Հայաստանում, ինչպես եւ ցանկացած այլ երկրում, որտեղ թեկուզ ձեւականորեն գործում են ժողովրդավարության ինստիտուտները, պայքար է գնում իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ իշխանավորներն ամեն ինչ անում են՝ իրենց աթոռները պահելու համար:
Կոնկրետ այսօրվա Հայաստանի իրավիճակում ներկա իշխանությունը աթոռ պահելու բարոյական իրավունք, իմ կարծիքով, բացարձակապես չունի: Բայց հասկանում եմ, որ նման բան ասելը «լիրիկայի» ոլորտից է. սովորաբար մարդիկ պահում են իրենց իշխանությունն այնքան ժամանակ, որքան դա հնարավոր է` անկեղծորեն վստահ լինելով, որ իրենցից ավելի հրաշալի կառավարիչներ աշխարհիս երեսին չկան:
Ընդդիմությունն էլ, իր հերթին, ձգտում է տիրանալ իշխանական աթոռներին՝ բերելով դրա համար համոզիչ կամ ոչ համոզիչ փաստարկներ: Սակայն դարձյալ՝ եթե անդրադառնանք այս պահին ստեղծված իրավիճակին, ապա ընդդիմադիրները, կարծում եմ, պետք է ճշտեն իրենց մարտավարությունը: Այսինքն՝ պետք է հստակ նշվի, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով, Սահմանադրության ո՞ր հոդվածի համաձայն է տեղի ունենալու իրենց նախագծած իշխանափոխությունը: Եթե նոր կառավարությունը ձեւավորված չլինի Հիմնական օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, ապա այն կլինի նույնքան անօգուտ, որքան ներկայիս անգործունակ եւ ձախողված կառավարությունն է: Միայն լեգիտիմության սոլիդ մանդատ ստացած նոր իշխանությունը կարող փորձել դուրս բերել պետությունն այս աղետալի վիճակից:
Իշխանության օրինական ճանապարհներն են՝ վարչապետի հրաժարականը (կա՛մ կամավոր, կա՛մ ԱԺ-ի կողմից նախաձեռնած), վարչապետի ընտրությունը խորհրդարանի կողմից, որից հետո կձեւավորվի նոր կառավարությունը: Այս ճանապարհն առայժմ անիրատեսական է թվում: Հետեւաբար, ընդդիմությունը, ենթադրում եմ, պետք է պայքարի ոչ թե հանուն ինչ-որ անհասկանալի «ազգային փրկության կառավարության», այլ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Տրամաբանությունը կարող է լինել հետեւյալը. եթե իշխանությունը վստահ է, որ այսքանից հետո էլ քաղաքացիները շարունակում են իրենց վստահել, թող ի՛նքը նախաձեռնի ընտրություններ եւ կրկին ստանա ժողովրդի մանդատը: Դա շատ լավ «թեսթ» կլինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության եւ թե՛ հասարակության համար:
Կարդացեք նաև
Ես, օրինակ, գտնում եմ, որ Փաշինյանը եւ նրա թիմը խայտառակ ձեւով տապալվել են պետական կառավարման բոլոր (ոչ միայն ռազմական) ոլորտներում եւ այդ պատճառով առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում ձայնս չեմ տա «Իմ քայլին»: Բայց ես մեկն եմ 3 միլիոնից. ամենեւին բացառված չէ, որ իմ համաքաղաքացիների մեծ մասը գտնում է, որ կառավարող թիմը հոյակապ է աշխատել, եւ ներկայիս իշխանությունների միակ թերությունն այն էր, որ նրանք չեն գնդակահարել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Դա, համենայնդեպս, մարգինալ կարծիք չէ՝ նույնիսկ իմ մերձակա շրջապատում եւ անգամ «Առավոտում» կան մարդիկ, որոնք այդպես են մտածում: Եթե ընտրողների մեծ մասն էլ է այդպես կարծում, ապա նոր ընտրությունների արդյունքում իշխանության գլխին պետք է մնա «Իմ քայլը» եւ Փաշինյանը:
Ինչ արած, այդ դեպքում պիտի համբերատար սպասենք նոր աղետի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ներկա իշխանությունը աթոռ պահելու բարոյական իրավունք չունի, ներկա փողոցում գտնվող ընդիմությունը ավելի քան բարոյական իրավունք չունի նստելու իշխանական աթոռներին….
Դա կոչվում է փակուղի։ Արտահերթ ընտրություններ պետք են։ Ինքս դրանց չեմ մասնակցի, քանի որ քվեաթերթիկներից հանել են «Բոլորին դեմ եմ» կետը։ Կա մեկ այլ տարբերակ ևս։ Հիշենք Ելցինը ինչպես էր իրեն ժառանգորդ որոնում։ Քանի՞ վարչապետ փոխեց։ Պրիմակով, Ստեպաշին, Կիրիենկո …. Պուտին, որը և կանգնեցրեց Ռուսաստանի փլուզումը։ Պարզվեց էս մոլորակի վրա Ելցինը ինչ-որ մեկից ավելի պետականամետ էր։ Թող Փաշինյանը ինքը ընտրի իր ժառանգորդին, բայց ընտրի պետականամետ մեկին, ինչպես Ելցինը արեց։
Ընդդիմության ամենամեծ խնդիրն իր ասելիքն ժողովրդին համակարգված ու կետ-առ կետ բացատրելու մեջ է։ Օրինակ՝ չեն բացատրում Լիդիան Արմենիային ու Սանիթեքին սնանկացնելու ու ներդրումների զրոյանալու մեջ եղած կապը, սփյուռքի նախարարությունն լուծարելու ու պատերազմի պայմաններում սփյուռքի ներուժն ոչ լրիվ իրացնելու կապը, կամավորական ջոկատների ու դասալքության մեջ կապը, նախկիններին մատի փաթաթան դարձնելու ու երկրի զարգացման վրա խաչ քաշելու կապը։
Լավ ուսուցիչը ոչ թե գիտելիք է տալիս, այլ իր աշակերտի մեջ բացահայտում է գիտելիք ձեռք բերելու ու այն կիրառելու շնորհքը, ցանկացած աշակերտ կաստվածացնի նման ուսուցչին: Մեզ այնպիսի պետական համակարգ է պետք, որը լիարժեք կբացահայտի քաղաքացու բոլոր գիտական, բարոյական ու մնացած արժեքները ձեռք բերելու ու դրանց կիրառելու շնորհքը: Հիմա համեստության ժամանակը չի եւ ամեն մեկս թող փորձի իր պատկերացրած պետական համակարգը ներկայացնի՝ ճիշտ թե սխալ, կարեւոր չի, ամեն գաղափարի մեջ էլ մի հատիկ ճշմարտություն կգտնվի եւ երբ այդ հատիկները հավաքենք, կունենանք այն, ինչ բոլորս ենք երազում: Պետք չի միանգամից հարձակվել այդ գաղափարների վրա ու ծաղրանքի ու քննադատությունների ենթարկել դրանք, նորը միշտ էլ լիքը թերություններ ունի, բայց հին եռաչափ բանաձեւերով նոր քառաչափ խնդիրներ չես լուծի, այնպես որ բոլորիս համբերություն ու ներողամտություն:
Օրինակի համար բերեմ իմ պատկերացումը նոր պետական համակարգի վերաբերյալ:
Մեր այսօրվա խորհրդարանական համակարգը պատերազմող երկրին չի համապատասխանում, մենք պետք է ունենանք ռազմավարական նախագահական եւ մարտավարական խորհրդարանական համակարգ, Նախագահի հսկողության տակ դնել բոլոր ռազմավարական կառույցները, այդ թվում՝ ԱԱԾը, Դրամը, Ապահովագրությունը, Դատարանը, ընդորում առանց վստահելի ԱԱԾի, մնացած կառույցներն անիմաստ են, դրա համար էլ ռազմավարական պաշտոններին ԱԱԾն է նշանակում իր նախընտրած մարդկանց՝ այդ թվում Նախագահին, իսկ մարտավարական պաշտոններում ժողովրդի կողմից ընտրվածներն անցնում են ԱԱԾի կարանտինով:
Հիմա պետական համակարգի մասին: Կարծում եմ, բոլորս էլ մինչեւ կոկորդներս կուշտ ենք սիրուն, բայց անգործունակ օրենքներից, պետական կառավարումը դառել է սիրողական՝ սրան կտամ, սրան չեմ տա թեթեւաբարո որոշումների: Դրա փոխարեն առաջարկում եմ պարտադիր եւ կամավոր ապահովագրությունը դնել պետական համակարգի հիմքում՝ քաղաքացիություն ընդունելուց հետո քաղաքացու բոլոր իրավունքները պետության կողմից ապահովագրվում է, որոնց դիմաց քաղաքացին վճարում է վարկ, որը նույնն է, ինչ պետական հարկը: Պետություն քաղաքացի հարաբերությունները իրավաբանորեն ձեւակերպվում ու ստորագրվում են համաձայնագրերի տեսքով: Մեկ էլ Ընտրության մասին՝ Ընտանիքի բոլոր անդամները միաժամանակ եւ ընտրողներ են եւ ընտրվողներ, ընտանիքն իր միջից ընտրում է մեկին, ասենք, ընտանիքի հորը, նրան տալիս ընտանիքի ընտրելու իրավունք ունեցողների ձայները եւ ուղարկում տեղական ինքնավար կառավարման մարմինների ընտրության, այստեղ էլ նույն սկզբունքով՝ բոլորը միաժամանակ ընտրող են եւ ընտրվող, ընտրում մեկին, հանձնում բոլորի ձայները նրան եւ ուղարկում ազգային ժողովի ընտրություններին… Ներողություն, երկար ստացվեց:
Վերականգնել Հայ մարդու (զինվորականության) պատվո վարքականոնը (Բուսիդո):
Իմ կարծիքով իրական կարող հայրենասեր քաղաքական գործիչը ոչ թե պիտի նստի նայի թե ոնց են լվացած ուղեղներով անգրագետ պողոսները իրենց “ազատ, արդար” ընտրությունով կործանում երկիրը:
Այլ պետքա եթե պետքա դաժան օրենքի դիկտատուրա հաստատի երկրում:
Փորձը ցույցա տալիս, որ ոչ զարգացած դեռ կայացման փուլում գտնվող երկրներում այդպես կոչված դեմոկրատիան իրականում վերածվումա բարդակի:
Ադրբեջանը մեզ հաղթեց ոչ միայն ու ոչ էնքան բայրաքտարների շնորհիվ այլ դիկտատուրայի կազմակերվածության: Ընդեղ ոչ մեկին չէին հարցնում ուզումա կռվի թե չէ, բոլորին շպրտում էին մսաղացի մեջ:
Մեր մոտ գնացելա ով ուզելա:
Պետքա ունենալ կազմակերպված պետությունը: Եթե մեկը հարբած գնումա փորձումա ձեռ առնի երկրի նախագահին հա դրան պետքա շան ծեծ տալ:
Եթե պատերազմի ժամանակ ինչ որ գումարտակ հրաժարվումա կռվել, էտ գումարտակից մի քանիսին պետքա գնդակահարել:
Ուշադրութեամբ կարդացի արտայայտուած բոլոր կարծիքներն ալ – Ամէնուն մէջ ճշմարտութեան բաժին մը կայ անտարակոյս ,սակայն մեր ներկայ պարագային ամենամեծ դժուարութիւնը այն է որ մեր մէջ առ այսօր չէ ձեւաւորուած ամենակարեւորը ,ԵՆԹԱԿԱՌՈՅՑՆԵՐԸ որ կարելի դարձնեն անոնցմէ մէկուն գործադրութիւնը օրինակի համար ամէնէն օրինաւորը և տրամաբանականը կրնար ըլլալ եթէ Վարչապետի ԹԻՄԸ ձեռնարկեր ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ ։