«Երրորդ սեռ» վեպի հեղինակ Շան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանը տեսակապով միանալով Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսին, նշեց, որ 60-70 տարվա կտրվածքով տարբեր կանանց ճակատագրերին է անդրադառնում, իսկ տղամարդիկ գրքում դրվագային նշանակություն ունեն:
«Մոտ 20-25 տարի ուսումնասիրել եմ կանացի կերպարներ, հայտնի կանանց ֆիգուրներ, նաեւ այն երկրների կանանց, որտեղ ավտորիտար հասարակարգերում են ապրում»,-ասաց հեղինակը: Ասաց, որ հույս չուներ, թե «Երրորդ սեռը» կարող էր մտնել հայկական-գրական դիսկուրսի մեջ:
«Ես 7 գրքերի հեղինակ եմ, մշտապես դուրս եմ մնացել գրական միջավայրում քննարկումներից, մինչդեռ «Երրորդ սեռը» դուրս եկավ սոցիալական քննարկման ասպարեզ»,-հավելեց նա: Ասաց, որ գրքի վերնագիրն ընդամենը խայծ է, եւ «Երրորդ սեռը» 3 կարեւորագույն խնդիրներ է լուծել, որոնցից միայն մեկն է կապված իր հետ:
«Այս գիրքն ինձ վերադարձրեց գրական դաշտ, որովհետեւ 6-7 տարի Հայաստանում գիրք չունեի»,-ասաց Շան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանը: Նա բացառիկ է համարում գրքի հեղինակի, իրական հերոսների եւ նրանց գրական կերպավորումների եւ գրքի բացառիկ նույնականացումը, ասում է` իր հերոսներից շատերը հասարակության կողմից հալածվելով բռնում են հեռացման ճանապարհը, այդպես էլ գիրքը հեռացման եւ իզոլացման հարվածների տակ ընկավ:
Կարդացեք նաև
Գրողի ձեւակերպմամբ, կինը հայ իրականության մեջ բացարձակ չուսումնասիրված երեւույթ է, հայ գրականության մեջ միայն մայրական ու հերոսական կեցվածքներով կանայք են: «Կնոջ ներքին կյանքը հայ գրականության մեջ ուսումնասիրված չէ կամ գրեթե ուսումնասիրված չէ, կինը ավելի շատ երեւում է պլակատային կերպարով, մայրականության, դիցաբանության համարյա միֆի հասած կերպարով»,-ասում է Թեքգյոզյանը:
«ԱՐԻ» գրական գործակալության և ԱՐԻ գրականության հիմնադրամի հիմնադիր Արեւիկ Աշխարոյանը կարծում է, որ գրքի վերնագիրը ամենեւին էլ մարքեթինգային քայլ չի եղել, վերնագիրը նախապես է տրվել: «Ընտրվել է «Երրորդ սեռը», որովհետեւ հեղինակը բնութագրում է այն, ինչ ուզում է հեղինակն ասել իր գրքում»,-ասում է Աշխարոյանը: Նրա ձեւակերպմամբ, ցավոք, մարդիկ չեն ընկալում այլաբանությունն ու ինտրիգը, եւ այդ ամենը կրթության պակասի հետեւանք է:
«Էջ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանը եւս տարակուսանք է հայտնում, որ առանց գիրքը կարդալու մարդիկ կարծիք են հայտնում նրա վերաբերյալ: «Սա մի փոքրիկ քննություն էր հասարակության կրթական ցենզի վերաբերյալ»,-ասում է հրատարակիչը:
Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի խոսքերով, «Երրորդ սեռը» արագ կարդացվող գիրք է, իսկ նրա շուրջ աղմուկը` կարծրատիպերի հետեւանք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»



















































Հիվանդ մարդ իրավու՞նք ունի արվեստով զբաղվելու…