Սեպտեմբերի 14-ին կկայանա Արցախի անվտանգության խորհրդի նիստ, որի քննարկման թեման լինելու է աշխարհազորի հարցը: Այսօր այդ մասին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը: Նա հայտարարեց, որ այդ հարցը իր համար սկզբունքային է եւ բոլոր մանրամասները պետք է քննարկվեն: Այժմ կա երկու տեսակետ: Փակագծերը չբացելով՝ նա ներկայացրեց իր տարբերակը. «Մոբիլիզացիա է լինելու այն մոտեցմամբ, որ մոբիլիզացիա է լինելու ոչ թե զորամասերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու»:
Սփյուռքահայերի մասնակցության առնչությամբ էլ ասաց. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կամ եւ այլ, եւ այլ, կարողանալու են առաջին գոնե ամիսներին օգնության գան՝ տարբեր պատճառներով, չմանրամասնեմ: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որեւիցե խնդիր չունենանք եւ Ադրբեջանն էլ տեղը սսկվի՝ վեր ընկնի՝ բոլոր առումներով»: Սամվել Բաբայանն ասաց, որ պատգամավորներին առանձին՝ ոչ հրապարակային ձեւաչափով, կարող է մանրամասնորեն ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը:
Մեկ այլ հարցի, թե հանրության շրջանում չեն դադարում խոսակցություններն, իբր նախագահի թիմն իր համար է կադրային քաղաքականություն վարում՝ իր թիմակիցներին փորձելով աշխատանքի տեղավորել, ԱԽ քարտուղարինն՝ իր, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Որտե՞ղ եք տեսել, որ մենք մեր կադրերին առաջարկենք: Նախագահն է կադրային քաղաքականությունը որոշում: Մեր թիմից մի արդարադատության նախարար է նշանակել՝ էն էլ իր ցանկությամբ: Ես բազմիցս հայտարարել եմ, որեւիցե պաշտոնի հարց չենք քննարկել եւ մարդկանց աշխատանքի տեղավորման հարց չենք լուծում: ԱԽ-ն ծրագրեր է մշակում եւ եթե հաստատված ծրագիրը նախարարը չկարողանա իրականացնել՝ կհեռանա: ԱԽ-ում միայն ես չեմ, ինձնից բացի ևս 11 հոգի կան»: Իսկ ծրագրերի մշակման համար, ըստ Սամվել Բաբայանի, կան համապատասխան մասնագետներ: Նա այն կարծիքին է, որ երիտասարդ փորձագետներն են բավական հետաքրքիր լուծումներ առաջարկում, փորձառուները փոփոխությունների գնալ չեն ցանկանում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































