Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը Ստեփանակերտում փոթորիկ կաներ, Գյումրիի կողմից էլ Թուրքիան կներխուժեր». Սերգեյ Մարկեդոնովը՝ ՌԴ դիրքորոշման հետ կապված քննադատությունների առիթով

Ապրիլ 15,2021 23:50 Share

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը համոզված է՝ եթե չլիներ Ռուսաստանը, Ադրբեջանը Ստեփանակերտում փոթորիկ կաներ, Թուրքիան էլ Գյումրիի կողմից կներխուժեր Հայաստան:

Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում անցկացված առցանց քննարկման ընթացքում հնչած դիտարկմանը՝ Ռուսաստանը վատ խաղ է սկսել Կովկասում, և մենք դա զգում ենք ու հարցին՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է կովկասյան ուղղությամբ լուրջ ազդեցություն ունենալ առանց իրական Հայաստանի, Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. «Չգիտեմ՝ որոնք են լավ կամ վատ խաղի՝ Ձեր չափանիշները: Ցանկացած պետություն ունի իր շահերը: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և յուրաքանչյուր պետություն ցանկանում է իր քաղաքականությունը հենց այդպես կառուցել: Եթե դա այդպես չլիներ, միգուցե մենք տեսնեինք Ստեփանակերտում փոթորիկ, բայց Ադրբեջանը դա չարեց, կամ էլ Գյումրիի կողմից թուրքական ներխուժում, որը ևս տեղի չունեցավ: Կարելի է հասկանալ, թե ինչու դա տեղի չունեցավ»:

Խոսելով ռուսական կողմի՝ Արցախի հարցով դիրքորոշման մասին, հետազոտողն ասաց. «Արցախի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մեկի համար գաղտնիք չէ, այդտեղ անակնկալ էլ սպասել պետք չէ: Հայաստանի համար Արցախը, շրջանները անվտանգության  համակարգ են, հայկական ինքնության հարց: Առաջին արցախյան պատերազմում հաղթանակից հետո հայկական ինքնությունը կառուցվում էր մեծ Հայաստանի վրա. ոչ միայն Հայաստանը, այլևս Արցախը՝ շրջաններով: Իսկ Ռուսաստանում դա այլ կերպ էին ընդունում: Հայաստանն ընկալվում էր՝ որպես առանձին մի օբյեկտ, Արցախից առանձին, իսկ Արցախը հակամարտության խնդիր, իսկ շրջանները չեն դիտվել, որ դրանք պետք է Մոսկվան պաշտպանի: Սրանից ելնելով էլ պետք է դիտարկել Ռուսաստանի դիրքորոշումը, ոչ թե այն տեսանկյունից, որը մենք կուզեինք: Ի՞նչ է՝ հինգ շրջանների հետ կապված հարցերը առաջացել են 20-րդ դարո՞ւմ, իհարկե՝ ոչ: Հիշեք Կազանի բանաձևը՝ 2011-ին, մադրիդյան թարմացված սկզբունքները՝ 2019-ին  և այլն»:

Մարկ Գրիգորյանը նկատեց՝ Հայաստանի երեք նախագահներն էլ Ադրբեջանի հետ բանակցություններ են վարել, որտեղ հարցը դրվել այնպես, թե ինչի՞ դիմաց պետք է այդ հինգ շրջանները վերադարձվեն: Հարցը չի դրվել, թե այդ շրջանները վերադարձվում են, թե՝ ոչ: Իսկ հայ հասարակությունը դա չէր նկատում: Այս առիթով Սերգեյ Մարկեդոնովն արձագանքեց. «Բանակցությունների և զիջումների հարցը դարձել էր գործիք ներքին քաղաքական հարցերում: Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցներն ասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե այդ շրջանները պետք է հանձնվեն, իսկ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մեղադրում էին նրանց: Մի խոսքով բանակցություններն օգտագործում էին մեկը մյուսին թուլացնելու համար»:

Արցախի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը Սերգեյ Մարկեդոնովը կապեց նաև Թուրքիայի հետ ու մանրամասնեց. «Հասկանում եմ, որ Ադրբեջանը կապված է Թուրքիայի հետ պարտավորություններով: Եկեք չմոռանանք Ռուսաստանի ներսում մեծ թուրքալեզու զանգվածին: Դրա համար Ռուսաստանն ունի իր պարտավորությունները, խաղի կանոնները, և նաև դրանով է բացատրվում նրա դիրքորոշումը: Պետք  է հաշվի առնենք, որ ո′չ 1990-ականներին, ո′չ 2020-ին Թուրքիան Հայաստանի Հանրապետության տարածքին չեն դիպչել: Տեղի չունեցավ այն, ինչ 17, 18-րդ դարերում: Իսկ առանց Ռուսաստանի միգուցե դա կարող էր կրկնվել: Հենց նույնը 2020-ի մասին է: Իհարկե,նոյեմբերի պայմանավորվածությունը բավականին ծանր է, կարծես սառը ցնցուղ լինի, բայց ավելի վատ տարբերակներ էլ կային, բայց կար նաև ավելի լավ տարբերակ, եթե Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին արված առաջարկներն ընդունվեին: Մի խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է և′ Հայաստանը, և′ Ադրբեջանը, ինչպես նաև կարևոր էր Վրաստանը, եթե, իհարկե, Վրաստանը քայլ չաներ ու իր ձեռքով իր երկիրը չդարձներ ՌԴ-ՆԱՏՕ մարտի դաշտ»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930