«Էլեկտրիկ Երեւանի» ակցիաների հայտնի ակտիվիստ Կարո Ղուկասյանը հայտնի դարձավ իր մի լուսանկարով, երբ ջրցան մեքենայի ու իրենց ջրող ոստիկանների դիմաց կանգնած՝ միջնամատ էր ցույց տվել, եւ լուսանկարը դարձել էր «Էլեկտրիկ Երեւանի» խորհրդանիշը։ Իշխող թիմի անդամ Կարո Ղուկասյանը չգիտենք՝ այսօր ինչով է զբաղվում, մեզ հետ զրույցում նա չցանկացավ իր զբաղվածության մասին որեւէ բան ասել: Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Ղուկասյանն աշխատանքի անցավ Պետական վերահսկողական ծառայությունում, բայց կարճ ժամանակ անց՝ այն ժամանակ ՊՎԾ պետ Արգիշտի Քյարամյանի հրամանով ազատվեց աշխատանքից։
Երեկ մենք կապվեցինք Կարո Ղուկասյանի հետ, հարցրինք՝ հոսանքը նորից թանկանում է, չի՞ ցանկանում դարձյալ փողոց դուրս գալ ու պայքարել դրա դեմ։ «Չէ, բայց, ամեն դեպքում, ես դեմ եմ ամեն տեսակի թանկացման»,- ասաց նախկին ակտիվիստը։
– Իսկ 2015 թվականին ի՞նչը ստիպեց մարդկանց՝ դուրս գալ փողոց եւ Բաղրամյանը փակել, ինչո՞ւ հիմա մարդիկ դուրս չեն գալիս։
– Չգիտեմ՝ անկեղծ ասած, որովհետեւ խնդիրը նրանում ա, որ երեւի թե մարդկանց մտածելակերպն ա փոխվել, կամ մարդիկ ինչ-որ մի բանից հիասթափվել են, էդ ես չեմ կարա ասեմ։ Ես կարող եմ ընդամենը տրամաբանեմ, բայց չեմ կարա ասեմ, թե մարդիկ ինչի դուրս չեն գալիս փողոց։
Կարդացեք նաև
– Օրինակ՝ դու այն ժամանակ ինչի՞ համար էիր դուրս եկել փողոց։
– Էն ժամանակ ես, բնական է, դուրս եմ եկել լույսի թանկացման դեմ, բայց հիմա ես չեմ ուզում ոչ մի բան, պատերազմից հետո ես պասիվ կյանք եմ վարում որոշ ժամանակ՝ էդքան բան։ Հետո արդեն կերեւա։
– Իսկ դու ավելի լա՞վ ես ապրում այս թանկացումների ֆոնին։
– Հարցը լավ ապրելը չի, բնականաբար՝ ինչքան թանկացում լինում ա, մարդիկ լավ չեն կարա ապրեն։ Թանկացումը լավ բան չի, ընդհանրապես։ Բայց էդ թանկացումը պետք է հասկանանք՝ ինչի համար է թանկանում, դա ուղղակի հենց էնպես չի, կարա պատճառահետեւանքային կապ լինի, բայց դա՝ մի կողմ, ամեն դեպքում՝ թանկանում ա, ես էլ ամեն տեսակի թանկացմանը դեմ եմ, էդքան բան։ Ես էլ շատ պասիվ եմ ինձ պահում, հլը որ։
– Իսկ այն ժամանակ գուցե ուղղորդվա՞ծ էին այդ շարժումները թանկացումների դեմ։
– Շատ հնարավոր ա՝ ուղղորդված լինեին, ես չեմ կարող ասել, մենք իներցիայով միացել ենք, էդքան բան։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































