Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտյան մոդելներն ու ոչ-արեւմտյան հասարակությունները

Հուլիս 07,2021 14:00 Share

Լուսիան Ուիլմոթ Փայի հակասության «համախտանիշը»

Ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության մի շարք քաղաքական լիդերների, այդ թվում՝ Ջոն Քենեդիի խորհրդական Լուսիան Ուիլմոթ Փայը 20-րդ դարի երկրորդ կեսին առաջ է քաշել մի տեսություն, որը կոչված էր նկարագրել «ոչ-արեւմտյան տիպի» քաղաքական գործընթացի առանձնահատկությունները: Քաղաքագետը կենտրոնացել էր այդ խնդրի վրա, որովհետեւ տեսնում էր, որ Ասիայի եւ Լատինական Ամերիկայի որոշ երկրներում թեեւ փորձում են կառուցել արեւմտյան տիպի պետություն, սակայն ստացվում է լրիվ ուրիշ բան:

Մասնավորապես, Լատինական Ամերիկայի շատ ռեժիմներ միայն արտաքնապես էին նման ժողովրդավարական հանրապետությունների, իսկ իրականում իրենցից ներկայացնում էին կլանային-օլիգարխիկ համակարգ: Արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային երկրների փորձը Փայի աշխատություններում ամփոփված չէ, բայց, կարծում եմ, նրա նկատառումները կիրառելի են նաեւ այդ երկրների դեպքում: Չնայած պարզ է, որ, ասենք Չեխիայում գերիշխում է արեւմտյան տիպի քաղաքական մշակույթը, իսկ Հայաստանում եւ, առավել եւս, Ուզբեկստանում այդ մշակույթը բացարձակապես այլ բնույթ է կրում: Անվանապես, ձեւական առումով քաղաքական ինստիտուտները երեք դեպքում էլ նույնն են, իսկ մշակույթը խիստ տարբեր է:

Փայն իր տեսությունը, կամ, ինչպես ինքն է ձեւակերպում, համախտանիշը շարադրել է 17 կետով, որոնցից մի քանիսը ես կցանկանայի այստեղ վերաշարադրել՝ փոքրիկ մեկնաբանություններով:

«Ոչ-արեւմտյան հասարակություններում քաղաքական ոլորտը հստակ մեկուսացված չէ հասարակական եւ անձնական հարաբերություններից»: Քաղաքական պայքարը մեզ մոտ խիստ անձնավորված է, եւ մենք՝ ընտրողներս, հաշվարկում ենք, թե ով է մեզ համար ավելի ձեռնտու՝ Փաշինյանը, թե Քոչարյանը: Խնդիր այն է, որ նրանք գործողությունների որեւէ ծրագիր մեզ չեն ներկայացնում, եթե առաջարկեին էլ, մենք դրան ուշադրություն չէինք դարձնի կամ էլ՝ չէինք հավատա: Եվ ահա մենք որոշում ենք՝ այդ երկու գործիչների ո՞ր անձնական հատկանիշներն են մեզ համար առավել կամ պակաս վնասակար:

«Ընդդիմադիր կուսակցություններն ու իշխանության ձգտող էլիտաները հաճախ հանդես են գալիս որպես հեղափոխական շարժումներ»: Երբ հանդես չեն գալիս, երբ ասում են՝ «միայն սահմանադրական ճանապարհով», բողոքական ընտրազանգվածը նրանց չի վստահում, նրանց հետեւից չի գնում, մեղադրում է անվճռականության մեջ, անգամ կասկածներ ունի իշխանության հետ «գաղտնի գործարքների» վերաբերյալ:

«Քաղաքական բանավեճի ընդգրկումը եւ ինտենսիվությունը շատ քիչ են կապված քաղաքական որոշումների կայացման հետ»: Վերցնենք թեկուզ Ազգային ժողովը՝ ցանկացած գումարման, եւ այդպիսին է լինելու նաեւ 8-րդը. իշխանությունն ու ընդդիմությունը փրփրաբերան վիճում են, իրար մեղադրում են եւ երբեմն վիրավորում, որից հետո միանում է քվեարկության մեխանիզմը, որի արդյունքում ընդունվում է այն որոշումը, որը կառավարությունն ի սկզբանե դրել էր քվեարկության:

«Ազգային ղեկավարությունը ստիպված է դիմել ոչ դիֆերենցված հասարակայնությանը»: Ոչ թե՝ «սիրելի սեփականատերեր», «սիրելի գյուղացիներ» կամ «սիրելի ուսուցիչները», այլ՝ «ժողովուրդ, ժողովուրդ, ժողովուրդ»: Ի դեպ, ճիշտ նույն ձեւով քարոզում է նաեւ ընդդիմությունը:

«Քաղաքականության էմոցիոնալ եւ խորհրդանշական դրսեւորումները երկրորդ պլան են մղում կոնկրետ հարցերի եւ ընդհանուր խնդիրների լուծման փնտրտուքը»: Իրոք որ՝ «Սաշիկ», «50/50», «թալանչիներ», «կեղեքիչներ», «մուրճ», «պողպատե մանդատ»՝ դրանք բոլորը խորհրդանիշներ են, որոնք խաղում են քաղաքացիների մեծամասնության զգացմունքների վրա: Դրանցից այդ նույն քաղաքացիների կյանքն ավելի լավը չի դառնում:

Իսկ հիմա ամենահետաքրքիր հարցը՝ կիրառելի՞ են արդյոք «ոչ-արեւմտյան» հասարակություններում արեւմտյան քաղաքական ինստիտուտների մոդելները, եւ եթե այո՝ ապա որ չափով: Իհարկե, դա մասնագիտական քննարկման առարկա է: Բայց ինձ թվում է՝ դժվար է ակնկալել, որ «ոչ արեւմտյան» քաղաքական մշակույթներում արեւմտյան մոդելները «մեկին մեկ» գործելու են, թեեւ մյուս կողմից էլ այնպես չէ՝ որ դրանք ամբողջությամբ պետք է մերժվեն: Մեր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում, որն իրեն Արեւմուտքի հակառակորդ է համարում, գործում է խորհրդարանը, նախագահի ինստիտուտը, անցկացվում են ընտրություններ, տնտեսական հարաբերություններում էլ առկա են ազատ շուկայի շոշափելի մեխանիզմներ: Մեր հարեւանների ոխերիմ թշնամի Իսրայելն առանձնապես կռիվ չի տալիս Արեւմուտքի հետ, այնտեղ ընտրվել է արեւմտյան կառավարման մոդելներից խորհրդարանականը, կան ընտրություններ, քաղաքական պայքար, եւ, իհարկե, շուկայական հարաբերություններ: Բայց երկու դեպքում էլ քաղաքական ինստիտուտները հարմարեցված են, «շտկված են»՝ հաշվի առնելով այնտեղ բնակվող հնագույն ազգերի՝ պարսիկների եւ հրեաների մշակույթները, որոնք իրենց հերթին հիմնված են այդ ժողովուրդների կրոնական պատկերացումների վրա:

Թե ինչպիսի շտկումներ պետք է արվեն քաղաքական համակարգում՝ հաշվի առնելով «ոչ արեւմտյան» հասարակության հայկական առանձնահատկությունները, դժվար հարց է: Բայց այն, որ հայտնի քաղաքական ինստիտուտների լեգիտիմությունը մեծ չափով ձեւական է, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031