Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 6-ի հանդիպումից հետո հնարավոր է Ադրբեջանը՝ որպես դիվանագիտական քայլ, ազատ արձակի հայ ռազմագերիների. դա պայմանավորված է լինելու քաղաքական զարգացումներով»

Ապրիլ 04,2022 13:30 Share

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի կարծիքով՝ միջազգային կառույցներն ավելի հետեւողական են հայ ռազմագերիների խնդրով զբաղվում, քան ՀՀ իշխանությունները:

«Կարծում եմ՝ միջազգային կառույցներն ավելի հետեւողական են հայ ռազմագերիների խնդրով զբաղվում, քան ՀՀ իշխանությունները, իհարկե, չեմ կարծում, որ միջազգային կազմակերպություններն իրենց հնարավորության ողջ սահմաններում են գործում»,-«Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ վերջին շրջանում կարծես միայն միջազգային կազմակերպություններն են հիշում հայ ռազմագերիների խնդիրները, ՀՀ պետական մակարդակով այդ մասին չի խոսվում:

Հիշեցնենք՝ բրիտանական Amnesty International կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին եւ նրանց հետագա ճակատագրին: Զեկույցում ամրագրված է, որ տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում եւ ենթարկվում արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման եւ հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին:

Ըստ Սիրանույշ Սահակյանի՝ միջազգային կազմակերպություններն իրենց հնարավորությունների ողջ ծավալով չեն զբաղվում այս խնդրով, քանի որ կան աշխարհաքաղաքական շահեր: Նա շարունակեց. «Դրա վառ օրինակը տեսանք նաեւ Ուկրաինայի պարագայում, երբ արձագանքը շատ արագ էր, սուր եւ անմիջական, քանի որ կար մեծ քաղաքական աջակցություն գերտերությունների եւ քաղաքական որոշումներ կայացնողների կողմից: Երկրորդը, կարծում եմ, որ ինքնին ՀՀ իշխանությունները չեն դիմում միջազգային կառույցներին՝ կոշտ արձագանքելու Ադրբեջանի գործողություններին, եւ այդ կառույցները տեսնում են ընթացող արտաքուստ բարիդրացիական շփումները Արդբեջան-ՀՀ փոխհարաբերություններում, որտեղ ՀՀ իշխանություններն ունեն գոհունակություն: ՀՀ իշխանությունների՝ նման գոհունակության արտահայտության պարագայում միջազգային կառույցների միջամտությունը կլինի չարդարացված եւ հավելյալ քննարկումների ու ճնշումների տեղիք կտա: Նրանք ավելի լեգիտիմ կերպով ու հիմնավոր կարող են արձագանքել դեպքերին, եթե մտահոգություններ բարձրացվեն նաեւ ՀՀ իշխանությունների կողմից: Բայց երբ կա տուժող, զոհ պետություն, որը լռում է, էականորեն սահմանափակվում է միջազգային կառույցների կամ գործընկեր պետությունների՝ կոշտ արձագանքի հեռանկարը: Կարծում եմ՝ հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության շրջանակում է նաեւ այն պայմանավորվածությունը, որ ՀՀ իշխանությունները պետք է աղմուկ չբարձրացնեն մարդու իրավունքների եւ այլ հարցերում, որպեսզի Բաքվի իշխանություններին սպառնալիքներ չստեղծեն ֆինանսական, տնտեսական առումով: Կարծում եմ՝ սա իրենց անձնական շփումների գեներացված արդյունքն է»:

Amnesty International-ի զեկույցը դրական գնահատելով՝ Սիրանույշ Սահակյանը փաստեց՝ այն հայ ռազմագերիներին առնչվող խնդիրների ողջ գուներանգները չի ներկայացնում ու պարզաբանեց. «Խոսվում է 30 բռնի անհետացածների մասին, բռնի անհետացած ասելով՝ նրանք նկատի ունեն գերեվարման հիմնավոր ապացուցված դեպքերը, երբ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել եղելությունը եւ այս անձանց ճակատագրերի վերաբերյալ արդեն երկու տարի անց տեղեկատվություն տրամադրել: Բայց մենք նշել ենք, որ իրականում այդ դեպքերը ոչ թե 30 են, այլ 80-ն են: Թերեւս նրանք հենվում են սահմանափակ քանակի տեսանյութերի տվյալների վրա: Արտացոլված տվյալներն ամբողջական չեն: Իրական դեպքերի թիվն ավելի է, քան վկայակոչվում է զեկույցում»:

Մեր փաստմանը՝ մեկ օր առաջ ՀՀ կառավարության շենքի դիմացից գերիների հարազատներից մեկին բերման ենթարկելն ի՞նչ ուղերձ ուներ, Սիրանույշ Սահակյանն այսպես պատասխանեց՝ նշելով, թե այլ միջադեպեր էլ են եղել, որոնք չեն հրապարակայնացվել ու մանրամասնեց. «Մենք տեսնում ենք, որ սկզբնական փուլում, երբ ավելի զգայական էր հասարակությունը խնդիրների նկատմամբ, ձեւական հանդիպումներ լսելու նպատակով իրականացվում էին: Ներկայումս իշխանությունը ջանքեր չի գործադրում նույնիսկ այդ էմոցիաները պարպելու նպատակով ձեւական հանդիպումներ կազմակերպելու համար: Որոշ դեպքերում դիմում է նաեւ բիրտ ուժի կիրառմանը, շատ ավելի ցավալի դեպքեր էլ են լինում անհարգալից, քամահրական վերաբերմունքի: Ընդհանուր առմամբ իշխանությունը տարբեր մակարդակով չի կարողանում արժանապատիվ փոխհարաբերվել անհետ կորածների, գերիների ընտանիքների հետ եւ հանդես է գալիս վարչական դիրքերից, չունի այն գիտակցումը, որ հանուն հայրենիքի կորուստներ կրած ընտանիքներ են, որոնց հանդեպ ողջ պետությունը եւ հասարակությունն ունեն հսկայական բարոյական, իրավական եւ այլ բնույթի պարտավորություններ: Եվ այդ աջակցությունը նրանք չեն ստանում իշխանություններից՝ անգամ տարրական հարգալից վերաբերմունքի, լսված լինելու տեսնակյունից: Սա ցուցանիշ է, որ իրականում խնդիրները լուծվելու են այն ժամանակ, երբ պետք է լուծվեն՝ ըստ քաղաքական պայմանավորվածությունների զիջումների արդյունքում»:

Մեր փաստմանը՝ վերջին շրջանում փոխվել է Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը, այն գոհունակությունը չկա, նա քննադատում է Ադրբեջանի իշխանություններին, Սիրանույշ Սահակյանն այսպես արձագանքեց. «Դա շատ ավելի լոկալ է: ՀՀ իշխանությունները չունեն հետեւողական վարք, եւ դա ներքին ու արտաքին հարցերում է դրսեւորվում: Մենք չունենք նրանց գաղափարախոսության, քաղաքականության կայունություն. հանդես են գալիս պահի ազդեցությեւան ներքո: Օրինակ՝ տեւական ժամանակ գերիները հերոսներ էին, որից հետո նրանք դարձան դավաճաններ, ներկայումս նրանց կարգավիճակը հստակցված չէ հասարակության ընկալումներում իշխանության կողմից: Եվ Ադրբեջանի փոխհարաբերություններում էլ նման լոկալ դեպքեր արձանագրվել են, երբ դարձյալ ազդեցությունների ներքո դժգոհություն են արտահայտում, բայց մեծ վարքում մենք տեսնում ենք պրոադրբեջանական շահեր սպասարկող վարք: Այնպես որ, այս իշխանությունների մեծ քաղաքական գիծը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ երկխոսությամբ լուծումներ գտնելն է եւ նաեւ նրանց ազդեցությունը կրելն է»:

Հետաքրքրվեցինք՝ գերիների հարցով իրավական գործընթացներն ի՞նչ փուլում են, առաջիկայում գերիների վերադարձ հնարավո՞ր է սպասել, նա պատասխանեց. «Քանի որ միջպետական գանգատի շրջանակներում ՄԱԿ-ի դատարանում ըստ էության հայկական կողմը չկարողացավ բավարարում ստանալ գերիների ազատ արձակման մասով, կարող եմ նշել, որ մինչեւ Եվրոպական դատարանի՝ վերջնական դատական ակտերի կայացումը իրավական հարթության մեջ Ադրբեջանին պարտադրելու լծակները սահմանափակվել են:

Եվ Ադրբեջանը գիտակցում է, որ ՄԱԿ-ի կողմից այս պահանջը չբավարարելու պայմաններում ավելի սանձարձակ կարող է գործել քաղաքական դաշտում, քանի որ մինչեւ դատական ակտերի կայացումը լուծման միակ ճանապարհը մնում է քաղաքականը: Եվ իրավական առումով ՀՀ իշխանությունները պարտություն են կրել միջազգային կարեւորագույն օղակում: Նրանք այլեւս իրավական առումով առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություն չունեն: Եթե երկու տարվա կտրվածքով իրավական հնարավորությունները սպառվել են, նշանակում է՝ խաղադաշտը մնում է քաղաքական տիրույթում, եւ թելադրողը ադրբեջանական կողմն է: Նրանք դա գիտակցելով՝ հարցը ձգձգում են, մանիպուլացնում եւ նաեւ միջնորդ պետություններից ցանկանում են օգուտներ ստանալ սեփական երկրի համար նախքան մարդասիրական խնդրի լուծումը: Դրա համար կարճաժամկետ հեռանկարում գերիների վերադարձ կարելի է ակնկալել բացառապես քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում: Եթե բարձրաստիճան մակարդակում հանդիպումներ լինեն եվրոպական կառույցների միջնորդությամբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի բարձր ղեկավարության միջեւ՝ որպես տոն հնարավոր է որոշակի թվով գերիների ազատ արձակում: Օրինակ՝ ապրիլի 6-ից հետո հնարավոր է, որ այս կառույցների հեղինակությունը բարձրացնելու նպատակով եւ այդ կոնֆլիկտի համար դերակատարություն շռայլելու նպատակով Ադրբեջանը դարձյալ որպես դիվանագիտական քայլ ազատ արձակի ռազմագերիների: Թուրքիայի միջնորդությամբ չեմ բացառում զիջումների ֆոնին լինեն արձակման դեպքեր, բայց դրանք պայմանավորված են լինելու քաղաքական զարգացումներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930