Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը՝ որպես սխալ հաշվարկի արդյունք

Սեպտեմբեր 28,2021 10:00

Այս օրերին համացանցում շատ են հուզական մեկնաբանությունները՝ Արցախյան երկրորդ պատերազմի սկզբի տարելիցի հետ կապված: Մեր հայրենակիցների զգացմունքները հասկանալի են, ցանկացած նորմալ մարդ այդ զգացմունքներն ապրում է: Բայց նրանք, ովքեր, իր հեճուկս բոլոր հանգամանքների, պատրաստվում են ապրել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, պարտավոր են առաջ նայել, իսկ դրա համար պետք է հասկանալ, թե որոնք էին անցած պատերազմի պատճառները: Դա կարեւոր է, քանի որ, ի տարբերություն ներկայիս իշխանությունների, ես չեմ կարծում, որ մեզ խաղաղ ժամանակաշրջան է սպասվում:

Վերջերս ես լսեցի ամերիկացի հայտնի պատմաբան Սթիվեն Քոթքինի դասախոսություններից մեկը, եւ նրա ձեւակերպումներից մեկն ինձ դուր եկավ. «Պատերազմը դժբախտ պատահար չէր, պատերազմը սխալ հաշվարկի արդյունք էր»: Խոսքը տվյալ դեպքում Առաջին համաշխարհային պատերազմի մասին էր, նա նկատի ուներ, որ այդ պատերազմից, ի վերջո, ոչ ոք չէր շահել՝ ո՛չ հաղթողները, ո՛չ պարտվողները, եւ եթե Ավստրո-Հունգարիան, Բրիտանիան, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, մյուս խաղացողներն իմանային, թե պատմական քիչ թե շատ երկար հեռանկարի առումով ինչ է լինելու նրանց եւ աշխարհի հետ, այդ պետությունները պատերազմ չէին սկսի ու դրա մեջ չէին ներգրավվի: Կա նաեւ ինչ-որ «անհոգություն», համոզմունք, թե իբր տվյալ պետության գործողությունները գուցեեւ լայնամասշտաբ պատերազմի չեն հանգեցնի: Այս ամենը սխալ հաշվարկի հետեւանք է:

Ես արդեն առիթ եմ ունեցել գրելու, թե մեր ո՛ր թուլություններից, ինչպես նաեւ հիմնական խաղացողների ո՛ր դիրքորոշումներից է օգտվել Ադրբեջանը՝ պատերազմ սկսելով: Հիմա այդ երկիրը (պաշտոնական ձեւակերպումներով, համենայնդեպս) տոնում է իր «հաղթանակը», «տարածքային ամբողջականության վերականգնումը»: Բայց արդյո՞ք Ալիեւը հաշվարկել է, թե հետագա տարիների, տասնամյակների ընթացքում ինչ հետեւանքների կբերի ռուսական զորքի ներկայությունն Արցախում, ինչպես նաեւ, մյուս կողմից, Թուրքիայից կախվածության մեծացումը: Բայց դրա մասին թող ադրբեջանցիները մտածեն:

Դառնալով մեզ, կարող եմ վստահաբար ասել, որ վերջին պատերազմը Հայաստանի երկրորդ, երրորդ եւ չորրորդ ղեկավարների սխալ հաշվարկի արդյունք էր: Չեմ ուզում խորանալ այդ հարցի մեջ, բայց ինձ համար ակնհայտ է, որ 1998 թվականից սկսած մենք ընկանք երեւակայական պատկերների գիրկը ու, ցավոք, այդ տրամադրությունները պահպանվել են նաեւ այսօր: Այժմ նորից հաշվարկելու ժամանակն է՝ ինչ է պետք անել՝ նոր պատերազմը կանխելու համար: Ակնհայտ պատասխաններն են՝ բանակն ուժեղացնել, ԱԹՍ-ներ գնել, երկրի տնտեսությունը զարգացնել: Այդ ամենն անհրաժեշտ է, բայց դա, վերջին հաշվով, դարձյալ սխալ հաշվարկ է, որովհետեւ դա կարող է լինել հետեւանք, ոչ թե հիմք: Աֆղանական բանակն ուներ ե՛ւ ԱԹՍ-ներ ե’ւ այլ գերժամանակակից զենքեր, իսկ թալիբները դրանք չունեին: Այդ բանակը պարտվեց, որովհետեւ չկա աֆղանական ազգային ինքնություն, որի հիման վրա կառուցվում է պետությունը: Մնացածը՝ մեկ ուրիշ անգամ:

…Երեկ իշխանությունն ու ընդդիմությունը իրենց PR ակցիաներն էին անցկացնում պատերազմի մեկ տարվա տարելիցի կապակցությամբ, իսկ իրենց քարոզիչները հակառակ կողմին մեղադրում էին դավաճանության մեջ: Դա էլ իրենց գործն է: Թող զբաղվեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. garo says:

    Խաղաղության կուսակցության ջատագովները որպես աքսիոմ պնդում են, որ եթե 1998-ին Լևոնի պլանը ընդունվեր պատերազմ չէր լինի: Չէ իհարկե հետին թվով ամեն ինչ էլ կարելա պնդել բայց ոչ մի ապացույց չկա, որ դրանից ասենք 10-15, 22 կամ 35տարի հետո նոր պատերազմ չէր սկսվի:
    Մենք նենց ռեգիոնում ենք, որ պատերազմը միայն մեզանից չի կախված պատերազմ կարա լինի միշտ ու տարբեր առիթներով:

    Հակառակ կողմից կարելա նայել: Իսկ միգուցե պարտվել ենք, քանի որ երկար տարիներ թե դրսից ֆինանսավորվող, թե ներսի լուրջ շրջանակների կողմից պրոպագանդայա տարվել “քիրվայության” գծով: Ղարաբաղցիները եկել Հայաստանը գրավել են, ինչի պիտի մեր երեխեքը Ղարաբաղում ծառայեն՞ Էս խոսակցությունները հենց նենց չեն առաջացել:

  2. Ruben says:

    …«Դառնալով մեզ, կարող եմ վստահաբար ասել, որ վերջին պատերազմը Հայաստանի երկրորդ, երրորդ եւ չորրորդ ղեկավարների սխալ հաշվարկի արդյունք էր:»…
    Երկրորդը, երրորդը, չորրորդը առաջինի հետևանքներն են: 30 տարվա պատմությունն ապացուցեց, որ առաջինը դեմ էր անկախության վերականգնմանը, հայ ազգի և տարածքի վերամիավորմանը: Պարզապես, առաջինը խամաճիկ էր (դիլետանտ): Ինչպես առաջինը, այնպես է չորրորդը գալով փողոցից «զավթեցին» իշխանությունը: Գյուղերից փախան, քաղաքացի չդառան, բայց ատամները սրած նվեր ստացան իշխանություն: Հին կոռումպացված և երիտասարդ շահամոլ կոմունիստները միանգամից հեղափոխական դարձան, սկսեցին ծծել ազգի արյունը և կառչեցին պետական կերակրատաշտից: Առաջինի ծնած, երկրորդի անբարոյականացրած, երրորդի դաստիրակած չորրորդը շարունակում է նախորդների «աշխատանքը»:
    Նոր պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է՝
    Հեռացնել դիլետանտներին իշխանությունից:
    Լուծարել անգործուն ուժային կառույցները և ստեղծել նորերը:
    Սահմանամերձ տարածքների բոլոր բնակիչներին զենք բաժանել ինքնապաշտպանության համար:
    Վերականգնել անկախ պետության իրավահաջորդությունը:
    Փակել առաջինի, երկրորդի, երրորդի և չորրորդի ֆան-ակումբները:
    Բոլոր օտարերկրյա գործակալներին ու գործակալությունները ուղարկեք Արցախի մարզ:

  3. Մուշեղ says:

    Համաձայն եմ, պարոն Աբրահամյան։ Սկսենք երկու հեշտ ու հասարակ, արևմտյան ներդրումներ չպահանջող, քայլից։ Առաջին – Հայաատանից դուրս ապրող հայերին պարզապես հայ, հայրենակից կոչեք, ոչ թե սփյուռքահայ։ Ազգի միավորումը սկսվում է լեզվամտածողությունից։ Այսօրվանից դադարեք օգտագործել «սփյուռքահայ», «սփյուռք», «սփյուռքի մեր հայրենակիցներ» և նման եզրութները։ Լավ կլիներ, որպես մասնագետ, ուսումնասիրեիք «սփյուռք» տերմինի ծագումնաբանությունը և մի խմբագրական նվիրեիք այդ թեմային։
    Երկրորդ – Աղբը, կոնֆետի փաթեթավորումից ու ծխուկից սկսած մինչև զուգարանակոնք, աղբաման թափելը պրոպագանդեք (մանկապարտեզից սկսած) որպես ռազմահայրենասիրական քայլ որ յուրաքանչյուրը կարող է անել ամեն օր և նպաստել ազգի բարօրությանը և պետության զորությանը։ Առանց հեգնանքի։

  4. Ruben says:

    Մուավիայի սերունդներից Աբդ ալ-Մալիքը (685-705) վերջնականապես նվաճեց նաև Հայաստանը, ձևավորեց Արմինիա ոստիկանությունը:
    https://blog.168.am/blog/80154.html

  5. Լավատես says:

    Մեր մեջ պայքարի բնազդը խորը քնած է, բայց այն հարյուր տոկոսով բոլորիս մեջ կա, պայքարի բնազդը չափազանց հաճելի զգացմունք է, երբ մարդ սկզբից հաղթանակ է տանում իր վախկոտության նկատմամբ, հետո ինքն իր թուլությունը հաղթելուց հետո վերջապես ազատություն ձեռք բերում եւ հաճույքով տրվում պայքարի՝ սա հիմնականում տղամարդու բնազդն է, իսկ կնոջ բնազդը՝ տղամարդու բնազդը արթուն ու ակտիվ պահելու մեջ է: Պայքարել՝ չի նշանակում ոչնչացնել թշնամուն, պետք է այնքան ուժեղ լինել, որ թշնամու համար քեզ հետ մենամարտի դուրս գալն անիմաստ լինի, որովհետեւ միանշանակ կպարտվի: Այսպիսով, եթե չենք ուզում ոչ մեր ջահելների, ոչ էլ թշնամու ջահելների զոհաբերությունը չգիտեմ որ սատանաների սադրանքի համար, մեր ժողովրդի լավագույն կեսը ամեն կերպ պետք է հորդորի բոլոր տարիքի տղամարդկանց՝ սկսած ծծկեր երեխայից եւ վերջացրած խորը ծերության պապիկով դուրս գալ տղամարդկանց պայքարին պատրաստվելուն, սա պետք է լինի եւ գիտնական տղամարդու, եւ գործարարի տղամարդու եւ զինվորական տղանմարդու բնական կենսակերպը:

  6. Հ.Շ. says:

    Կլոր-կլոր կը դառնանք, եւ հիմնականօրէն, միեւնոյն բաներն ենք տեւաբար կրկնում:
    …..
    « Որքա՞ն արդար է հիմա ըսելը որ ԼիւնՏիւնՊէ-ն ճիշդ էր, ի սկզբանէ, երբ որ ինք ու իր համախոհները, իր հրաժարականէն ետք ալ, նոյն թափով, շարունակաբար, ամէ՛ն ինչ ըրին, որպէսզի հայկական հողի վրայ Հայ Ազգի վերոյիշեալ հոլովոյթը՝ տեղի չունենայ: Ձախողի: Հայոց Ազգային ծրագիրը՝ վիժէ:

    Այդ ուղղութեամբ, իրենց վերջին ու ամբողջական, բացարձակ յաջողութիւնը, երեսուն տարիների ժրաջան ճիգերու փառաւոր պսակումը՝ 2018-ի գարնան պետական յեղաշրջումն էր: »
    …..
    Լրիւ յօդուածը (15.11.2020 թուակիր. որուն յետագայ Յետ-Գրութիւնն է, վերեւի մէջբերումը) ՝
    «Հայ Ազգի Դամբանական»՝
    https://haytougchamlian.blog/հայ-ազգի-դամբանական/
    …………………………………….
    Իսկ այն ինչ կը վերաբերի ԼՏՊի գաղափարաբանական ժառանգորդ Փաշինյանին՝

    թէ որ այստեղ պիտի հասնէինք , ինչո՞ւ պէտք է որ այդքան մարդիկ, երեխաներ, մեռնէին… այսինքն, այն ինչ որ ստորագրեցին եւ դեռ պիտի ստորագրեն, ինչո՞ւ չէին կրնար ընել, առանց որ այսքան յաւելեալ մահեր ունենայինք… քանի որ փաստօրէն, հողային կորուստին հետ – եւ թուրքերու հետ հաշտութեան նկատմամբ -, այդքան ալ խնդիր ունեցող հայեր չկան…

    բանակցութեան սեղանին վրայ գտնուող վերջնական համաձայնութեան որեւէ տարբերակ մը թող ընտրէր Փաշինյանը, ու զայն ստորագրէր. այդ պարագային, ներքին ճակատի վրայ, ինք աւելի՞ պիտի վնասուէր, քան հիմա… մինչ վերընտրուեցաւ, այդ ամէնէն ետք!

    դեհ լաւ, սեպենք որ մտահոգ էր այդ ուղղութեամբ, կարող էր պարզապէս սոյն համաձայնագիրը հանրաքուէյի դնել, զայն հայերին ծախել իր իւրայատուկ վարպետութեամբ (փաստօրէն, շատ յոգնելու ալ կարիքը չունէր), եւ այդ պարագային «ժողովուրդի» հաւանութեամբ իսկ իր ստորագրութիւնը կը զետեղէր այդ հաշտութեան դաշինքին ներքեւ. առանց այս անասելի ողբերգութեան.

    Տիկնոջ այդ ըսած՝ «պարապ տեղը մեռնողները», իրենք է որ արտադրեցին.
    ոչ միայն հազարաւոր նորերը, այլ նոյնիկս յետադարձ կերպով, Արցախի համար մեռած մեր նախորդ զոհերն ալ, որոնց նահատակութիւնն ալ սրանք հիմա իրապէս դարձուցին այդպէս. պարապ տեղը.

  7. Ալֆրեդ says:

    Եթե պատերազմը սկսվեր նիկոլի գալուց 1.2 կամ 6 ամիս հետո կարելի կլիներ խոսել նախկինների սխալ հաշվարկից.բայց սկսվեց երկուսուկես տարի հետո.ուրեմը սա կամ նիկոլի սխալ հաշվարկն էր կամ ավելի հավանական է սառը հաշվարկը եթե հիշենք նրա մինչ վարչապետ դառնալը արտահայտած մտքերը Արցախի մասին( Ղարաբաղը մերը չի և պետք է հետ տալ ադրբեջանին)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930