Որոշել էի, այլեւս չեմ գրելու Հայաստանի գիտության, նրա պրոբլեմների, մայր բուհի եւ նրա հետ կապված զարգացումների մասին: Կարծես թե ինչ որ բան փոխվում էր:
Համենայնդեպս փոփոխություններ եղան՝ նոր նախարար ունենք, որի դեմ հիմա իսկական արշավ են կազմակերպել ՀՀԴ ներկայացուցիչները, եկեղեցու սպասավորները եւ համալսարանի մի շարք դասախոսներ:
ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել: Բուհերում կարծես թե սկսել են մի քիչ հաշվի առնել նաեւ ուսանողի պահանջները եւ այլն: Հա, մոռացա նշել, արդեն բացահայտ քննադատում են Լիսկայի դոկտորականը, կամ Տարոնի թեկնածուականը, ԲՈԿ-ն էլ ավելի է խստացնում ատենախոսությունների պահանջները: Ամեն ինչ լավ է եւ հրաշալի, սակայն սայլը տեղից չի շարժվում: Դե չի էլ կարող շարժվել, որովհետեւ ներկա պահին նույն Կրիլովի նկարագրած իրավիճակն է:
Ես չգիտեմ՝ ով որ կողմ է քաշում, սակայն համոզված եմ, որ Պետգիտկոմը իր նախագահի հետ միասին, հաստատ դեպի իրեն է քաշում, ԵՊՀ-ն իր ռեկտորի պաշտոնակատարի հետ միասին դեպի իրեն, հայերեն լեզվի եւ հայ ժողովրդի պատմության ջատագովներն էլ՝ ի պաշտպանություն իրենց սուրճ խմելու բնական իրավունքի (ներողություն եմ խնդրում տվյալ ոլորտների բոլոր ազնիվ եւ աշխատասեր գիտնականներից), եւ այսպես շարունակ: Կատարյալ անհասկանալի վիճակ է: Հիմա մի քիչ ավելի կոնկրետ շարադրեմ մտքերս: Վերջերս լսում էի վարչապետի ուղիղ եթերը Հայաստանի բուհերի, կրթության եւ գիտության մասին:
Կարդացեք նաև
Ասեմ, որ համաձայն եմ նրա տեսակետի հետ՝ մենք պետք է աշխատենք հասնել առաջատար բուհերի մակարդակին, որակ ապահովել, լինել մրցունակ, ունենալ զարգացած գիտություն եւ այլն… Այո, չի կարող, օրինակ, ԵՊՀ-ն լինել 2-3 հազարերորդ տեղում եւ մենք հպարտանանք, որ մեր գիտությունն ու մեր համալսարանը առաջադեմ բուհերի շարքում է, որ մենք տարածաշրջանում ունենք ամենազարգացած ինֆրաստրուկտուրան՝ լաբորատորիաները եւ այլն: Սա, իհարկե, վարչապետը չի ասում, համընդհանուր կարծիքն է, մեր սովորության համաձայն: Հիմա կոնկրետ քայլերի մասին խոսեմ:
Այ այստեղ համաձայն չեմ, ինչ է արվում, կամ ինչ տեմպերով եւ եռանդով: Հարցս հռետորական է, ինչպե՞ս կարող է Հայաստանում գիտությունը զարգանալ, եթե նույն կոռումպացված, կներեք՝ «հոգնած դեմքերն» են մնացել իրենց աթոռներին:
Օրինակ, ինչքանով է լուրջ եւ հիմնավորված Գիտպետկոմի ղեկավարության «ստատուս քվոն»: Կամ՝ ինչպե՞ս կարելի է ԵՊՀ-ն վստահել, մեկ այլ «հին կադրի», որը տարիներ շարունակ եղել է համալսարանի պրոռեկտորը, եւ կներեք, որի արված գործն ուղղակիորեն համահունչ է նախկին ռեկտորի «փայլուն գործնեությանը»:
Ինչպես կարող է ԵՊՀ-ն հասնել առաջատար բուհերի մակարդակին, եթե նրա ղեկավարը ներկայացնում է, եւ մասն է հնի՝ կոռումպացված եւ ցինիկ մի կառույցի, որտեղ ուսանողի կարծիքը երբեք հաշվի չի առնվել, որտեղ գիտական բազան հավասարեցվել է զրոյի եւ նման շատ ու շատ օրինակներ: Ծանոթներիցս մեկն ինձ գրել էր, որ նոր պաշտոնակատարին վաղուց է ճանաչում. «կարգին ակադեմիկոս տղա է, ձգտող»:
Այ այստեղ պետք է կանգ առնել, վերջ հին, սովետական մտածողությանը, վերջ այն մոտեցումներին, որ ակադեմիան մեր գիտության առաջատար կառույցն է, կամ որ լինել ակադեմիկոս՝ նշանակում է լինել առաջատար գիտնական: Ընդհանրապես Ազգային ակադեմիայի դերի եւ կարգավիճակի վերաբերյալ ես իմ հատուկ կարծիքն ունեմ, որն անկեղծորեն չէի ցանկանա այստեղ արտահայտել:
Իմ բոլոր վերոհիշյալ նկատառումները հանգեցնում են մի մտքի, որ ՀՀ գիտության եւ կրթության ոլորտում հսկայական աշխատանք պետք է կատարվի:
Հիմնարար փոփոխություններ են պետք, եկեք ինքնախաբկանքով չտառապենք: Կադրերի ճիշտ ընտրութուն եւ վերաբաշխում է անհրաժեշտ, եւ պրոֆեսիոնալիզմ: Հրավիրեք սփյուռքահայ գիտնականների Հայաստանում ապրելու եւ ստեղծագործելու, զարգացնելու մեր երկիրը, մեր գիտությունը:
Բուհերը վստահեք նոր կադրերի, նրանց՝ ովքեր դրսում են ապրել, սովորել, ովքեր ունեն արտասահմանյան բուհերում ղեկավար աշխատանքի փորձ, ովքեր ինքնագովեստով կամ գրագողությամբ չեն զբաղվում…
Ես նույնիսկ կառաջարկեի ստեղծել Հայաստանի Գիտության խորհորդ՝ Սփյուռքի եւ Հայաստանի առաջատար գիտնականների մասնակցությամբ, որն օժտված կլինի լայն իրավասություններով: Հավատացեք, եթե մենք ճիշտ լուծում տանք գիտության եւ կրթության հիմնահարցերին, եւ հստակ նախանշենք «սայլի շարժման ուղղությունը», այն վերջապես առաջ կշարժվի:
Արա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Միչիգանի համալսարան
«Առավոտ» օրաթերթ
09.11.2019


















































