Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց բանակի՝ թույլ Հայաստան, սա է Ալիեւի միակ երազանքը

Մարտ 03,2021 14:00 Share

Ինչո՞ւ է Ալիեւն այդքան դողում «հայկական ոչնչացված բանակից»

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանյան ներքաղաքական թոհուբոհի մեջ չվերլուծվեց մի կարեւոր հանգամանք. Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունից գրեթե չորս ամիս է անցել, սակայն Ադրբեջանի ղեկավարի պահվածքը մոտավորապես այնպիսին է, կարծես նա կասկածում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքների վրա, կարծես Պյուռոսյան հաղթանակ է տարել: Նա ամեն առիթով բարդույթավորված իր պարտքն է համարում շարունակ կրկնել, թե՝ «լուծել է խնդիրը ռազմական ճանապարհով», «պատերազմն ավարտվել է», «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա» եւ այլն…

Ահա, Ալիեւն անցյալ շաբաթ ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց. «Մի քանի օր առաջ տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ»,- նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ չհնչեցնելով, սակայն, Հայաստանի դաշնակցի անունը։

Նույն հարցն, իհարկե, արժե ուղղել, նախեւառաջ, Ադրբեջանի եւ նրա թեւ ու թիկունք Թուրքիայի իշխանություններին՝ ո՞ւմ դեմ է հիմա զինվում Ադրբեջանն ու ինչո՞ւ է Թուրքիան «եղբայրական» երկրի հետ ռազմական նոր համաձայնագրեր կնքում: Եվ առհասարակ, ինչո՞ւ էր Թուրքիան ամեն գնով ձգտում մխրճվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ եւ հասավ նպատակին՝ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ձեւավորմամբ:

«Պատերազմն ավարտված է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռեւանշիստական գաղափարներով, ապա կտեսնի այս բռունցքը։ Թող չփորձարկեն մեր համբերությունը», – հերթական անգամ սպառնաց Ադրբեջանի նախագահը՝ հավելելով. «Հայկական բանակ այլեւս չկա եւ չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»:

Ալիեւը միեւնույն ժամանակ պնդել է, որ ի տարբերություն հայկական բանակի՝ ադրբեջանական զինված ուժերը կշարունակեն ուժեղանալ։ Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը ձեռք է բերում եւ ձեռք կբերի ժամանակակից սպառազինություն, այդ երկրի զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներն էլ, ըստ նրա, թույլ կտան ավելի օպերատիվ եւ մարտունակ բանակ ունենալ։ «Մեր զինված ուժերի կատարելագործումը շարունակվում է, կնքված են նոր պայմանագրեր, մենք ձեռք ենք բերում աշխարհում ամենաարդիական զենքը, այն արդեն բերվում է Ադրբեջան, մատակարարումը շարունակվում է»: Նա հիմնավորել է ասածը հետեւյալ պատճառաբանությամբ. «Պատերազմը Ղարաբաղում հրատապ է դարձրել ապագայում բանակն արդիականացնելու հարցը», հետեւաբար՝ «բարեփոխումները կլինեն ավելի ճկուն, դրանք ուղղված կլինեն ավելի մրցունակ բանակ ստեղծելուն»:

Այսպես, թույլ բանակ Հայաստանին՝ «ցուցում» տվող Ալիեւը հստակ հայտարարում է, որ իր երկիրը շարունակում է բանակի ամրապնդումը եւ ժամանակակից զենքի գնումը, ստորագրվում է նոր պայմանագրեր, գնվում են ամենաժամանակակից սպառազինություն եւ արդեն այն մատակարարվում է: «Աշխարհի ունեցած ամենաժամանակակից սպառազինության պայմանագիրն արդեն ստորագրված է, եւ այն կմատակարարվի Ադրբեջանին»,- հպարտանում է Ալիեւը: Նա չի մոռանում ամեն առիթով նշել նաեւ, թե «հայկական բանակը ոչնչացված է, եւ իմաստ չկա մարտնչել», իսկ Հայաստանում «ռեւանշի ձգտողները կրկին կարող են բախվել Ադրբեջանի բռունցքին»:

Ինչո՞ւ է Ալիեւն այդպես դողում «հայկական ոչնչացված բանակից» ու շարունակում զինվել, այս հարցը չի՞ հետաքրքրում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներին… Ալիեւի բանաձեւը չափազանց պարզունակ է՝ թող Հայաստանը թույլ ու տկար լինի, բանակ չունենա, ռուս խաղաղապահներին քշենք Լեռնային Ղարաբաղից, իսկ Փաշինյանը թող շարունակի ղեկավարել, այ՝ այդ դեպքում մենք հարեւանություն կանենք հայերի հետ ու կսկսենք «մտածել» Սյունիքի, Սեւանի ու Երեւանի ուղղությամբ…

Օրեր առաջ էլ Ալիեւը հայտարարեց, թե իբր պատրաստ են փակել տարածաշրջանում թշնամանքի եւ ատելության էջը. «Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու հնարավորություններն օգտագործելու համար այժմ շատ բան կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների՝ ստեղծված իրողությունների ճիշտ գնահատականից: Կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանն իսկապես պատրաստակամություն է ցուցաբերում փակել թշնամանքի, ատելության, դիմակայության էջը եւ կերտել ապագա՝ տարածաշրջանի համար»:

Այսինքն, երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված է օրինակ՝ Ռուսաստանի՝ իրավիճակի վերաբերյալ ճիշտ գնահատականի՞ց, ասել կուզի՝ Բաքվի համար ընդունելի գնահատականից, եւ միայն այդ դեպքում Ադրբեջանը պատրաստ է «փակել թշնամանքի, ատելության եւ դիմակայության էջը»:

Հայաստանից «դրական ազդակների» թեման ակտիվ է պահում նաեւ Թուրքիան, որը երկրորդում է «կրտսեր եղբոր» գնահատականները: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անցյալ շաբաթ Թուրքմենստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրի շուրջ վերջին զարգացումներին: «Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման եւ կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության եւ տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձեւով դրական պատասխաններ կտանք»,-ասել է նա:

Չավուշօղլուն, հերթական անգամ հիշեցնելով Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, հայտնել է, որ Թուրքիան աջակցելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի վերակառուցման, խաղաղության եւ բարօրության համար: Նաեւ տեղեկացրել է, որ թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ ու եռակողմ հանդիպումների ընթացքում: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաեւ այդ գործընթացում Վրաստանին եւս ներգրավելու համար: «Հուսով եմ՝ Վրաստանը նույնպես մասնակցություն կունենա: Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումից հետո ավելի կարագանա այս նախագծերի իրականացումը, ինչից կշահեն բոլորը»։

Այսպիսով, պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի ապագան, Հայաստանի վերածնունդը հնարավոր է բացառապես հզորացող պետության գիտակցումով: ՀՀ քաղաքացիներից մինչեւ իշխանական որեւէ օղակում ծառայող ցանկացած պաշտոնյա պետք է լծվեն այդ գործին:

Ալիեւի, Էրդողանի ծրագրերը Հայաստանն ամբողջապես ջլատելն է 44-օրյա պատերազմից հետո: Ռազմական գործողություններն ավարտվեցին Լեռնային Ղարաբաղում, սակայն հստակ սկսվել է Հայաստանի դեմ «պատերազմ» այլ դաշտում, եւ չի բացառվում, որ Հայաստանի դիմակայման աստիճանից է կախված լինելու Հարավային Կովկասում հետագա բոլոր գործընթացներն՝ արդեն տարածաշրջանային խաղացողների մակարդակով որոշումների կայացման տեսանկյունից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031