Սեւանա լճում ճահճացման երեւույթների պատճառն ավազան թափվող գետերն են, որոնց միջոցով լիճ է լցվում զանազան տեսակի աղբ: Այսօր այս մասին ասաց ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը: Նա պնդում է, որ գոնե 4-5 խոշոր գետերի վրա պետք է դրվեն մաքրման կայաններ, որոնք մեխանիկական եւ կենսաբանական մաքրում կանեն: Մասնագետի խոսքով, ներկայումս, Հայաստանը բնապահպանական առումով բավականին բարդ խնդիրների առաջ է կանգնած, որոնք չլուծելու դեպքում երկիրը շատ ավելի լուրջ խնդիրների է բախվելու։
Սարգիս Շահազիզյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում նաեւ մտահոգություն հայտնեց, որ կլիմայական փոփոխությունների, անապատացման խնդիրների, անտառը ոչնչացնելու պատճառով տարիներ անց մեր երկիրը լուրջ դժվարությունների առաջ է կանգնելու: Ըստ նրա, եթե չունենանք բնապահպանական տեսակետից դաստիարակված քաղաքացի, ապա ոչ մի պետական կամ հասարակական կառույց բնության պահպանության ուղղությամբ չի կարող հաջողության հասնել. «Անտառը պետք է խնայել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնենք: Բնությունը կարող է դիմանալ, սպասել, սակայն հենց մարդիկ չափն անցնեն, այնպիսի աղետներով կպատասխանի, որ ասելու չի»:
Պարոն Շահազիզյանի խոսքով, պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ըստ նրա՝ Հայաստանում ոչ թե ջրային ռեսուրսների պակաս կա, ինչպես որ նշվում է, այլ կա ջրի ոչ արդյունավետ օգտագործում: Նրա տվյալներով, մեր երկրում ջրի կորուստը կազմում է 70-80 տոկոս:
«Այսօրվա պայմաններում, երբ աշխարհում դրա դեմ բազմաթիվ լուծումներ են առաջարկում, դա հանցագործության պես մի բան է»,-ասաց նախկին նախարարը՝ նշելով, որ Սեւանի հետ բարբարոսաբար են վարվում:
Կարդացեք նաև
«Մենք անընդհատ փորձում ենք Սեւանից ջուր բաց թողնել՝ հակառակն անելու փոխարեն: Սակայն, մյուս կողմից, Սեւանի մակարդակը չի կարելի արագ ձեւով բարձրացնել, քանի որ այն կենդանի օրգանիզմ է, եւ ջրի մակարդակի՝ արագ բարձրացման պատճառով ճահճացում կարող է սկսել: Ի դեպ, այսօր ոչ թե ճահճացման, այլ ճահճակալման պրոցեսներ են սկսվել, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ճահճացման չհասնենք»:
Նրա խոսքերով՝ ճահճակալման պայմաններում ձկնապաշարների ավելացման մասին խոսելն ավելորդ է. «Իշխանը ձվադրումը կատարում է գետերի վերին մասերում: Եթե չկա հսկողություն, այդ ձուկը, որ ձվադրել, վերադառնում է, գետաբերանում դնում են ցանցեր, որոնք չեն համապատասխանում այն ստանդարտներին, որպեսզի սեռահասուն ձուկը կարողանա անցնել, ոչ սեռահասունը՝ ոչ, բռնում են եւ ստեղծվում նման իրավիճակ»:
Անդրադառնալով արտեզյան ավազաններին պարոն Շահազիզյանն ասաց, որ ոչ մտածված օգտագործման դեպքում արտեզյան ավազանն էլ կարող է այլեւս չլրացվել նոր պաշարներով. «Նախկինում անընդհատ հետեւում էին Արարատյան արտեզյան ավազանի ջրի մակարդակի խնդրին: Հենց եղել է այնպիսի մակարդակ, որ դրանից հետո կարող է վտանգ ստեղծվել, արգելվել է այնտեղից ջուր հանելը: Եվ միաժամանակ, արտեզյան ավազանում անկանոն ձեւով հորատանցքեր փորելը նույնպես բերում է ավազանի ջրային ռեսուրսների նվազմանը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































