«Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը
– Նոր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների արդյունքում, ՀՀ պարետի՝ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցնելու որոշումների ֆոնին, շատ մանր եւ միջին ձեռնարկատերեր արդեն իսկ ահազանգում են, որ վճարունակության խնդիրների առջեւ են կանգնելու: Կառավարությունը հրապարակեց հակաճգնաժամային ծրագրեր: Ձեր գնահատմամբ, դրանք լուծումներ տալի՞ս են ձեռնարկությունների վճարունակության ապահովան կամ սնանկության հարցերը «փափուկ» եւ անցավ կազմակերպելուն:
– Տեսեք, Սնանկության ինստիտուտը չափազանց էական ազդեցություն ունի երկրի ֆինանսատնտեսական կյանքում։ Մակրոտնտեսական առումով, սնանկությունը երկրի տնտեսության սանիտարական միջոցառումների ամբողջություն է, որի միջոցով «թույլ» ու «հիվանդ» ձեռնարկությունները դուրս են մղվում քաղաքացիական շրջանառությունից, որպեսզի ապահովվի ընդհանուր տնտեսության ֆինանսական անվտանգությունը։ Լինում է նաեւ հակառակը, սնանկության վարույթի մեջ հայտնված ձեռնարկությունը, որը գտնվում է «թույլ» վիճակում, սակայն ունի վերականգնման ներուժ, անցնում է ֆինանսական առողջացման ճանապարհով եւ վերադարձվում նորմալ քաղաքացիական շրջանառություն։
Սա, իհարկե, այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ տնտեսությունը գործում է նորմալ՝ ոչ ճգնաժամային պայմաններում։ Բանն այն է, որ ճգնաժամային պայմաններում տնտեսությունն այնպիսի կտրուկ եւ հուժկու շոկի է ենթարկվում, որ արդյունքում ձեռնարկությունները համատարած կերպով հայտնվում են անվճարունակության եզրին։ Սա այն է, ինչ տեղի է ունենում հիմա ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Նման իրավիճակում շատ դժվար է հատկորոշել ձեռնարկության իրական ֆինանսական եւ գործառնական ներուժը եւ կանխորոշել այդ ձեռնարկության ապագան՝ ֆինանսական ճգնաժամից հետո, ուստի նման շոկային պայմաններում ձեռնարկությունները սնանկության տանելու քաղաքականությունը, մեղմ ասած, լավ հաշվարկված չէ։
Կարդացեք նաև
– Ինչպիսի՞ լուծումներ են գտել այս հարցերում այն երկրները, որոնք ավելի վաղ ստիպված եղան առերեսվել նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրողությունների հետ:
– Այն երկրները, որոնք նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի նկատմամբ փորձում են դրսեւորել պրոակտիվ քաղաքականություն, մեկ քայլ առաջ են մտածում ու նախաձեռնում են երկրի սոցիալ-տնտեսական կյանքը վերջնական կոլապսից փրկելու միջոցառումներ։ Այդ միջոցառումներից է, օրինակ, որոշ պետությունների կողմից ձեռնարկություններին սնանկության տանելու պրակտիկան որոշակի ժամկետով դադարեցնելու միջոցառումը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Լեհաստանը հայտարել են արդեն, որ պետական մարմինները (հիմնականում հարկային մարմինները) մի քանի ամիս չեն դիմելու դատարան՝ ձեռնարկություններին սնանկ ճանաչելու պահանջով։ Որոշ երկրներ ավելի հեռուն են գնացել եւ պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ անել եւ արգելել ընկերություններին այս ընթացքում կամավոր սնանկության դիմումներ ներկայացնել դատարան (օրինակ՝ Գերմանիան)։
– Իսկ Հայաստանում ի՞նչ է կատարվում, կառավարության քայլերը նպաստո՞ւմ են այս հարցերի դրական հանգուցալուծմանը` նկատի առնելով այլ երկրների նախաձեռնությունները: Բանկերի եւ վարկային կազմակերպությունների` տնտեսվարողների համար հայտարարած վարկային արձակուրդը լուծո՞ւմ է խնդիրը:
– ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս օրերին շարունակում է մնալ տնտեսվարողներին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնող պարտատերերի շարքում միանձնյա առաջատարը։ Արդյունքում մենք ունենք զավեշտի հասնող իրավիճակ, երբ վարկատու կազմակերպությունները (բանկեր եւ վարկային կազմակերպություններ) միահամուռ կերպով եւ արագ արձագանքեցին ստեղծված իրավիճակին եւ տնտեսվարողներին առաջարկեցին վարկային արձակուրդի ռեժիմ՝ փրկելու համար վերջիններին վերահաս սնանկությունից եւ հնարավորություն տալով նրանց վերապրոֆիլավորվելու ու ադապտացվելու նոր տնտեսական իրողությանը, իսկ ահա մյուս կողմից` պետությունը ողջունելով վարկատու կազմակերպությունների նման ողջախոհ վարքագիծը, փոխարենը ինքն էլ իր կողմից որոշակի քայլեր ձեռնակի (օրինակ՝ հարկային արձակուրդ տրամադրի թիրախային ոլորտներին), շարունակում է ՀՀ սնանկության դատարանը հեղեղել հարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով տնտեսվարողներին սնանկ ճանաչելու դիմումներով, այդպիսով ջուրը գցելով վարկատու կազմակերպությունների ջանքերը՝ փրկել ձեռնարկություններին։
– Նույնիսկ ճգնաժամային-արտակարգ դրության ռեժիմում գտնվելու ընթացքո՞ւմ են ՊԵԿ-ից շարունակել դիմումներ ուղարկել սնանկության դատարան:
– Միայն մարտ ամսին ՊԵԿ-ը 60-ից ավելի դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, այսինքն՝ 60-ից ավելի տնտեսվարողներին սնանկ ճանաչելու պահանջ։ Սա ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակում պետության կողմից օրինակելի պարտատիրոջ վարք չէ։
– Ի՞նչ կլինի սրա արդյունքում:
– Ստացվում է, որ տրամադրված վարկային արձակուրդն այս տնտեսվարողների կյանքում որեւէ բան չի փոխելու, քանի որ սնանկ ճանաչվելու դեպքում այդ նույն վարկատու կազմակերպությունները ստիպված են լինելու սնանկության վարույթում պահանջ ներկայացնել դատարան։ Այժմ, երբ տնտեսական խորը ճգնաժամի եզրին ենք, կարելի է կանխատեսել, թե քանի տասնյակ կամ հարյուրավոր ընկերություններ կհայտնվեն նկարագրված իրավիճակում, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ է գործել ոչ թե ռեակտիվ եղանակով եւ post factum կիսատ-պռատ լուծումներ առաջարկել, այլ լինել նախաձեռնող ու մի քանի քայլ առաջ կանխարգելել վերահաս տնտեսական «պայթյունը», որը ներառելու է սնանկության եզրին հայտնված հարյուրավոր ձեռնարկություններ։ Ասվածն ավելի ցայտուն է դառնում ՀՀ պարետի՝ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցնելու որոշումների ֆոնին եւ այս պարագայում հույս ունենալ, որ այդ ձեռնարկությունները վճարունակության խնդիրներ չեն ունենալու՝ պարզ միամտություն է։
– Իսկ լուծումներ կա՞ն: Դուք ի՞նչ եք առաջարկում:
– Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ՊԵԿ-ը պարտավոր է հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնել դատարան։ Առաջարկում ենք հետեւյալ գործողությունները՝
ա/ նախաձեռնել փոփոխություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ նորմում եւ նախատեսել համապատասխան բացառություն՝ որոշակի արտակարգ իրավիճակներում (ընդ որում՝ ոչ միայն այն դեպքում, երբ հայտարարված է արտակարգ դրություն) ՀՀ կառավարության որոշմամբ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը չպահպանելու համար։ Բանն այն է, որ անգամ համավարակի վտանգի չեզոքացման եւ արդյունքում արտակարգ դրության դադարեցման դեպքում այն բոլոր ձեռնարկությունները, որոնք այս ընթացքում մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը, միեւնույն է՝ արագորեն չեն վերականգնելու իրենց նախկին հզորությունները եւ դեռ երկար ժամանակ պայքարելու են վճարունակության վերականգնման ուղղությամբ, ուստի օրենքով նախատեսված այդ 6-ամսյա ժամկետը երկարացնելու կամ դրանից բացառություն անելու եղանակով ՊԵԿ-ն այլեւս սահմանափակված չի լինի սնանկության դիմում ներկայացնելու օրենքով սահմանված եւ այս իրավիճակում խիստ ոչ բավարար ժամկետով։
բ/ Այս պահին, քանի դեռ օրենքը հնարավորություն չի տալիս բացառություն անել այդ 6-ամսյա ժամկետից, հարկավոր է առնվազն դադարեցնել սնանկ ճանաչելու դիմումներ տալու պրակտիկան այն հարկատուների մասով, որոնց դեպքում չկատարված պարտավորության 6-ամսյա ժամկետը դեռ չի լրանում։
գ/ Այս պահին արդեն հրաժարվել բոլոր այն դիմումներից, որոնք ընդունվել են դատարանի վարույթ, սակայն դեռեւս առկա չէ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ։
Ամփոփելով նշվածը, պետք է նշել, որ վերը նկարագրված իրավիճակն իրականում պարադոքսալ է, քանի որ չի կարող համընդհանուր տնտեսական ճգնաժամի պարագայում պետությունն իրեն դրսեւորել «ամենաագրեսիվ» պարտատիրոջ դերում եւ բացի այդ, մի կողմից մշակի տնտեսվարողներին աջակցելու միջոցառումներ, իսկ մյուս կողմից՝ նրանց տանի սնանկության եւ ի վերջո՝ լուծարման։ Ուստի կառավարությունը պետք է հստակ գիտակցի, որ ոչ ստանդարտ ֆինանսատնտեսական իրավիճակը ենթադրում է ծախսեր ու եկամուտների նվազում, դա է այն գինը, որը բոլորս, այդ թվում՝ պետությունը պետք է վճարենք։
Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.04.2020


















































