Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլինեին պայմանավորվածություններ՝ չէի առաջադրվի». Արայիկ Հարությունյան

Մարտ 25,2020 12:00

«Առավոտի» զրուցակիցը՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն եւ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը պնդում է, որ խոշոր գործարարների հետ ունի լավ հարաբերություններ, եւ նրանք պատրաստակամությունն են հայտնել ակտիվացնել իրենց մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:

– Պարոն Հարությունյան, առաջին հարցս, բնականաբար, վերաբերում է նախընտրական քարոզարշավին: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը: Ձեր կարծիքով, այս քարոզարշավի յուրահատկությունը ինչո՞ւմ է կայանում, բացի այն, որ առաջադրվել են մեկ տասնյակից ավելի թեկնածուներ: Ինչո՞վ եք դա բացատրում: Արցախի քաղաքական էլիտան ավելի պահանջկո՞տ է դարձել, թե՞ ամբիցիոզ, թե՞ այլ պատճառներ կան:

– Քարոզարշավն ընթանում է նորմալ, ամեն ինչ նախընտրական քարոզարշավին համահունչ է, հատուկ, արտառոց երեւույթներ չկան, երբեմն որոշակի սադրիչ գործողություններ են լինում, սակայն դրանք եւս նորմալ ենք համարում: Ինչ վերաբերում է թեկնածուների նման մեծ թվին, ապա մենք փուլերով հասել ենք ժողովրդավարության զարգացման որոշակի փուլի, որի արդյունքում համակարգի փոփոխություն է տեղի ունեցել, քաղհասարակությունն առայժմ զարգացվածության աստիճանի խնդիր ունի, թերեւս, այս ամենը միասին պատճառ են հանդիսացել բազմաթիվ թեկնածուների առաջադրման համար: Երբ ձեւավորված լինի կուսակցական համակարգը, ավանդական կուսակցություններ կգործեն՝ մեկ-երկու փուլեր անց, մի քանի ընտրություններ հետո մարդիկ կհասկանան, որ առանց քաղաքական մեծ թիմի հնարավոր չէ ընտրություններում հաջողություն արձանագրել: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էլ որոշակիորեն իր ազդեցությունն է թողել, մարդիկ նոր հնարավորություններ են տեսել, հավանաբար, համարել են, որ մինչեւ հեղափոխությունն իրենց քաղաքական հնարավորություններն ավելի սահմանափակ էին, քան՝ այսօր:

– «Ղարաբաղում կարող է լինել մի հեղափոխություն՝ սոցիալական հեղափոխություն», ձեր համակիրների հետ հանդիպմանը վերջերս հայտարարել եք դուք: Խնդրում եմ հակիրճ ներկայացրեք՝ ինչպե՞ս եք պատրաստվում դա իրականացնել, ի՞նչ է դա նշանակում:

– Մեր սահմանադրության առաջին հոդվածով՝ մենք սոցիալական երկիր ենք հռչակել եւ պարտավոր ենք այդ սկզբունքներով առաջնորդվել: Ամենամեծ ուշադրությունը դարձնում ենք առողջապահության եւ բնակարանաշինության ոլորտներին, երկու կարգախոս ենք շեշտում՝ «Որակյալ, անվճար բժշկություն» եւ «Յուրաքանչյուր ընտանիքին՝ բնակարան»: Առողջապահության հետ կապված ինձ հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս եք կարողանալու անվճար բժշկությունն իրականություն դարձնել: Այսօր պետությունը ֆինանսավորում է առողջապահության գրեթե 90-95 տոկոսը: Համակարգը որակյալ դարձնելու նպատակով դեռ աշխատանքներ ունենք իրականացնելու, որովհետեւ այսօր անվճար գործող համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, օրինակ՝ բժիշկների ցածր աշխատավարձերը, որի արդյունքում նրանցից շատերը հեռանում են համակարգից: Հետեւաբար, պետք է լուծենք այս խնդիրը, որպեսզի նրանք նախընտրեն մնալ իրենց ոլորտում, աշխատեն, իսկ բնակիչները ստիպված չլինեն ավելի մեծ գումար ծախսել Երեւանում եւ արտասահմանում բուժվելու համար: Սա լուրջ խնդիր է: Առողջապահության ամենակարեւոր պահանջներից մեկը բուժզննումն է: Այստեղ եւս խնդիրներ կան, ցանկանում ենք այն պարտադիր եւ անվճար դարձնել, որովհետեւ, եթե բուժզննությունը ժամանակին չի իրականացվում՝ հետագայում ավելի են վճարում արդեն բարդությունների դեմ պայքարելու համար: Այսինքն՝ մենք բուժզննության ծախսերը ավելացնելու ենք, բայց հետագա բուժումների համար՝ ծախսերը կրճատելու ենք: Այսինքն, մեզ համար գլխավորը քաղաքացին է, նրա կյանքն ու առողջությունը:

Ինչ վերաբերում է բնակարանային ոլորտին, ապա հիփոթեքային նոր մոդել ենք կիրառելու, որով շինարարությունն ամբողջությամբ նախատեսում ենք ներդրումային ռեսուրսների հաշվին իրականացնել՝ ակտիվ վարկավորում բանկերի եւ այլ ֆինանսական կառույցների միջոցով, իսկ պետության մասնակցությունը՝ սուբսիդավորման, դրամաշնորհների տրամադրման շնորհիվ: Այսինքն, պետությունը հանդես է գալու որպես գլխավոր երաշխավոր, դրանով իսկ դյուրացնելով համակարգը, սակայն պետության մասնակցությունն այստեղ շատ ավելի քիչ է լինելու: Իսկ գյուղերում մեր ծրագիրը գործում է, այսօր 3 միլիոն դրամի դրամաշնորհ ենք տրամադրում բնակարան կառուցողներին, այդ գումարը դարձնելու ենք 5 միլիոն, որը, ճիշտ է, ահռելի տարբերություն չէ, բայց կաշխուժացնի գյուղերում շինարարությունը, որը շատ կարեւոր է: Այսօր շատ մեծ խնդիր է առաջացել բնակարանային հարցով. շատ երիտասարդներ չեն ամուսնանում հենց բնակարանային խնդրի պատճառով:

– Հազարավոր արցախցիների համար բիզնեսի ձեւավորման եւ աշխատատեղերի ստեղծման նոր հնարավորություններ են բացվում, վերջերս գրել էիք ֆեյսբուքյան ձեր էջում, եւ հավելել. «Մեր քաղաքական թիմն ունի այն անհրաժեշտ ներուժը, որով իրատեսորեն մշակել է Արցախի տնտեսության զարգացման եւ առկա սոցիալական խնդիրների լուծման լավագույն պատկերացումների փաթեթը»: Եթե դուք դառնաք նախագահ՝ կարճաժամկետ կտրվածքով ի՞նչ անհապաղ ծրագրեր եք իրականացնելու, եւ երկարատեւ կտրվածքով՝ ի՞նչ գլոբալ ծրագրեր ունեք:

– Մեր ամենախոշոր պրոյեկտը՝ Բադարայի ջրամբարի կառուցումն է եւ Սարսանգի ջրերը Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխելու խոշորածավալ ծրագիրն է, որով 15 հազար հեկտար կանոնավոր ոռոգման հնարավորություն ենք ունենալու: Իհարկե, Բադարայի ջրամբարը Ստեփանակերտի կանոնավոր որակյալ խմելու ջրի հարցն է լուծում, բայց առավելապես ոռոգման համակարգի վրա է ազդեցություն թողնելու: Հայաստանի եւ Արցախի պարենային անվտանգության խնդիրը լուծելը եւս մեզ համար կարեւոր հարց է: Պաշտպանությունից հետո սա, թերեւս, մեր հաջորդ մեծ խնդիրն է, որտեղ ունենք բավական բացեր: Ղարաբաղյան ռեսուրսները շատ մեծ են, եթե 15 հազար կանոնավոր ոռոգման տարածք ունենանք եւ այգեգործությունը, որը գլխավոր լոկոմոտիվն է հանդիսանալու, ապա՝ հայտարարում ենք 10 հազար հեկտար այգի՝ 5 տարում, տարեկան 2 հազար հեկտար այգի, սա ամբողջ տնտեսության պատկերը փոխելու է եւ ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, ավելին՝ 2-3 տարի հետո մենք արդեն ունենալու ենք աշխատուժի խնդիր, եւ այս համատեքստում նախատեսում ենք վերաբնակեցման, հայրենադարձության լուրջ ծրագիր իրականացնել, մանավանդ, որ գյուղատնտեսությունում աշխատավարձերի կտրուկ բարձրացում է նախատեսվում, դա կլինի ավելի բարձր աշխատավարձ, քան արտագնա աշխատանքի դեպքում՝ Ռուսաստանում, կամ այլ երկրներում: Այգեգործությունը որպես գլխավոր ուղղություն՝ նպաստելու է բավական մեծ քանակությամբ վերամշակող արտադրությունների՝ սառնարանային տնտեսության սպասարկման եւ այլ ծառայությունների զարգացմանը:

– Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա եւ կամրանա, նշել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը: Նա նշել էր, թե վստահ է, որ տարբեր ռազմավարական ծրագրերն «իրականություն կդառնան Արցախում Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահ ընտրվելու դեպքում, քանի որ նա դրա համար ունի բոլոր նախադրյալները՝ ե՛ւ գիտելիքներ, ե՛ւ փորձ, ե՛ւ քաղաքական կամք»: Դուք խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություններ ունե՞ք Արցախի զարգացման հարցում ուշագրավ ծրագրեր իրականացնելու առումով:

– Միանշանակ: Եթե չլինեին այդ պայմանավորվածությունները՝ ես չէի առաջադրվի: Հասկանալով առկա պրոբլեմների ողջ ծավալը, սոցիալական խնդիրները, որոնց մասին արդեն նշեցի, հնարավոր չէ լուծել միայն պետական բյուջեով: Այդ խնդիրները լուծվելու են նաեւ բարեգործական-ներդրումային ծրագրերի շրջանակներում: Առավելապես մեծ ուշադրություն եմ դարձնելու ներդրումային ծրագրերի վրա, եւ ոչ միայն՝ Ռուբեն Վարդանյանի, Վարդան Սրմաքեշի, այլեւ մյուս խոշոր գործարարների հետ ունեմ բավական լավ հարաբերություններ ու շփումներ, եւ բոլորն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել եւ ակտիվացնել իրենց մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում: Այստեղ պետք է նշեմ նաեւ բարեգործական պարտադիր ծրագրերը:

– «Մենք ունենք ահազանգեր, որ Արցախի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում օգտագործվում են վարչական ռեսուրսներ», վերջերս ասել էր Վիտալի Բալասանյանը, եւ ճշտող հարցին՝ հատկապես ո՞ր թեկնածուի օգտին է վարչական ռեսուրս կիրառվում՝ նա պատասխանել էր, որ վարչական ռեսուրսներն օգտագործում են հօգուտ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի, եւ հայտնել էր, որ այդ մասին տեղյակ են պահել Արցախի նախագահին, իրավապահ մարմիններին։ Նա նույնիսկ նշել էր, որ ընտրակաշառքները իրականացվում են տարբեր ֆորմատներով՝ բարեգործական, սոցիալական ծրագրերի տեսքով։ Ի՞նչ կասեք ձեզ ուղղված այս մեղադրանքին ի պատասխան:

– Մարդիկ, պարզապես, արդեն տեսնելով, որ իրենց ծրագրերը չեն ստացվում՝ կանխակալ հայտարարություններ են անում, որոնք վկայում են այն մասին, որ նրանց քաղաքական ամբիցիաները չեն բավարարվում: Պետական համակարգում, եթե կան մարդիկ, որոնք համակրում են մեզ՝ որպես իշխող կուսակցության, այդ մարդիկ իրենց լիազորությունների շրջանակներում իրավունք ունեն աջակցելու, օրենքի շրջանակում՝ քարոզելու «Ազատ հայրենիք» կուսակցությանը եւ պաշտպանելու իմ թեկնածությունը:

Մենք մի բան պետք է հասկանանք, որ պետական պաշտոնյաները՝ ուժային կառույցների ներկայացուցիչները իրավունք չունեն քարոզչություն իրականացնել, սակայն պետական պաշտոնյաները զրկված չեն քարոզելու իրավունքից, բացառապես մի դեպքի, երբ նրանք չարաշահում են իրենց լիազորությունները: Գոնե մեկ փաստ լինի՝ ես կանդրադառնամ դրան:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա՝ վախենամ, եթե սկսեմ թվարկել՝ իրենք ափսոսան, որովհետեւ հստակ կլինի, թե ովքեր են ավելի շատ կաշառքով զբաղվում: Ինչ վերաբերում է ինձ, ապա արդեն երկու տասնամյակից ավելի զբաղվում եմ բիզնես գործունեությամբ, եւ անհամեստություն չհամարեք, բայց 25 տարիների ընթացքում եղել եմ Ղարաբաղում մարդկանց ամենաշատ աջակցողներից մեկը՝ ոչ միայն բարեգործության շրջանակներում, այլեւ բիզնեսի ձեւավորման հարցում: Սա չի նշանակում, որ այդ քայլերն իրականացրել եմ ընտրությունների համար: Դիմացինիդ օգնելը ընդամենը մարդկային որակի հարց է:

– Պարոն Հարությունյան, ձեր եւ մյուս թեկնածուների հասցեին քննադատություն է հնչում, որպես իշխանության եղած պաշտոնյաներ, դուք ունեցել եք ժամանակ եւ հնարավորություն լուծելու Արցախում տարբեր խնդիրներ՝ անարդարությունից, մինչեւ գլոբալ ծրագրեր: Ձեզ խանգարե՞լ են՝ ձեր իշխանության տարիներին իրագործել ինչ-ինչ ծրագրեր, որոնք դուք կարծում եք, որ կկարողանաք լուծել միայն այն դեպքում, երբ դառնաք Արցախի նախագահ:

– Ո՛չ: Ընդամենը առաջնահերթությունների խնդիր կար: Նախկինում մենք գլխավորը համարել ենք ենթակառուցվածքների ստեղծումը՝ Ստեփանակերտի ջրամատակարարումը, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, խոշոր բնակավայրերի ջրային խնդիրների լուծումը, գազաֆիկացումը, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: Հիմա առաջնահերթությունները փոխվել են: Պետք է հիշենք, որ օրինակ 2007 թվականին ունեցել ենք 35 միլիարդ դրամանոց բյուջե, այսօր ունենք 121 միլիարդ դրամանոց բյուջե, հետեւաբար բոլոր երազանքների ու ծրագրերի իրագործումը 35 միլիարդ դրամի եւ 121 միլիարդ դրամի շրջանակներում, դրանք տարբեր հնարավորություններ էին: Այսօր հնարավորությունները մեծացել են, քանի որ տնտեսությունը մեծացել է: Ես իմ նախընտրական հանդիպումներում անդրադառնում եմ այդ թեմային, երբ հարցնում են՝ «բա ինչո՞ւ նախկինում չեք իրականացրել…»: 35 միլիարդ դրամանոց բյուջեում, որտեղ միայն 20 միլիարդ դրամը սոցիալական ծրագրերն էին՝ աշխատավարձեր, կենսաթոշակներ եւ այլն, ինչպե՞ս կարելի էր նույն ծավալի աշխատանք իրականացնել ե՛ւ 35 միլիարդ դրամի, ե՛ւ 121 միլիարդ դրամի դեպքում:

Առաջիկայում մենք նախատեսում ենք տնտեսական աճի տեմպերի պահպանում՝ անկախ այսօր աշխարհում սպասվող աղետից, համոզված եղեք, որ Արցախի տնտեսությունը զարգանալու է եւ պահպանելու է աճի տեմպերը:

– Բազմիցս անդրադարձել եք հարցին, թե արդյոք ճի՞շտ են շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն դուք եք: Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ եւ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախագահ ընտրվելու դեպքում:

– Մեր հարաբերությունները մնում են շատ ջերմ, տարաձայնություններ չկան: Արտաքին քաղաքականությունը միակ ուղղությունն է, որտեղ կարող են լինել տարաձայնություններ, իսկ ընդհանուր առմամբ, մենք հայտարարել ենք, որ մեր պատկերացումները նույնական են արցախյան հակամարտության հարցով: Բայց մեկ կարեւոր հանգամանք եմ ցանկանում շեշտել: Արդեն նշեցի, որ սպասվում է համաշխարհային աղետ, մենք միասնական, ներդաշնակ պետք է աշխատենք՝ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, այլեւ՝ ազգովի: Վերջերս «Շանթ» հեռուստաընկերությանը տված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում հնչեցված մտքերից ոգեւորվել եմ, քանի որ դա արագ արձագանք էր, այն Հայաստանի կառավարության կողմից տնտեսության խթանմանն ուղղված գործիքակազմի առումով բավական հավակնոտ էր, քանի որ տնտեսության զարգացման համար ծավալուն աջակցություն է նախատեսվում, միանշանակ ոգեւորիչ էր նաեւ հայտարարությունը, որ գումար չի խնայվելու տնտեսության աջակցության համար: Ինչպես 2016թ. ապրիլին ենք միավորվել, նույն կերպ հիմա պետք է համախմբվենք, իրավունք չունենք պառակտվել այս բարդ փուլում:

– Պարոն Հարությունյան, եթե դուք Արցախի նախագահ դառնաք, Արցախի զարգացման, հզորացման ծրագրերից բացի կա մի խնդիր՝ ղարաբաղյան հակամարտությունը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության լուծումը, եւ մասնավորապես դուք ի՞նչ նոր մոտեցում ունեք կարգավորման գործընթացի վերաբերյալ, որը գուցե հայկական կողմի հետ կքննարկեք, այսինքն՝ ձեր պատկերացումները Արցախի մինչ այժմ գործող իշխանություններից ինչ-որ ձեւով տարբերվելո՞ւ են:

– Մեր տնտեսական զարգացման քաղաքականություն հիմքում դնում ենք 11,4 հազար քառ.կմ-ն, մենք ծրագրերը չենք առանձնացնում՝ շրջանների առումով, մենք սահմանադրորեն ունենք ամրագրված տարածք՝ 11,4 հազար քառ.կմ եւ այդ ամբողջ տարածքում իրականացնում ենք տնտեսական եւ ինչու չէ, հնարավորության դեպքում նաեւ՝ վերաբնակեցման քաղաքականություն:

Այս հարցում ամենաէականը ուժեղ բանակի գործոնն է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Պատերազմելու համար կա երկու կարեւոր պայման՝ մարդկային ռեսուրսը եւ սպառազինություն: Ունենք մարդկային որակապես բարձր մակարդակի վրա գտնվող ռեսուրս, իսկ սպառազինության առումով պետք է շարունակել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում: Մենք ոչ թե պետք է ուժերի հավասարակշռությունը վերականգնենք, այլ՝ առաջ անցնենք, առաջնորդվելով հետեւյալ սկզբունքով՝ խաղաղություն ուժի դիրքերից:

Մյունխենյան դեբատներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց հնչեցված սկզբունքները, որոնցից մեկում ասվում էր. «Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: Հայտնի է նաեւ Փաշինյանի այս տեսակետը՝ «Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը»: Եթե դուք դառնաք Արցախի նախագահ՝ պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ բանակցել, եթե օրինակ՝ պաշտոնական Բաքուն հայտարարի, որ պատրաստ է Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանին: Պատկերացնենք՝ նման իրավիճակ, ի՞նչ եք պատրաստ բանակցել ադրբեջանական կողմի հետ:

Եթե-ներով ես չէի ուզենա առաջնորդվել: Մենք հստակ գիտենք Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք միշտ պատրաստ ենք եղել եւ պատրաստ ենք բանակցել ադրբեջանական կողմի հետ, բայց ադրբեջանական կողմից չենք տեսնում նման ցանկություն: Հենց մյունխենյան դեբատի ժամանակ էլ համոզվեցինք, որ գործ ունենք ագրեսիվ հակառակորդի հետ, որի՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելու եւ Ղարաբաղի անվտանգության սահմանման վերաբերյալ պատկերացումներն ամբողջովին այլ են: Հետեւաբար, ինչու՞ խոսենք եթե-ներով: Մենք երկարաժամկետ զարգացման ծրագրեր ենք իրականացնում, մենք այգիներ ենք տնկում եւ այդ այգիներից բերքի ակնկալիքները ոչ թե առաջիկա երկու-երեք տարվա կտրվածքով են, այլ՝ տասնամյակների ընթացքի մասին է խոսքը, մենք ցորեն չենք ցանում ազատագրված տարածքներում, մենք բավական լուրջ ներդրումային ծրագրեր ենք իրականացնելու ենթակառուցվածքների ներդրման ուղղությամբ:

Այնպես, որ մենք պատրաստ են մասնակցել բանակցությունների եւ քննարկել ցանկացած հարց, սակայն միեւնույն ժամանակ մեր դիրքորոշումը հստակ է՝ որեւէ մեկին առիթ չենք տալու, որ մտածեն, որ մենք կարող ենք գնալ զիջումների:

– Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ հանդիպումը Ժնեւում տեւեց երկու օր, ավելի քան 10 ժամ։ Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացումը եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները եւ տարրերը։ Դուք նշում եք, որ համաձայն եք Փաշինյանի վարած արցախյան քաղաքականության հետ, իսկ տեղյա՞կ եք, թե ինչ համաձայնություններ են կայացել 2019-ին:

– Ոչ, տեղյակ չեմ: Ես պաշտոնյա չեմ եւ նման ինֆորմացիայի չեմ կարող տիրապետել: Բայց կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը մնում է նույնը, եւ բացի այդ մենք ականատես ենք լինում, որ հիմա Հայաստանի եւ Արցախի իշխանությունները համատեղ Անվտանգության խորհրդի նիստեր են անցկացնում, որտեղ բավական հստակ ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմերի դիրքորոշումները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.03.2020

Լուսանկարները՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031