ, հանած ծախսեր, ի՞նչ ծախսեր եք այստեղ պատկերացրել, եւ ես պատասխան այստեղ չգտա: Փաստարկներից մեկը՝ չարաշահումներ են տեղի ունենում, հաշվապահներին ազատում են աշխատանքից, ձեւակերպում անհատ ձեռնարկատեր, սրանք 5% հարկ են մուծում, էն կազմակերպությունը 20% շահութահարկ է նվազեցնում: Կարող է լինի: Հարգելիս, 2-3% չարաշահումների պատճառով ինչո՞ւ ես այն բոլորին տանում արգելակող նորմով կանգնեցնում: Դրա համար գոյություն ունի գործիքակազմ, պայքարեք եւ փակեք դեմը: Մյուս փաստարկը, այսինքն՝ ենթադրում ենք, որ փորձում են բյուջեի եկամուտներն ավելացնել: Մենք հարցնում ենք՝ ունե՞ք հաշվարկներ՝ իրականում ի՞նչ չափով եք կանխատեսում բյուջեի ավելացումը: Չկա: Երբ հարցնում ենք՝ ինչո՞ւ եք դրել շրջանառության մեջ, եթե հիմնավորում չունեք, հաշվարկներ չունեք: Ասում են՝ վրիպակ է եղել:
…Շուկայում գոյություն ունի մոտ 70% ստվեր, նրանց ասում ենք վազող հաշվապահներ (անհատներ են, որոնք որեւէ տեղ գրանցված չեն, բայց ծառայություն են մատուցում): Այս հատվածին վերահսկելն անհնար է, իրենք էլ են խոստովանում, ՊԵԿ-ն ասում է՝ չենք կարողանում, ասում են՝ նույնիսկ երբ ապացուցում ենք, որ ծառայություն է մատուցել, գրում են՝ փող չենք վերցրել: Եթե նման վիճակ է, դուք ինչպե՞ս եք այդ ինքնահայտարարագրման այն գաղափարով գնում, որ չես աղքատանա, էն 5 %-ը տար մուծի բյուջե, որպեսզի խոցելի չլինի հաշվապահը:
Ն. Բ.- Նախօրեին ֆինանսների փոխնախարարը նախագծի քննարկման ժամանակ ասաց՝ «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայությանը ազատենք ԱԱՀ-ից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են, չէ՞, օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք, հանցագործները, որոնք նույնպես դիմում են փաստաբանական ծառայությանը: Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործին»: Արդյոք սա պետական պաշտոնյային վայե՞լ արտահայտություն է, եւ նույն տրամաբանությամբ ուրեմն ֆիննախը չպետք է ֆինանսավորի քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին:
Սեդրակ Ասատրյան.– Այո, ֆինանսների փոխնախարարը, ցավոք, կարծեք թե իր այդ հայտարարությամբ իր կարիերան ավարտեց կամ ինքնասպան եղավ, երիտասարդ է, գուցե լավ տնտեսագետ: Բայց այն կոնցեպտը, որ իշխանությունները մինչեւ հիմա ասում են՝ անմեղության կանխավարկածը… ականատես ենք լինում, նախապես հայտարարում են՝ չենք ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց… ու շարունակվում է անմեղության կանխավարկածի տոտալ խախտում: Միգուցե այդ երիտասարդ փոխնախարարն այդ ֆոնի վրա հանգիստ փորձում էր դա անել, դա ոչ պրոֆեսիոնալիզմ էր, իսկ իրավական պետության դասագրքային ճշմարտությունը բոլորը պետք է իմանան՝ իրավագիտակցության առումով: …Եթե այսօր փաստաբանների հարկային բեռը միանգամից անհատ ձեռնարկատերերի վրա մոտ 8 անգամ է բարձրանում, իսկ ընկերությունների վրա՝ մոտ 4,5 անգամ, սա նշանակում է, որ պետության Սահմանադրության 64 հոդվածը՝ պետության կողմից երաշխավորումը իրավաբանական աջակցություն ստանալու, ի չիք է դառնում: Նաեւ փաստաբանների համար են դժվարացնում տնտեսվարումը եւ այդ քաղաքացիների համար՝ իրավաբանական օգնության մատչելիութունը: Մենք պնդում ենք, որ իրավաբանական ծառայությունները, փաստաբանական գործունեությունը ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելու մասով պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից: Որովհետեւ եթե իրավաբանական անձանց դեպքում ԱԱՀ-ով ես կարող եմ դեբետագրել, ապա ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի դեպքում, օրինակ՝ քրեաիրավական ոլորտում, այստեղ ավելորդ անգամ 16.6% թանկանում է ծառայությունը: Հիմա այս առումով կարծես հակառակն են անում: Հարկային օրենսգիրքը «ռիչագ» է պետության ձեռքում: Այն նույն սխալը, որը հանրապետականների օրոք կատարվում էր, հիմա շարունակվում է: Մեր ընկերությունը 20 տարեկան է, ճանապարհ անցած, ԱԱՀ դաշտում ենք աշխատում, բայց այսօր ԱԱՀ դաշտում փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները 5% էլ չկան: 95%-ը միկրոբիզնես է, ՓՄՁ դաշտում են, ու հիմա ուզում են սաղմում խեղդել այս ընկերություններին… Մենք այստեղից արժանապատվորեն դուրս ենք գալու: Մի այլ բան ասեմ՝ թող ստվերը բերեն հարկային դաշտ, 70% ստվեր միայն հաշվապահների ոլորտում չէ, որ ոլորտն ուզում եք՝ նայեք: Եկեք միասին դուրս գնանք Երեւանից՝ խանութ, բենզալցակայան, տարբեր տեղեր մտնենք, տեսնենք՝ ՀԴՄ կտա՞ն: Եթե դուք վարչարարությունը չեք կարողանում իրականացնել, դնում եք տապորով մորթում եք մյուսներին, որ ի՞նչ: Միանգամից 4,5-8 անգամ հարկը բարձրացնելով դու ուզում ես ինձ սպանել, ես թույլ չեմ տա: Պետությունը, չգիտես ինչու, շրջանառության հարկը արտոնյալ հարկատեսակ է դիտարկում: Դա արտոնյալ չէ, նորմալ հարկատեսակ է: Այսօր ՓՄՁ-ն պետք է գնա պարզ հարկային մեթոդով աշխատելու, ոչ թե…
Երբ օլիգարխներին, գորգագործությանը կամ այլ ոլորտին արտոնություն եք տվել, իսկ չափե՞լ եք՝ պետությանը ի՞նչ եկամուտ է բերել:
Եթե ԴՀՄ չեն խփում, մոդելը փոխեք վերահսկման: ՀՀԿ-ի ժամանակ ասում էին՝ արտոնյալներ կան, հարկեր չեն վճարում, մյուսներին՝ պարտաճանաչներին, բերեք քերենք, օրինակ՝ մեր ոլորտները, որպեսզի բյուջեն լցնեն: Հիմա էլ կարող է մտածում են՝ գնանք բոլորին միանգամից ասենք՝ բերեք բոլորդ ՀԴՄ խփեք, ու չնայած վարչապետն ասաց, որ պետք է լինի տոտալ ՀԴՄ-ի տարի, բայց վախենում են, որ դժգոհություններ լինեն, որովհետեւ այդ խանութների առնվազն 70%-ը ստվերում է, կասեն՝ ինչի մենք հեղափոխություն ենք արել, որ ՀԴՄ խփե՞նք, դրան են սովոր: Իսկ մենք հեղափոխություն ենք արել, որ մեր համայնքները քանդե՞ք:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
01.02.2019


















































