Անցյալ տարվա հուլիսին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց վարկերի բեռի տակ մնացած քաղաքացիների տույժ-տուգանքների համաներում անել:
Սրանով պայմանավորված, կառավարությունը 2018-ի հունիսի 11-ին հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին՝ որով նախատեսվում էր ներել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունները:
Որոշումը տարածվեց մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը ունեցած տույժ-տուգանքների վրա: Որեւէ սահմանափակում չկար, թե որքան կլինեն տույժերի ու տուգանքների չափերը: Վարկի տեսակը նույնպես սահմանափակված չէր. համաներումը տարածվելու էր ե՛ւ սպառողական, ե՛ւ հիփոթեքի, ե՛ւ գյուղատնտեսական վարկերի վրա: Կառավարությունը նախագծի անհրաժեշտությունը պայմանավորեց գործարար միջավայրի բարելավմամբ: Նշենք, որ խոսքը վերաբերում էր ֆիզիկական անձանց տույժ-տուգանքներին:
Երեկ, Կենտրոնական բանկն, այսպես ասած, հաշվետվություն հրապարակեց: Համաձայն այդ տեղեկատվության, ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի եւ տուգանքների ծավալը 2019 թվականի հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11.817 միլիարդ դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20 հազար 889:
Կարդացեք նաև
ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ, 126 հազար 585 մարդու վարկային պատմություն է բարելավվել:
Նշենք, որ տարիներ ի վեր վարկային շրջապտույտների մեջ են նաեւ հազարավոր գյուղացիներ, որոնցից շատերը, չկարողանալով վարկերի բեռի տակից դուրս գալ, հայտնվել են բանկերի եւ վարկային կազմակերպությունների «սեւ ցուցակներում», ունեցվածքն են գրավադրել կամ` վաճառել:
Թե կառավարության նախաձեռնած տույժերի ու տուգանքների ներման գործընթացը որքանով է թեթեւացրել կոնկրետ գյուղացիների հոգսը եւ գյուղացիական վարկեր վերցնելու գործընթացում այս մեկ տարվա ընթացքում, արդյոք փոփոխություններ են նկատվում, որքանո՞վ է բարձրացել մարդկանց ֆինանսական գրագիտությունը, այս հարցերի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի վարկային հարցերով փորձագետ Գոռ Մովսեսյանի հետ: Պարոն Մովսեսյանից նաեւ հետաքրքրվեցինք` էլի՞ շատ են այնպիսի գյուղացիները, որոնք գյուղացիական վարկերը սպառողական նպատակներով են օգտագործում` հեռուստացույց են գնում, տղա ամուսնացնում: Գոռ Մովսեսյանի խոսքով, որպես ոլորտի մասնագետ, ինքը քիչ, բայց փոփոխություններ նկատում է: Ասում է` տենդենց կա, որ գյուղացիական տնտեսությունները սկսել են ավելի մտածված ու խելամտորեն վարկերը վերցնել: Այդուհանդերձ, պարոն Մովսեսյանի խոսքով, տույժ-տուգանքները ներելուն առնչվող օրենսդրական դաշտում դեռեւս խնդիրներ կան. «Մասնավորապես` զիջած տույժերի կամ ընդհանուր պարտավորությունների մասով ՀՀ Հարկային օրենսգրքով համարվում է տվյալ վարկառուին վճարված եկամուտ: Եթե ենթադրում է եկամուտ, ենթադրում է եկամտային հարկի վճարում: Բացի նրանից, որ վարկ տվող կազմակերպությունն ինչ-որ բան զիջում է, որ ակնկալում էր այս պայմանագրից, երբ որ ինքը դա զիջում է, պետությունը այն դիտարկում է որպես վճարված եկամուտ այդ մարդուն, որից ինքը այդ տույժը չի ստացել եւ դա եկամտային հարկով հարկման ենթակա գործարք է ստացվում: Այդ հարցը մինչ օրս վերջնական լուծում չի ստացել: Մյուս կողմից, երբ նայում եմ, բանկային համակարգի տենդենցները, բոլոր բանկերն էլ, բանկային կառույցներն էլ հակված են գնալ բանակցելու հաճախորդի հետ՝ գտնելու ընդունելի լուծումներ: Միշտ էլ այդպես է եղել: Բանկերը հակված են գալ կոմպրոմիսի»:
«Առավոտի» հարցին` արդյոք բանկերը կոմպրոմիսի էին գնում տույժ-տուգանքը ներելու գնով, պարոն Մովսեսյանն ի պատասխան ասաց՝ կամ տույժ-տուգանքը ներելու գնով, կամ` տույժ-տուգանքի մի մասը կապիտալիզացիա անելով` նոր վարկ ձեւակերպելով. «Այսինքն՝ ամեն բանկ ինքն էր որոշում: Բանկեր ու վարկային կազմակերպություններ կային, որ մինչ այդ էլ էին տույժերի ծավալը սահմանափակում, հիմա դա արդեն սահմանափակված է օրենսդրորեն»:
Ինչ վերաբերում է այն հարցին` այս մեկ տարվա ընթացքում փոփոխություններ նկատե՞լ է, գյուղացիների` վարկ վերցնելու գործընթացում, պարոն Մովսեսյանն ասաց, որ վարկառուները, մասնավորապես` ֆերմերները բավականին շերտավորված են. «Այն մարդիկ, որոնք գյուղատնտեսության հետ են կապում իրենց ապագան եւ հասկանում են, որ վարկային պատմությունը դա, նույնպես լավ ակտիվ է, որ իրենց վարկային պատմությունը վաղը կարեւոր դերակատարում է ունենալու բիզնեսի հետագա զարգացման գործում եւ այլն, այդպիսի ֆերմերներն ավելի հաշվարկով են մոտենում վարկ վերցնելուն: Այդ տենդենցը միշտ էլ կար: Այս մեկ տարում, ճիշտ է, դժվար է գնահատական տալ, բայց, կարծես թե մարդիկ ավելի խելամիտ են սկսել վարկ վերցնել: Բայց դա վերաբերում է մի որոշակի շերտին»:
Ըստ մեր զրուցակցի, վարկառուների մի մաս էլ կա, որն ընդհանրապես կոնտակտի չի գալիս: Դրանք, ըստ Գոռ Մովսեսյանի, այն գյուղատնտեսներն են, որոնք «պարտքերի լուրջ փոսի մեջ են ընկել» 2014 թվականից հետո:
«Այն ժամանակ, երբ եղավ դրամի արժեզրկում, ապա` ռուբլու արժեզրկում, ԵԱՏՄ-ի մեջ մտնելու առումով մթերումների հետ կապված որոշակի անորոշություն կար եւ այլն: Խնդիր էր նաեւ, որ նրանց պարտավորությունները դոլարով էր: Այսինքն` դա նույնպես գրագիտության պակաս էր: Դու պետք է աշխատես վարկ վերցնես այն արժույթով, որով դու փող ես աշխատում»:
Հետաքրքրվեցինք` կա՞ վիճակագրություն, գյուղացիական վարկառուների քանի՞ տոկոսն է, այսպես ասած` «փոսի մեջ»:
«Շատ իրարամերժ տեղեկատվություն կա, բայց լուրջ «փոսի մեջ», եթե վարկառուների ընդհանուր թիվն ենք նայում, մոտ 15-ը բավականին լուրջ խնդիրներ ունեին 2016 թվականի դրությամբ: Նրանց մի մասն այս տարիների ընթացքում գնացել է սնանկության ուղղությամբ, որը ամբողջ աշխարհում կիրառվող մեխանիզմ է, բայց մեզ մոտ դա դեռ թերի ինստիտուտ է: Նրանց մի մասը փորձել է ինչ-որ կերպ վերաձեւակերպել իրենց պարտավորությունները: Այսօր, քիչ թե շատ իրենց աշխատած եկամուտները համապատասխանում է իրենց պարտավորություններին: Այսինքն` ավելի դանդաղ, բայց կարողանում են իրենց պարտավորությունները սպասարկել»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
05.06.2019


















































