Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա էդպիսի զեկույց, նշանակում է, որ առնվազն էդտեղ մտահոգվելու ու մտածելու տեղ կա». Բաբկեն Թունյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2020 12:19

 Հայաստանում երկու տնտեսական թռիչքաձեւ աճ եւ ներդրումային բում խոստացած իշխանության ներկայացուցիչ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչու Հայաստանում ներդրումներ չեն լինում։ «Ներդրումներ տեղի ունենում են, ուղղակի էդ ներդրումներն էն ծավալով չեն, ինչ որ ի սկզբանե ակնկալում էինք։ Տարբեր պատճառներ կարող եմ նշել՝ սկսած մեր օրենսդրական դաշտի կարգավորումներից, վերջացրած առանձին դեպքերով, նկատի ունեմ՝ նախադեպերով խոշոր ներդրումային պրոյեկտների հետ կապված եւ հատկապես վերջին ժամանակահատվածում արդեն էս կորոնավիրուսով պայմանավորված։ Այսինքն՝ տեղից մենք խնդիր ունենք ներդրումների ներգրավման առումով՝ ջանքեր գործադրելով, որ ներդրողին պետք է համոզել, որ գան Հայաստան, ու համոզել ոչ թե բառերով, այլ փաստացի ցույց տալով, որ Հայաստանում ներդրողի համար գործելն ավելի հարմար է։ Ու էս փուլում էդ համոզելն արդեն դարձել է պրակտիկորեն շատ ավելի դժվար»,-իրավիճակը փորձեց բացատրել Բաբկեն Թունյանը։

ԱՄՆ պետդեպը հրապարակել է զեկույց՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում 2020 թ», որտեղ նշվում է՝ կոռուպցիան շարունակում է էական խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ 

– Ծանոթ չեմ, ճիշտն ասած, այդ զեկույցին, ու ինձ համար շատ հետաքրքիր է այդ զեկույցի մանրամասներին ծանոթանալ, որովհետեւ, եթե զեկույցը հրապարակվում է, իր ուսումնասիրությունը, սովորաբար, կատարված է լինում ավելի վաղ։ Պետք է հասկանալ՝ այդ զեկույցը որ ժամանակահատվածն է ծածկում, եւ երկրորդը՝ արդյոք Ձեր ասածից ավելի խորը ինֆորմացիա էնտեղ կա՞, թե՞ չէ։ Եթե ասում եք՝ կոռուպցիան է խանգարում, պետք է հասկանալ՝ որ ոլորտում, ինչ բնույթի կոռուպցիա։ Բայց եթե կա էդպիսի զեկույց, ինքը նշանակում է, որ առնվազն էդտեղ մտահոգվելու ու մտածելու տեղ կա։

Պարոն Թունյան, Դուք հետեւո՞ւմ եք պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի կիսահումորային տեսահոլովակներին, որոնք ձեր իշխանության մասին են։ Օրինակ՝ հիմա «Հեքիաթն է կանչում» հոլովակների շարք է անում, որտեղ անդրադառնում է, թե ինչպես ժամանակին խոստացված գործարանները դեռ չբացված՝ փակվել են։

– Սկզբում հետեւում էի, էս վերջին շարքին չեմ հետեւում, բայց մոտավորապես արդեն հասկացա, թե խոսքն ինչի մասին է։ Ասենք՝ կարող է լինել գործարան, որի մասին հայտարարություններ լինեն, որ այս գործարանը շուտով աշխատելու է, ներդրումներ են կատարվում, արտահանում է իրականացվելու, հետո դա իրականություն չի դառնում։

Այդ դեպքում ինչո՞ւ է ձեր քաղաքական թիմն այսօր ժողովրդին ոգեւորելու համար հայտարարում, որ այսքան ներդրում կլինի, այսքան աշխատատեղ կստեղծվի, իսկ երբ որ չի բացվում, գոնե մի ներողություն էլ չի խնդրում, չի ասում՝ կներեք, սխալվեցինք։ Դրանով էլ ստեղծագործելու առիթ եք տալիս Ռուբեն Մխիթարյանին ու մյուսներին։

– Շատ նորմալ է, որ ստեղծագործելու առիթ են տալիս, որովհետեւ, տեսեք, էդ ներդրումը չկայացավ, բայց, օրինակ, Ռուբեն Մխիթարյանը ստեղծագործելու համար առիթ ունեցավ։

Բայց Ռուբեն Մխիթարյանի ստեղծագործական միտքը զարգացնելով՝ տնտեսությունը չես զարգացնի։

– Չեմ ասում, թե որն է ավելի նպատակահարմար, բնականաբար, ավելի նպատակահարմար կլիներ, եթե այդ հայտարարված ծրագրերն իրականություն դառնային, եւ Ռուբեն Մխիթարյանը, կարծում եմ, ուրիշ առիթ կգտներ տեսանյութեր պատրաստելու համար։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ խոստումներին, ապա կան կառավարության մակարդակով հաստատված որոշակի նախագծեր, որ եթե մենք խոսենք դրանց մասին, կարող ենք առանձին դետալներով երկար քննարկել։ Կան առանձին հայտարարություններ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ է այդ հայտարարությունների հեղինակներին դիմեք։

Օրինակ՝ վարչապետի՞ն։

– Վարչապետի ո՞ր խոստման մասին է խոսքը՝ կոնկրետ պրոյեկտի հետ կապված, եթե նշեք, ես կասեմ։

Օրինակ՝ Վանաձորի գազաբալոնների գործարանի, Մերձավանի էլեկտրատեխնիկայի գործարանի, որոնց բացումներին նա մասնակցել է, վարչապետի էջով հաղորդագրություն է տարածվել, բայց հիմա չեն գործում, Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկան, կոկորդիլոսաբուծարանը, վերջապես, ու այսպես շարունակ։

– Շատ լավ։ Ուրեմն ես Ձեր օրինակներին կարող եմ մի քանի օրինակ էլ ավելացնել, երբ անգամ հայտարարություն չի եղել, բայց գործարանները սարքվել են ու հիմա չեն աշխատում, որովհետեւ որոշ օղակներ պետական կառավարման համակարգում բավականին արագ ու արդյունավետ չեն աշխատում։ Եվ վարչապետը չի կարող ամեն մի նախագծի վերաբերյալ կարծիք ունենալ, թե էս նախագիծը որքանով է իրատեսական, որքանով՝ ոչ։ Դրա համար կան համապատասխան կառույցներ, մարմիններ, խորհրդականներ, նախարարներ եւ այլն։ Այսինքն՝ իրենք պետք է էդ ամեն ինչը վերլուծեն, ներկայացնեն, եւ ըստ դրա՝ արդեն քաղաքական հայտարարություններ էլ կարող են արվել, բացման էլ մասնակցել։ Հիմա Ձեր նշած այդ օրինակներով ինձ էլ է հետաքրքիր, թե հայտարարված շատ պրոյեկտներ ինչու են կանգ առել, թե այդ խոստումներն ինչու չեն իրականացել։ Կոնկրետ էդ էլեկտրատեխնիկայի գործարանի մասով ես, օրինակ, պատրաստվում եմ առաջիկայում ինքս էդ հարցով զբաղվել ու հասկանալ՝ էդտեղ ինչ է տեղի ունեցել։ Եթե ի սկզբանե էդ պրոյեկտը չէր իրականացվելու, ապա ինչու էր ընդհանրապես այդ պրոյեկտին էդպես մեծ կարեւորություն տրվում։ Եթե դա ռեալ պրոյեկտ էր, ապա ինչն է խանգարում, որ դա իրականություն դառնա։ Ես Ձեզ խոստանում եմ այդ հարցի պատասխանը ճշտել ու ասել։

Վահե Մակարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930