44-օրյա պատերազմի հարցով ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատի քննության ինչ-որ մի փուլում Հայաստանը նաեւ գումարային պահանջ կներկայացնի:
«Գերիների վերադարձի հարցը մի քիչ բարդ խնդիր է: Դրա համար անհրաժեշտ բոլոր իրավական մեխանիզմները գործադրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այսպես ասեմ, ավելին հնարավոր էլ չէ, որոնք սակայն, չբավարարվեցին ՄԻԵԴ-ում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ իրենց համար սպասելի էր, որ հնարավոր է չբավարարվի Հայաստանի հայցը: Հայցի հիմնավորումը եղել է ազգությամբ էթնիկ հայերի՝ Ադրբեջանում գտնվելու վտանգավորությունը, որը տասնամյակների ընթացքում է ձեւավորվել:
ՄԻԵԴ-ը՝ հղում կատարելով կանոնադրության հոդվածներից մեկին, հարցը համարել է իր իրավասության շրջանակից դուրս: Սակայն, ըստ Եղիշե Կիրակոսյանի, միջազգային դատարանը կարող էր հայցը բավարարել եւ Ադրբեջանին պարտավորեցնել՝ Հայաստանին վերադարձնել գերիներին. «Նման դեպքերում, միջազգային դատական ատյանները որոշակի քաղաքական երանգներ են իրենց գործելաոճում ունենում, հատկապես, երբ միջպետական գործեր են: Միգուցե, իրենք ձգտում են շատ չմիջամտել պետությունների գործունեությանը»։ Իբրեւ իրավաբան, Եղիշե Կիրակոսյանը համամիտ չէ նման գործելաոճի հետ:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի հարցով ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատի քննության ինչ-որ մի փուլում Հայաստանը նաեւ գումարային պահանջ կներկայացնի:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Եղիշե Կիրակոսյանն այսօր մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով։
ՄԻԵԴ-ում ՀՀ անդրադարձավ նաեւ փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցին, ինչը սահմանվում է նոյեմբերի 9-ի համաձայնությամբ: Նա ասաց, որ 90 հազար եւ ավելի տեղահանվածների անունից գանգատը քննվում է ՄԻԵԴ-ում: Վերջնական որոշման համար դեռ երկար պետք է սպասել: Նա հիշեցրեց «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով կայացված ՄԻԵԴ որոշումները, որոնցով սեփականության իրավունք է ճանաչվել եւ արձանագրվել՝ դրամական փոխհատուցումից զատ, պետք է լինի մեխանիզմ, որով նմանատիպ հարցերը պետք է քննվեն։ Վերադարձի հարցը դատարանը չէր մասնավորեցրել, քանզի այն որոշակի քաղաքական բարդությունների հետ է կապված: Եղիշե Կիրակոսյանը կարծում է, որ այժմ իրադրությունն այլ է, քան այդ երկու գործերի քննության ժամանակ եւ վերադարձի հարցն առավել հստակ պետք է բարձրացնել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նա տեղեկացրեց, որ բավական շատ է անհայտ կորած անձանց թիվը՝ մի քանի տասնյակ, որոնց դեպքում կա տեսագրություններ, որ գտնվում են Ադրբեջանում, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում նրանց՝ իր մոտ գտնվելը, ինչը մեծ խնդիր է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































